
Գուշակությունը նշանների, երազի կամ ծեսի միջոցով որևէ անհայտ իրողության բացահայտումն ու ապագայի կանխատեսումն է: Գուշակությունը երկու հիմնական տեսակ ունի` մասնագիտացված (օրինակ` հատիկ դնել, մաղ պտտեցնել, մոմ թափել, եղունգ նայել և այլն) և կենցաղային (սուրճի բաժակ նայել, տոնական գուշակություներ անել, ծեսով նախագուշակ երազ առաջացնել և այլն) գուշակություններ (ըստ բառարանային բացատրության):
Գուշակությունների դրական կամ բացասական ազդեցությունների մասին հոգեբան Ալինա Հակոբյանն ասում է. «Չպետք է դիմել գուշակի, ով ծխախոտը բերանին, անպայման վառ ներկված աչքերով, քո փոխարեն որոշելու է, թուղթ ու գիր, կալ ու կապ է անելու, որ իբր թե քո սիրած տղան քոնը լինի»: Հոգեբանը, իր աշխատանքային փորձից ելնելով, նշում է, որ գուշակություններին հավատում և գուշակների մոտ գնում են միայն ինքնուրույնություն չունեցող անձինք. «Այն անձը, ով ինքնավստահ է ու գիտի, որ կյանքում ամեն ինչ կախված է իրենից, իր վարքագծից, գործողություններից, հազիվ թե «փորձի» գուշակությունների միջոցով հասնել այս կամ այն նպատակի», – ասում է հոգեբանն ու հավելում, որ գուշակների մոտ գնացողն այն մարդն է, ով իր կյանքում միշտ կարիք է ունեցել որևէ մեկի օգնության ու միջնորդության:
Ըստ Գևորգ սարկավագ Առաքելյանի` մոգությամբ, աստղագուշակությամբ, ձեռնագուշակությամբ կամ որևէ այլ գուշակությամբ զբաղվելը մարդուն ներքաշում է սատանայական էներգիաների ոլորտը, որը դուրս է աստվածային լույսի սահմաններից, և այդտեղից միայն հրաշքը կարող է փրկել մարդուն. «Այդպիսին է նաև, այսպես կոչված, ժողովրդական որոշ բժիշների գործելակերպը, որոնք տարբեր միջոցներով, ինչ-որ աղոթքներով բուժում են մարդկանց և բժշկության վերջին փուլի համար մարդուն ուղարկում եկեղեցի` մկրտվելու, որովհետև նրանց պնդումով` առանց դրա չի կարելի շարունակել բժշկությունը», – ասում է ու ցավով նշում, որ այդպիսի դեպքեր նաև մեզանում են լինում: Եվ եկեղեցականը բերում է մի օրինակ. վերջերս մկրտության եկած մի ընտանիքի անդամներ անկեղծորեն խոստովանել են, որ իրենց մկրտության է ուղարկել, այսպես կոչված, բժիշկը` բուժման հաջորդ փուլին անցնելու համար: «Սա հասկանալի է, որովհետև սատանային շատ ավելի ցանկալի ու հեշտ է գայթակղել չմկրտված մարդուն, քան թե` մկրտվածին», – ավելացնում է սարկավագն ու խորհուրդ տալիս հեռու մնալ նման մարդկանցից:
Ալվարդ Սիմոնյան


















































