Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ԱԳՆ-ն պարզապես փախչում է դրա պատասխանատվությունից». Հրանուշ Խառատյան

Սեպտեմբեր 14,2026 23:50 Share

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Անհավատալի է։ Հայաստանի ԱԳՆ լրահոսի «Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը «Մատենադարան» և զրույցը ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հետ» տեղեկության համաձայն այսօր, սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը․․․ Ոչ մի ակնարկ Հայաստանի բնակչությանը և աշխարհի հայերին փոթորկած երեկվա ալիևյան արցախյան և գանձասարյան արկածախնդրության մասին․․․ Հազիվ թե Ալիևը Հաջիևին աշխատանքից հեռացնի «ինքնուրույն արտաքին քաղաքական հռետորական տեքստի համար»։

Հիշում եմ՝ 1988 թ․ փետրվարին ԽՍՀՄ ԿԿ անդամ Լիգաչևովին ուղարկել էին Հայաստանի բնակչությանը «հանգստացնելու»։ Վերջինս հրապարակային ելույթ ունեցավ, պատմեց Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր մասնավոր ակնածանքի և հարգանքի մասին, հայտնեց, որ իր մտերիմների շրջանում շատ մտավորական հայեր կան, թվարկեց նրանց անունները՝ սկսելով․․․ Մեսրոպ Մաշտոցից։ Մարդը «ականավոր հայեր» ինչ-որ հանրագիտարան էր բացել և թխել մի քանի անուններ, այդ թվում՝ «իր անձնական ընկեր» Մեսրոպ Մաշտոցի անունը։ Դե հո չէր ընկնելու իրեն ոչինչ չասող հինգերորդ դար, ֆլան, ֆստան»։ Հայաստանը նրա համար ընդամենը Ռուսաստանի շնորհիվ քաղաքակրթված տարածք էր, որտեղ աճել էր սովետական մտավորականություն, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցը։

Հնարավո՞ր է, որ մեր ԱԳՆ-ում էլ այն կարծիքին են, որ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի ալբանականացման կես դարից ավելի տարվող քաղաքականությունը մի թերխաշ ձվի արժեք չունի, իսկ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ինքնուրույն գլուխ է հանում հարավային Կովկասի միջնադարի պատմությունից և ինքն էլ ունի հայ մտավորական ընկեր «Մեսրոպ Մաշտոց»։

Գրոնոն, թերևս, կարծում է, որ Ադրբեջանը հնագույն Ալբանիայի շարունակողն է, իսկ Ալբանիան հնագույն ձեռագրական ավանդույթներ ունեցած, գուցե նաև հնագույն եկեղեցական ճարտարապետության երկիր է եղել։ Գրոնոյին բավական է իմանալ, որ Ադրբեջանն ունի Ազգային Ակադեմիա, մի շարք հումանիտար ինստիտուտներ, և, ուրեմն, կարող է ունենալ և/կամ ունի միջնադարյան մատենագրական ժառանգություն․․․ Հազիվ թե նա տեղյակ է, որ այնտեղ կատարվում են այլալեզու միջնադարյան աղբյուրների թարգմանություններ և, իհարկե, հրատարակում դրանք՝ Հայաստան անունը փոխելով Ալբանիա անունով կամ ուղղակի ջնջելով այդ անունը։ Կարելի չկասկածել, որ Հայաստանի մատենադարանում «Ծանոթանալով «հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին», նա դրանք մտովի միանգամից տարածել է նաև Ադրբեջանի վրա։

«Արմենպրեսի» թղթակցին նույնիսկ ասել է՝ «Ես, անշուշտ, չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը։ Անցյալ շաբաթ Քելբաջարի (այցելել է Դադիվանք-խմբ.) և Աղդարայի (այցելել է Գանձասար-խմբ.) շրջաններ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում»։

Տիկինը չի վիճարկում Ղարաբաղում «անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը», բայց նրա համար դա միայն լրացուցիչ ներկայություն ու հետք է, իսկ ներկայումս ամեն օր ոչնչացվող հուշարձաններն ու դրանց մշակութային ինքնության փոփոխությունը՝ ընդամենը խաղաղության քաղաքական գործընթացի երկխոսությունը բարդացնող մի հնարավոր ասպեկտ։ Իր զբաղեցրած պաշտոնում դա միանգամայն նորմալ է, նա չի կարող խոր գիտելիքներ ունենալ կոնֆլիկտային տարածքների վերաբերյալ։

Վերջ ի վերջո նրա համար ինչ տարբերություն՝ կա՞ արդյոք «Ղարաբաղում հայկական և ալբանական հետքերի մրցակցություն» կամ այդ հետքերի/հետքերից մեկի բացակայություն։ Այդ խնդիրը մեր ԱԳՆ-ի համար է կարևոր, և լռությամբ «արհամարհելով» խնդրի իրական գոյությունը՝ մեր ԱԳՆ-ն պարզապես փախչում է դրա պատասխանատվությունից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930