Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում 9-րդ գումարման առաջին ծեծկռտուքը տեղի ունեցավ:
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցինք` հետեւե՞լ է ԱԺ-ում կատարվողին, ի՞նչ նախադեպ է սա, ինչո՞ւ են իշխանականները հարձակվում ընդդիմադիրների վրա հենց այն օրերին, երբ Հայաստանի անվտանգությունն այսքան խոցելի է դարձել: Սամվել Նիկոյանը նկատեց. «Ադրբեջանցի զինվորի ներթափանցումը խառնել է իշխանության բոլոր քարոզչական խաղաքարտերը: Իշխանությունն ասում էր` խաղաղություն ենք հաստատել, ասում էր` սահմանին չկան կրակոցներ, ասում էին` ապահով է ամեն բան, գյուղերում ստանում էին 80-90 տոկոս քվե եւ այլն, բայց այդ ադրբեջանցի զինվորն ապացուցեց այն ճշմարտությունը, որ Ադրբեջանը մնում է մեր թշնամին, երբեք չի կարող խաղաղություն հաստատվել այդ պետության հետ, իսկ խաղաղությունը գլխիկոր մուրալով չի հաստատվում, պատերազմից փախչելով` խաղաղություն չես գտնի: Ադրբեջանցի զինվորն ապացուցեց այդ պարզ ճշմարտությունը: Եթե Ալիեւը մի հատ մատը շարժի էնտեղից, այստեղից հարգանքով, պատվով նրան կուղարկեն Ադրբեջան, անունն էլ կդնեն մարդասիրություն: Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլը վազեվազ այդ զինվորին անձամբ կուղեկցի Բաքու: Պետք է ուշադրություն դարձնել այն երեւույթի վրա, որ հաջորդ անգամ ավելի վատ է լինելու, կան դրա բոլոր նախադրյալները: Մենք ունենք բարոյազուրկ հասարակություն, Ադրբեջանն ունի օրեցօր ավելի ագրեսիվ տրամադրվող հասարակություն ու բանակ: Արդյունքում լինելու են ավելի վատ բաներ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովին, ապա ես չեմ հետեւում ԱԺ նիստերին, եւ դա նորություն չէ, ես ութ տարուց ավելի է, ինչ չեմ հետեւում ԱԺ նիստերին: Ինչո՞ւ, որովհետեւ այդ զզվելի տեսարաններն ինձ համար տհաճ են: Չեմ ուզում տեսնել այն դահլիճը, որտեղ մի թթու խոսքի համար մարդիկ այնպիսի քայլերի են դիմում, որ հետո ստիպված են լինում ներողություն խնդրել, թե՝ վայ, ես չէի ուզում էսպես ասել, էնպես անել: Ամոթ է այդ ամբիոնից նման խոսքեր ասելն ու նման գործողություններ կատարելը: Ոհմակային տրամաբանությամբ են առաջնորդվում՝ ով ինչքան շատ է, այնքան ուժեղ է: Ես, անկեղծ ասած, այդպես էլ սպասում էի: Չէր կարող այս գումարման խորհրդարանը նախորդից լավը լինել: Նույն կռիվն է, նույն քաշքշոցին է, նույն հայհոյանքներն են, ինչո՞ւ պետք է այս անգամ տարբերվեր որակը, ի՞նչն է փոխվել, որ տարբերվեր»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:



















































