Լրահոս
Օրվա լրահոսը

200 միլիարդանոց շահույթից կոպեկնե՞ր են հարկելու

Փետրվար 08,2012 13:26

Տնտեսագետի համոզմամբ՝ հանքերի հարկման օրենքում կատարված փոփոխությունն իզուր է, քանի որ պետությունը դրանից առանձնապես չի շահելու:

Դեռ անցյալ տարի մի խումբ բնապահպաններ եւ որոշ տնտեսագետներ դժգոհում էին, որ մեր երկրում հանքերը «թալանվում» են, քանի որ հանքերից ստացած գումարների մեծ մասը գնում է մասնավորի գրպանը: Թեեւ այս տարվանից սկսած, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո, հանքարդյունաբերող ընկերությունները հարկվելու են նոր մեխանիզմով՝ ռոյալթիով: Այսինքն՝ հանքօգտագործողները ստացված շահույթից լրացուցիչ վճար են կատարելու պետությանը: Սակայն մասնագետների համոզմամբ՝ դա ընդամենը «աչքին թոզ փչել» է:

«Առավոտը» փորձեց պարզել, թե այդ փոփոխությունից հետո որքա՞ն գումար կմտնի պետբյուջե եւ արդյոք այդ գումարները կուղղվե՞ն հանքի շահագործումից շրջակա միջավայրին հասցված վնասները վերացնելուն:

«Առավոտի» հետ զրույցում ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ՝ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պիտի միասնական ռոյալթի վճարեն՝ անկախ նրանից, թե որքան է շահութաբերությունը. «Բոլորը պիտի վճարեն որպես ռոյալթի՝ հասույթի 4%ը եւ շահույթի 12%-ը: Քիչ է շահույթը՝ քիչ կվճարեն, շատ կլինի՝ շատ կվճարեն: Այդ 4%-ը, ըստ էության, հավասար է այն պլանկային, որը նախկինում վճարում էին որպես բնօգտագործման վճար»:

Իսկ նախկինում մետաղական օգտակար հանածոներ արդյունահանողները ռոյալթի էին վճարում միայն այն դեպքում, եթե ընկերությունը 25% շահութաբերություն էր ունենում: Ըստ Վ. Միրումյանի, այսուհետեւ հարկելուց հաշվի են առնելու նաեւ միջազգային գները. «Այն ժամանակ մետաղների գներն աճում էին միջազգային շուկայում, բայց մեր հարկման գները դրանց համահունչ չէին: Հիմա, գինը բարձր կլինի՝ ռոյալթին էլ ավելի շատ կվճարեն»:

Ինչ վերաբերում է այդ լրացուցիչ հարկվող գումարներից բնությանը հասցված վնասները հաղթահարելուն, ապա պարոն Միրումյանն ասաց, որ գումարը գնում է պետբյուջե, եւ ընդհանուր ուղղություններով ծախսվում է:

«Ինչպես ասում են՝ անունը կա, ամանում չկա»,- օրենքի փոփոխությունն այսպես բնորոշեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նա այն տնտեսագետներից մեկն էր, որը կոչ էր անում փոխել հանքարդյունաբերության հարկման մեթոդը: Պարոն Բագրատյանի համոզմամբ՝ հանքարդյունաբերող ձեռնարկությունները պետք է հանքանյութը գնեն իբրեւ հումք պետությունից կամ համապատասխան համայնքից՝ վճարելով արդյունահանվող յուրաքանչյուր տոննայի դիմաց այնպես, ինչպես, օրինակ, շինարարություն անող կազմակերպությունը ցեմենտ, բետոն, մետաղ կամ այլ հումք է գնում. «Քանի որ Սահմանադրության 105 հոդվածով ընդերքը հանրության կամ համայնքի սեփականությունն է։ Մենք ՀԱԿ «100 քայլ» ծրագրում առաջարկել էինք, որպեսզի բնապահպանական ու բնօգտագործման վճարումների համակարգը վերացվեր եւ մտցվեր ռոյալթի։

Մեր առաջարկն արժանացել էր միջազգային ֆինանսական կառույցների ուշադրությանը։ Նրանք պնդում էին, որպեսզի այն շուտ կիրարկվի։ Երեք տարի ձգձգելուց հետո, վերջապես 2011-ին վերջին օրենքում ընդունեցին փոփոխությունները։ Նախ, չգիտես ինչո՞ւ, սույն ռոյալթիները տարածվում են միայն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։ Քարհանքներին, օրինակ, դրանք չեն վերաբերում»։

Ինչո՞ւ քարհանքները չեն ներառել հարկման այդ մեթոդում մեր հարցին՝ պարոն Բագրատյանն ասաց. «Չգիտեմ, երեւի նրա համար, որ ԱԺ-ն լեփ- լեցուն է քարհանքներ ունեցող կոալիցիոն ու ոչ կոալիցիոն պատգամավորներով։ Բացի այդ, օրենքը սահմանված է այսպես. ոչ թե հանքաքարի գինն է սահմանված ելնելով միջազգային գնից, այլ վերցված է հանքը շահագործող ընկերության շահութաբերությունը, բաժանած է 8-ի եւ ստացված տոկոսը դրված է մուծումների հիմքում։ Այլ խոսքերով ասած, սա ռոյալթի չէ, սա ինչ-որ հայկական աշխարհին բնորոշ «գործիք» է։ Իրականում հիմքում ոչ մի հաշվարկ էլ չկա։ Հետո ինչո՞ւ պիտի վճարվող հարկի չափը կապված լինի հանքարդյունաբերողի շահութաբերության հետ։ Պատկերացրեք՝ կարտոֆիլ եք գնում։ Հարցնում եք՝ ի՞նչ արժե։ Ձեզ ասում են՝ եթե լավ եք աշխատում 500 դրամ, իսկ եթե վատ եք աշխատում՝ 250 դրամ։ Ի՞նչ կապ ունի ձեր լավ կամ վատ աշխատելը ուրիշի ապրանքի հետ։ Եվ հետո, պարզ չի՞, որ նման օրենքից հետո բոլորը կտրուկ կիջեցնեն շահութաբերությունը։ Ինձ մի բան է հուզում, այս երկրի նախագահը գիտի՞, թե ինչ հիմարություններով է զբաղված կառավարությունը։ Այս երկրի ԱԺ-ում եղե՞լ է գոնե մեկը, որ հասկացել է՝ ինչի համար է քվեարկում»։

Մեր այն դիտարկմանը, թե ֆինանսների նախարարության հաշվարկներով, հարկման նոր մեթոդով մոտ 2.7 միլիարդ դրամ հարկ կհավաքեն հանքարդյունաբերողներից, տնտեսագետը զարմացած արձագանքեց. «Շուրջ 200 մլրդ դրամի շրջանառություն ունեցող ոլորտից, 2.7 մլրդ դրամ կամ 1-1.5 տոկո՞ս, որն, իհարկե, նույնիսկ կարող է ավելի քիչ լինել, քան մինչ սույն նորամուծության կիրարկումը: Համեմատության համար ասեմ, Լիբիայում պետական բյուջե էր մտնում նավթի վաճառքից ստացված հասույթի 92%-ը, Ինդոնեզիայում՝ 84, Ռուսաստանում՝ 78, Նորվեգիայում՝ 74, ԱՄՆ-ում՝ 60, Վենեսուելայում՝ 58, Կանադայում՝ 55%-ը: Հիմա Լիբիայում հայտնի է՝ Կադաֆիին ինչ արեցին։ Իսկ Հայաստանի մասով հետեւությունները թողնում եմ ընթերցողին»։ Մեզ հետ զրուցած մի քանի խոշոր ընկերություններ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը», «Գեոպրոմայնինգը», «Գլոբալ գոլդը», վստահեցրին, որ ոչ մի դժգոհություն չունեն ռոյալթիի չափից եւ հարկման նոր տեսակից: Այս առնչությամբ պարոն Բագրատյանն ասաց. «Այդ էր պակաս՝ դժգոհեին։ Ռոյալթին ձեւականորեն մտավ, իսկ հարկ, միեւնույն է՝ չեն տալու»։

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829