
Ամենատարածված բարդույթը դա թերարժեքության բարդույթն է: Ինչպես ասում է հոգեբանը, բարդույթները ձևավորվում են հիմնականում ավելի փոքր տարիքում: Ընտանիքի բացասական կարծիքը, սոցիալական մշակույթում ձևավորված նորմերը, սոցիալական փոքր միջավայրի վատ վերաբերմունքը անձի հանդեպ դառնում է բարդույթների պատճառ: Տաթևիկը խոստովանում է, որ շատ բարդույթավորված է և մարդաշատ վայրերում փորձում է հնարավորինս քիչ հայտնվել. «Ինձ միշտ թվում է, որ գեր եմ, զգեստը ինձ չի սազում: Փորձում եմ ձերբազատվել այդ կոմպլեքսից, բայց չի ստացվում»: Իսկ Միլենան էլ հավատացնում է, որ ինքը ոչ մի բարդույթ չունի. «Չեմ հասկանում, որ մարդիկ կարող են բարդույթավորվել, որովհետև, ասենք, իրենց քիթը մեծ ա կամ դեմքը պզուկոտ ա: Թող էդ մարդիկ իրանց շուրջը նայեն ու տեսնեն, որ իրանցից մեծ քթով մարդիկ էլ կան»,- խորհուրդ է տալիս Միլենան, իսկ հոգեբան Անուշ Նիկոլյանը մասնագիտական իր խորհուրդն է տալիս. «Երբ որ մարդ կարողանա դառնալ ավելի ինքնավստահ, ինքնաբավ, ոտքերի վրա ամուր կանգնած, բարդույթները քիչ-քիչ կսկսեն նահանջել: Բարդույթներից ազատվելու լավագույն միջոցը ուշադրություն դարձնելն է ավելի կարևոր արժեքային համակարգեր ձևավորելուն, քան հիմնվել ոչ ճիշտ արժեքների վրա: Մտածենք, որ ներքին գեղեցկությունն ավելի կարևոր է, քան արտաքին տեսքն ու ընդունված նորմերը»:
Լիլիթ Սարգսյան


















































