Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեվանի քաղաքապետարանը այս տարի «իր ձեռքն է վերցրել» Վարդավառի տոնահանդեսի կազմակերպումը /անվանելով այն Վարդավառի փառատոն/ և գովազդ է տարածել դրա վերաբերյալ՝ «Վարդավառը նոր ձևաչափով»։
Ենթադրում եմ, որ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը չգիտի, որ Վարդավառի տոնը ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներառված է Հայաստանի «ոչ նյութական մշակութային արժեքների» ցանկում և, որպես այդպիսին, ոչ միայն Հայաստանի հասարակության, այլև ՄԱԿ-ի համապատասխան՝ «Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ու պաշտպանության մասին» կոնվենցիայով պարտավորություններ ունի չմիջամտել մշակութային արժեքի զարգացումներին։ Այլ կերպ ասած, քաղաքապետարանը կամ ցանկացած այլ վարչական մարմին կարող է նշել Վարդավառը, բայց միայն այնպես, ինչպես այն նկարագրվել և գրանցվել է մշակույթի նախարարությունում։ Այլ դեպքերում վարչական մարմինը ոչ միայն չի պաշտպանում մշակութային արժեքը, ինչ պարտավոր է անել, այլև արհեստականորեն ազդում է տոնահանդեսի զարգացումներին, ինչի իրավունքը չունի։
Հարգելի քաղաքապետարան, Վարդավառը մոդայիկ ՓԱՌԱՏՈՆ չէ, այն ավելի քան երկուհազարամյա ժողովրդական և հազարհինգհարյուրամյա եկեղեցական տոն է, որը մինչև մեր օրերը հասել է երկուհարզարմյա վաղեմության և հետագա դարերի շերտերով՝ իմաստային, աշխարհագրական, էթնիկական, պատմական ժառանգությամբ։ Ընթացիկ «մոդեռնացումները» սպանում են մեր նախնիների կողմից երկու հազարամյակ պաշտպանված մշակութային շերտերը։ Վարդավառի ժողովրդական տոնին կային գիշերային «համերգներ», որոնց բովանդակությունն ու կատարման ձևերը ինքնին մշակութային շերտեր են՝ թեման, ժամանակը, ստեղծագործական լիցքը, ասելիքի ձևը, լեզուն՝ բարբառը, սեռը․․ Երևանում քիչ չեն նորամուտ փառատոները և «արտասահմանյան դիջեյներով» «փառատոնները», և եթե դրա համար պետք է են նաև ջրախաղեր՝ կազմակերպեք դա մի առանձին օր, բայց դրա համար հազարամյակներ հաղթահարած ոչ նյութական մշակութային կարևոր արժեքը խեղելը շատ մեղմ ասած հանցանք է և իրավական իմաստով էլ անօրինական է։
Կարդացեք նաև
Հասկանալի է՝ դուք չեք քննարկել խնդիրը մասնագետների հետ, վաղուց արդեն պրակտիկորեն չգիտեք էլ նրանց գոյության մասին, բայց որպես վարչական կառույց դուք չեք կարող չիմանալ, որ «օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից»։ Դուք պատասխանատու եք Հայաստանի «ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության և պաշտպանության համար». հարցրեք ԿԳՄՍ-ին։


















































