
Ակնհայտորեն այս դիտարկումները հասցեագրված են այն մարդուն, որը փնովել էր այգու ակտիվիստներին: Իսկ նման բան ընդամենը 1 օր առաջ ասուլիսում արել էր Մանվել Բադեյանը: Վերջինիս համոզմամբ` ինքը փնովում է, որովհետեւ փաստեր կան, օրինակ` սատանիստի խոստովանությունը. «Գրանտային բազմաթիվ կազմակերպություներ կան այնտեղ, որոնք ուզում են ապակայունացնել եւ լարվածություն մտցնել: Մաշտոցի այգին նրանց համար սոսկ պատրվակ է: Եթե այդքան կանաչասեր էին իրենք, այդքան մտածում էին Երեւանի արտաքին տեսքի մասին, որ իբրեւ թե խաթարվում է, նրանք թող խոսեին այն ժամանակ, երբ դա զիբիլանոց էր: Նրանք կոնստրուկտիվ որեւէ առաջարկ չունեն: Ես չեմ նկատել, որ մի բան քանդելուց դրանք դեմ լինեն, բայց ամեն սարքելուն անպայման դեմ են լինում: Հենց մի հատ քարը քարի վրա դրվում է` մենք դառնում ենք հականժդեհական»:
Պարոն Բադեյանը կրկնեց ասուլիսում իր խոսքերը, որ «այգում հավաքված զանգվածի մեջ կան մարդիկ, որ իրոք ազնիվ են, բայց մեծամասնությունը ուղղորդված է: Կա’մ մոլորության մեջ են, կամ էլ շատ էլ լավ անազնիվ են»:
Մեր հարցին` պայքարին մասնակցում էին նաեւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները, հիմա նրանք ազնիվների՞ մեջ էին, թե՞ անազնիվների` պարոն Բադեյանը պատասխանեց. «Ես իմ վրա այդ պատասխանատվությունը չեմ վերցնի, որ ՀՅԴ-ն անազնիվ է եւ ուղղորդվում է որեւէ կենտրոնից: Դա այդպես չի, բայց այն փաստը, որ ՀՅԴ-ն փորձում է օգտագործել նախընտրական շեմին ցանկացած մի բան, դա իմ համար լրիվ հասկանալի է եւ ընդունելի է, նորմալ է, որ ընդդիմադիր կեցվածք է ստանում, մանավանդ` ընտրությունների նախաշեմին: Ես դրա վրա չեմ զարմանում, կզարմանայի, որ չանեին: Բայց երբ նայում եք բովանդակային մասը` 100 տարի զիբիլանոցի վերաբերյալ որեւէ մեկը ձայն չի բարձրացրել, առաջարկ չի արել, բողոքի ակցիա չի արել, ոչ մեկը չգիտեր էլ որ այդ տարածքի անունը Մաշտոցի այգի է: Հիմա հենց իմացան, որ այդտեղ լավ բան պիտի լինի, սոցիալական խնդիր պիտի լուծվի` պայքարեցին: Կրպակների աշխատողներին հանենք գցենք փողո՞ց: Այդ մարդկանց ստիմուլ ենք տալիս ադապտացիայի` ասելով, որ ընդառաջում ենք` 1-2 տարի փող աշխատեք, այդ մարդիկ բանի պետք չե՞ն, թե՞ երեւանցի չեն, թե՞ սատանիստն է երեւանցի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































