
Ըստ հոգեբան Դավիթ Հայրապետյանի աղմուկի ազդեցությամբ առաջանում է ադրենալինի որոշակի քանակություն, իսկ այն սպառելու առիթ իրականում չկա: Այս է պատճառը, որ աղմկոտ քաղաքներում մարդիկ անհանգիստ են ու դյուրագրգիռ: «Եթե հոգեբանական երևույթները` դյուրագռգռությունը, աշխատունակության նվազումը կարճ ժամանակահատվածում վերականգնվում են, ապա իմունային համակարգի թուլացումը, արյան բաղադրության որոշակի փոփոխությունը վերականգնելու համար երկար ժամանակ է հարկավոր»:
Մարդու ականջի համար վնասակար ազդեցություն է ունենում 75 դեցիբելից ավելի աղմուկը, ընդ որում` բարձր ձայնից առաջացած լսողական խանգարումները անբուժելի են: Երևանի Բաղրամյան, Մաշտոցի պողոտա, Հերացու անվան փողոցներում ցերեկային ժամերին աղմուկը 95 դեցիբել է, իսկ ամենօրյա ձայների մեկ դեցիբելի ավելացումը բերում է աշխատունակության 2-3 տոկոս նվազման: Երևանի ամենաաղմկոտ վայրերը Հրազդանի կիրճն ու օղակաձև այգուն հարող սրճարաններն են:
Վերջերս Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ակուստիկա» Հանրապետական գիտական կենտրոնի ուսումնասիրությունները պարզել են, որ Երևանում տիրող աղմուկն ու դրա տարեկան աճի մեծությունն աշխարհի խոշոր քաղաքների համեմատությամբ նույնիսկ բարձր է:
Խնդրի պատասխանատուն քաղաքապետարանը, մայրաքաղաքի վարչական շրջաններն ու Պետական Հիգիենիկ Հակահամաճարակային տեսչությունն են: Վերոհիշյալ մարմինները խնդիրը կարգավորում են ՀՀ լռության մասին օրենքով, համաձայն որի, խախտումները պատժվում են 30-40 հազար դրամ տուգանքով: Տուգանքը սահմանվում է հազվադեպ, ավելի հաճախ կազմակերպությունը պարզապես զգուշացվում է:
Հարցը հենց նրանում է, որ այդ վայրերում գործող սրճարանների ու ռեստորանների համար 30-40 հազար դրամը չնչին գումար է , այն աղմուկի համեմատ, որով նրանք դեպի իրենց են «ձգում» հաճախորդներին:
Հարությունյան Արմինե


















































