
Նյարդաբան Լարիսա Ստեփանովնայի համոզմամբ` երկար ուսումնասիրություններ են պետք բջջայինի պատճառած վնասների մասին խոսելու համար. «Այդ մասին ես գիտեմ այնքանով, որքանով սովորաբար գրում են կամ խոսում», – ասում է նա: «Բջջայինը բնականաբար ազդում է ներվային սիստեմի վրա, այն կարող է նաև որոշ ուռուցքների պատճառ դառնալ: Դրա դեմ հատկապես պայքար էր գնում Սկանդինավյան երկրներում, քանի որ այնտեղ սա ավելի մեծ ու զգալի խնդիր էր դարձել, այնտեղ բժիշկները նույնիսկ դեմ գնալով բիզնեսին բարձրացնում էին իրենց ձայնը խնդրի լուծման համար»: Բջջայինի պատճառած վնասները բազմաթիվ են, դրանք կարող են հանգեցնել հիվանդությունների: Նյարդաբանի խոսքով` այն մարդիկ, ովքեր շատ են շփվում էլեկտրոնային սարքերի հետ` այդ թվում նաև բջջային հեռախոսի, նրանց մոտ դիտվում են ներվային սիստեմի խանգարումներ` սկսած նեվրոզանման սինդրոմներից, անոթային կարգավորման խանգարումներից, մինչև արյան ճնշման տատանումներ, իսկ այս ամենը ժամանակին չկանխարգելելու դեպքում կհանգեցնի ավելի խորացված հիվանդությունների, օրինակ` վեգետատիվ անոթային դիստոնիան կարող է դառնալ խրոնիկ հիվանդություն:
Բժիշկները հավաստում են, որ բջջայինը արգելվում է պահել սրտին շատ մոտ օրինակ` ծոցագրպանում, քանի որ արձակած ճառագայթները արագացնում են սրտի աշխատանքը: Իսկ ամենամեծ վնասը կրում է ականջը. բջջայինով շատ խոսելը վատ լսողության պատճառ է դառնում: Բջջային հեռախոսը հատկապես վտանգավոր է համակարգչի, ծխախոտի, սուրճի և ալկոհոլի «ուղեկցությամբ»:
Տիգրանուհի Թասլակյան


















































