Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնյակ հազարավոր մարդիկ աքսորվել են՝ առանց որեւէ իրավական հիմքի ու հանցակազմի, շուրջ 5000-ը՝ գնդակահարվել»․ հարգանքի տուրք՝ բռնադատվածների հիշատակին

Հունիս 14,2026 16:22 Share

Խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակի օրը նշվում է այսօր՝ հունիսի 14-ին։ Բռնադատվածների հիշատակին նվիրված հուշահամալիրում այսօր անցկացվեց «Անունների վերադարձ» ամենամյա հիշատակի միջոցառումը, ներկաները հարգանքի տուրք մատուցեցին հազարավոր մարդկանց, ովքեր ենթարկվել են աքսորի, բանտարկության, բռնի տեղահանության կամ քաղաքական հետապնդումների զոհ են դարձել։ Միջոցառմանը միացել էին նաեւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաժողովի մասնակիցները։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի տեղեկացմամբ՝ 1920-1953 թականներին Հայաստանից մինչեւ 45 հազար մարդ է բռնադատվել ու աքսորվել, մոտ 5000 մարդ գնդակահարության է դատապարտվել։ Խառատյանի խոսքով՝ 1953 թվականից հետո եւս բռնադատված անձինք են եղել։

«Այդ անձինք ծանր պատիժները կրել են անհասկանալի պատճառներով։ Հայաստանի տարածքից տասնյակ հազարավոր մարդիկ ենթարկվել են ազատազրկման, աքսորի, բռնության այլ ձեւերի՝ ընդհանրապես առանց որեւէ իրավական հիմքի, առանց որեւէ հանցակազմի։ Ոչ միայն այդ անձինք են զոհվել, այլեւ նրանց հարազատներն ու ընտանիքները տասնյակ տարիներ շարունակ իրենց վրա կրել են «հայրենիքի դավաճանի», պատասխանատվության, ամոթի խարանը։ Հասարակության մեջ օտարված լինելու պատճառով այդ անձինք կորցրել են իրենց կյանքը կառուցելու հնարավորությունը։ Պարտադիր չէ, որ մարդն անպայման մահացած լինի, որ զոհ համարվի։ Ոչ, այս անձինք զոհ են իրենց ապրած կյանքով։ Եվ զոհ է ընդհանրապես ամբողջ հասարակությունը, որն ամբողջ բեռը կրում է իր վրա՝ մի դեպքում դատապարտող կեցվածքով, մյուս դեպքում՝ մեղավորի, դատապարտվածի կարգավիճակում»,- ասաց Խառատյանը։

Աքսորի են դատապարտվել ոչ միայն տեղի հայերը, այլեւ հայրենադարձները։

Մարալ Դուրգարյանի ընտանիքը 1946 թվականին էր Հայաստան տեղափոխվել Սիրիայից։ 1949 թվականին նրանց ընտանիքն աքսորվել է Ալթայի երկրամաս՝ Սիբիր, պատճառն այն էր, որ հայրը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ էր, եւ «հայրենիքի դավաճան» պիտակով դատապարտեցին։ «Սով էր, մեզ տարել գցել էին անտառի մեջ, ձիերին պահելու սարայում էինք ապրում։ Հետո ընթացքում հայերը սկսեցին գերաններով տներ սարքել, շատ դժվարություններ կրեցինք։ Մեր 10 հոգանոց ընտանիքը ողջ մնաց, բայց կային ընտանիքներ, որ մահացան»,- պատմեց նա։

Աքսորից վերադառնալուց հետո նրանց ընտանիքը դժվարությամբ է ինտեգրվել հասարակությանը ու աշխատանք գտել։ Անգամ բնակարանն են կորցրել, բայց Մարալն ասում է՝ վերջին տարիներն կարողացել են վերականգնել իրենց իրավունքը գոնե հողատարածքի նկատմամբ։

Էրզրումից Եգիպտոս բռնագաղթած, այնուհետեւ 1946 թվականին Եգիպտոսից Հայաստան տեղափոխված Միանյանների ընտանիքը բռնադատվել է 1948 թվականին։ Ընտանիքի 78-ամյա դուստրը՝ Հայաստան Միանյանը ասում է, որ իր ծնվելուց հետո ծնողներին աքսորել են։ «Անընդհատ գալիս էին, մեր տունը խուզարկում էին, կեղծ փաստաթղթեր էին ման գալիս, բայց ոչ մի բան չգտան։ Պապաս Երեւան քաղաքի էլեկտրոինժեներն էր, նախքան այդ եղել էր ամերիկյան բանակի գլխավոր ինժեներ։ Հետագայում պապայիս մատնել են, եկել, որպես դավաճան տարել են եւ հայրիկիս ու մայրիկիս աքսորել Ալթայի երկրամաս։ Ես ու տատիկս էինք մնացել, մենք մինչեւ 1954 թվականը նամակ չէինք ստանում, սեւ թուղթ էր եկել, որ պապաս մահացել է։ 1957 թվականին հայրս Սիբիրից վերադարձավ, բայց արդեն սրտի հիվանդություն ուներ։ Եվ 1958 թվականին ինֆարկտից մահացավ։ Իրենց պատմելով՝ շատ դաժան օրեր են ունեցել Սիբիրում՝ ծեծ, ջարդ, արհամարհանք»,- ասաց Հայաստան Միանյանը։

Հիշողությունը միայն անցյալի մասին չէ. այն արդարության, պատասխանատվության եւ մարդկային արժանապատվության պահպանման կարեւոր պայման է, ընդգծվեց այսօրվա հիշատակի միջոցառման ժամանակ։

Միջոցառման մասնակիցները նաեւ կարեւորեցին հարցը, թե ինչ ծրագրեր պետք է իրականացվեն՝ հանրայնացնելու քաղաքական բռնությունները եւ դրանց զոհերի հիշատակը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930