
Երգչուհի Ալլա Լևոնյանը, ինչպես ասում է, շատ է սիրում հայկական՝ մանավանդ եկեղեցական տոները. «Ես ինչ-որ խորհրդավոր բան եմ տեսնում այս տոնի մեջ և շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին շեշտը դրվեց Սուրբ Սարգսի տոնի վրա, որովհետև հիմնականում Սուրբ Վալենտին էինք նշում»: Սակայն այսօր այն որևէ կերպ չի նշելու:
Աղի բլիթ ժամանակին կերել է, հիշում է, թե ինչպես էին տարիներ առաջ ընկերուհիներով պատրաստվում այս օրվան. «Յոթերորդ դասարանից սկսած, ընկերուհիներով պարտադիր մեծ սպասումներով պատրաստվում էինք: Էնպես չի, որ իմ ամուսնուն եմ տեսել, բայց ինչ-որ բաներ տեսել եմ»:
Ալլա Լևոնյանը ուզում է, որ բոլորը սիրեն, սիրված լինեն: «Ես ուզում եմ, որ դու, բոլոր աղջիկներն ու տղաները սիրահարվեն, որովհետև դրանից վեհ զգացում չկա, նույնիսկ չեմ կարող բացատրել: Որ ասում են յոթերորդ երկնքում ես, ուզում եմ՝ բոլորը էդ զգացումն ունենան: Բոլորին սեր եմ մաղթում. Սեր, ժպիտ»:
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն էլ այս օրն առանձնահատուկ չի անցկացնելու: Աղի բլիթ կերել է պատանեկան տարիքում, ասում է՝ եթե շաաաաատ շաաաատ հավատաս, կտեսնես, եթե այդքան էլ չէ՝ դժվար թե: «Ես ոչ մեկին չեմ տեսել, ինքան հիշում եմ»: Բոլորին էլ մաղթում է. «Անկախ աղի բլիթից՝ փորձեն ամեն օր երազում տեսնեն իրենց ընտրյալին»:
Երգչուհի Աննա Խաչատրյանը մեր զանգի պահին շտապում էր համերգի՝ նվիրված սիրահարների օրվան: Ասում է՝ տոները իրենք՝ երգիչները, հիմնականում անկացնում են աշխատելով: Աղի բլիթ կերել է մեկ անգամ, 3, 4 տարի առաջ, ինչպես ասում է՝ երազը և ծիծաղելի էր, և մի փոքր վախենալու. «Երազիս քավորիս եմ տեսել, ոչ մի կերպ չկարողացավ համոզել, որ ես իրա ձեռքից ջուրը վերցնեմ, խմեմ»:
Դերասան Երվանդ Ենգիբարյանը Սուրբ Սարգսի տոնը նշելու է վաղը. այսօր շատ զբաղված է, թատրոնում փորձեր ունի. «Վաղը կգնանք քաղաքից դուրս»:
Աղի բլիթ էլ կերել է փոքր տարիքում, երբ քույրիկն էր ուտում, համը մինչև այսօր էլ հիշում է. «Շատ ահավոր մի հատ բան էր: Ինքը՝ աղի, զզվելի »: Երազում էլ մեկին չի տեսել. «Շատ մարդկանց եմ տեսել, դրա համար էլ հավատս չեկավ»,- ծիծաղելով ասում է դերասանը: Երիտասարդներին էլ մաղթում է. «Հավատարմություն, անկեղծություն, հավատ միմյանց նկատմաբ և իհարկե, որ այդ ամենը հիմնված լինի մաքուր սիրո վրա»:
Լիլիթ Սարգսյան


















































