Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ ոչ ոք չի խանգարում մեկ անգամ եւս տեր լինել ինքներս մեզ ու տերեր չփնտրել. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 17,2023 11:36

Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող միջազգային զարգացումները հասկանալու համար պետք է դուրս գալ զուտ տարածաշրջանային խնդիրների հարթակից եւ հետեւել նույն միջազգային էներգետիկ դիվանագիտական շարժերին։

Ուկրաինական հակամարտության հետեւանքով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամ է։ Այս վիճակից ճիշտ պահին օգուտ քաղեց թյուրքական կողմը եւ հարմարավետ տեղավորվեց Արեւմուտք-Ռուսաստան հակասությունների «բազմոցում»։

Ուկրաինական ճգնաժամն ինչքան խորանա, այնքան թյուրքական կողմի հանդեպ եվրոպական սեթեւեթանքը կգունագեղվի։ Եվ ոչ միայն եվրոպական, ամերիկյանը՝ նույնպես։ ԱՄՆ-ն հնարավորինս երկար է ուզում Եվրոպային ընդդեմ Ռուսաստանի պահել։ Դրա համար պետք է Եվրոպային էներգետիկ ճգնաժամին դիմանալու «ցուցիչ» տա, իսկ դա ադրբեջանական գազն է։ Ոչինչ, որ Բաքուն անհրաժեշտ ծավալով դա չի կարող անել, ոչինչ, որ խաղեր տալով Մոսկվայի ու Բրյուսելի հետ, կարող է Եվրոպային նաեւ ռուսական գազ վաճառել, ոչինչ, որ Եվրոպայում հանրությունն ու ընկերությունները բողոքում են իրավիճակից, Վաշինգտոնի համար կարեւորը ուկրաինական ճգնաժամը թեժ պահելն է։ Եվ ոչ միայն Վաշինգտոնի, այլեւ՝ եվրոպական իր «կցորդի»՝ Մեծ Բրիտանիայի համար։

Բաքուն լավ է հասկանում, որ այս ամենի մեջ իր կարիքը կա, դրա համար էլ հանգիստ անում է իր քայլերը՝ ե՛ւ ՀՀ սահմաններից ներս ներխուժելով, ե՛ւ Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը փակելով։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կգովերգեն Ադրբեջանին, որովհետեւ վերջինս եվրոպական էներգետիկան դիվերսիֆիկացնելու գործում դեր ունի (չափը կարեւոր չէ քաղաքական բաղադրիչում), Ադրբեջանն էլ կոգեւորվի ու բրիտանական ընկերություններին կդարձնի մեր Արցախի հանքերի շահառու։

Ինչ պետք է անեն այս իրավիճակում Հայաստանն ու Արցախը, երբ թյուրքական կողմը նպաստավոր իրավիճակից առավելագույնս օգտվում է, ԱՄՆ-ը սատարում է դրան, Եվրոպան «ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե» (Ռուբեն Սեւակ), Ռուսաստանն էլ զբաղված է իր ուկրաինական ճակատով: Հայաստանն ու Արցախը պետք է անեն այն, ինչ արեցին 90-ականներին, երբ դարձյալ ոչ միայն միջազգային առումով մեր վիճակը բարենապաստ չէր, այլեւ ԽՍՀՄ-ն էլ կազմաքանդվելով՝ նաեւ Հայաստանի գլխին էր փլվում։ Այն ժամանակ հավատացինք մեր ուժերին ու տեր կանգնեցինք մեր կամքին ու ճակատագրին։ Արդյունքը ստացանք՝ ինքնիշխան ապրող Հայաստան եւ Արցախ։ Եվ այս արդյունքին թշնամին չէր էլ համարձակվում մոտենալ։ Մեզ ոչ ոք չի խանգարում մեկ անգամ եւս տեր լինել ինքներս մեզ ու տերեր չփնտրել։ Հակառակ պարագան հղի է բոլոր վատթարագույն հետեւանքներով՝ եւս մեկ ցեղասպանությամբ ու եւս մեկ անգամ հայրենազրկմամբ։ Չե՞նք ուզում, ուրեմն մի կողմ դնենք միջազգային սպասումները, ինչը բնավ չի ենթադրում, որ դիվանագիտական աշխատանք չպետք է տարվի տարբեր երկրների հետ, եւ չտրվենք հոսանքին՝ սպասելով, թե երբ միջազգային ծավալումները մեզ համար բարենպաստ կլինեն։ Դրանք բարենպաստ կդառնան միայն այն ժամանակ, երբ իրապես կաշխատենք քաղաքական ու տնտեսական ոլորտներում։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031