Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ից պատշաճ պատասխան է ակնկալում, իսկ Նիկոյանի կոչերը հետաքրքիր չեն

Փետրվար 21,2012 21:49

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ՀՀ խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից հրավիրված խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է  նաեւ ՀՀ ՀՔԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին վերահասցեագրված գրությունը, որով «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ ԳԽ պատգամավոր Ռուբեն Թորոսյանը ՀՔԾ-ից պահանջել էր իրավական գնահատական տալ փետրվարի 9-ին տեղի ունեցած ԱԺ նիստում մի շարք պատգամավորների կողմից այլոց փոխարեն քվեարկելու փաստին:

Խորհրդակցության ընթացքում այս հարցի առնչությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում օրենսդիրները օրինախախտում չեն հայտնաբերել, փոխարենը կարեւորվել է «նման դեպքերի բացառումը», նշվել է, որ բացասական երեւույթները կանխելն ու պատգամավորի վարքագծի կանոններին առնչվող հարցերը ՀՀ ԱԺ-ում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի գործառույթներում ներառված են, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ որոշել է դիմել խորհրդարանական  խմբակցություններին` կոչ անելով «աշխատանք տանել հետայսու համանման երեւույթները բացառելու համար»:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խորհրդակցության արդյունքներին` Ռուբեն Թորոսյանն ասաց, որ իրեն շատ քիչ են հետաքրքրում թե՛ այդ խորհրդակցությունը, թե՛ Նիկոյանի կոչերը. «Ինձ հետաքրքրում է, որ իմ հաղորդումներին պատասխան տրվի օրենքով սահմանված կարգով, իսկ դա նշանակում է, որ ՀՔԾ-ն պետք է որոշում ընդունի իմ հաղորդման կապակցությամբ, ինչը չի արել»: Նրա մատուցմամբ, ՀՔԾ-ն իր հաղորդումը ԱԺ նախագահին ուղարկել է մի գրությամբ, որով ուղղակիորեն հանձնարարել է Նիկոյանին քննարկել հաղորդումը, որը օրենքի ոչ մի տառին չի համապատասխանում: «Նիկոյանն էլ շատ հանգիստ վերցրել ու այդ հանձնարարականը կատարել է, բայց թե ո՞ր օրենքի հիման վրա՝ տեղյակ չեմ, որովհետեւ ՀՔԾ-ն ԱԺ խոսնակին որեւէ բան հանձնարարելու իրավունք չունի»,- հայտարարեց Ռուբեն Թորոսյանը:

Վերջինիս համոզմամբ, ԱԺ նիստի ժամանակ տեղի ունեցածը քրեական հանցագործություն է, որը համապատասխանում է ՔՕ 309 հոդվածի հատկանիշներին՝ «1. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին», որն, ի դեպ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

«Այսինքն, կատարվածը քրեական հանցանք է, որը ՀՔԾ-ն պարտավոր էր քննարկել եւ իրավական գնահատական տալ»,- պնդեց Ռուբեն Թորոսյանը՝ հավելելով, որ ինքը ՀՔԾ-ից սպասում է պատշաճ պատասխանի, իսկ դա, ըստ Քր.դատ.օր.-ի 181 հոդվածի, նշանակում է, որ ՀՔԾ-ն պետք է որոշում կկայացնի քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու կամ ըստ ենթակայության ուղարկելու մասին: «ՀՔԾ-ն, կարծես թե արել է այս վերջինը,  բայց որոշում չի կայացրել, այլ հասարակ նամակ է ուղարկել Նիկոյանին: ՀՔԾ պետն ինձ ուղարկել է այն գրության պատճենը, որը ուղարկել էր Նիկոյանին,  ես էլ այդ գրությունն իրեն եմ վերադարձրել՝ հիմնավորելով եւ պահաջելով Սահմանադրությանը համապատասխանող պատշաճ պատասխան: Ես սպասում եմ ՀՔԾ-ի այդ պատշաճ պատասխանին»,- եզրափակեց ՀՀ ԳԽ պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել