«Երբ Անդրանիկ Մարգարյանը կար կամ նոր էր մահացել, մեզ թվում էր, որ բավականին մոտ ենք իր երազած հայրենիքին։ Հիմա հեռանում ենք ամեն օր, ցավալիորեն ենք հեռանում»,- Երևանի պանթեոնում ՀՀԿ ակտիվի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ նրա ծննդյան 75-րդ տարելիցի առթիվ այցելության ժամանակ լրագրողների հարցին՝ ե՞րբ կունենանք Անդրանիկ Մարգարյանի երազած հայրենիքը, այսպես պատասխանեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։
Ըստ նրա՝ եթե Անդրանիկ Մարգարյանն ու իր ընկերները պայքարում էին այս ուղղությամբ, տևական ժամանակ է՝ ամբողջ գործերը գնում են հակառակ ուղղությամբ։ Ըստ նրա՝ դա բերելու է մեր անկախության ու պետականության կորստին՝ ցավոք, թշնամու գրկում։
Հարցին՝ ի՞նչ կհիշեք Անդրանիկ Մարգարյանի պատգամներից, խորհուրդներից, որ այս օրերին արդիական է, Սամվել Նիկոյանը պատասխանեց․ «Հայ ազգի մեջ չուներ թշնամիներ և աշխատում էր այնպես անել, որ քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող մարդկանց մոտ հաշտեցնող գործոն լիներ։ Ստացվում էր։ Այն ժամանակ բոլորը ազգային մարդիկ էին, ուզում էին ազգային պետություն, ուղղակի մոտեցումներն էին տարբեր։ Այդ առումով կար հակասություն, բայց ոչ թշնամանք։ Նա ուզում էր հարթեցնել։ Ինքը մերանի դեր էր կատարում ընդդիմության և իշխանության միջև։ Ինքը լավ բարեկամներ, ընկերներ ուներ ընդդիմության դաշտում, որոնց հետ շփվում էր՝ լինելով ՀՀ վարչապետ։ Հիմա դա վերացել է։ ՀՀ քաղաքական դաշտում այլևս ընդդիմություն- իշխանություն թշնամիներ են։ Իշխանությունը չի զիջում, չի ուզում որևէ մեկի հետ հանդուրժողական վարքագիծ դրսևորել։ Անգամ խորհրդարանում միասին բոլոր առիթներին այցելում էինք, միասին հաց էինք ուտում, հիմա՝ միայն թշնամանք, որովհետև ՔՊ-ի ծնունդն ու գենն է այդպես`հայ ազգին իրենց թշնամի տեսնել»։
Կարդացեք նաև
Երևանի պանթեոնից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































