
Պատգամավորության թեկնածուների գրանցումը համապատասխան քննարկումներից հետո հաստատում կամ մերժում են «Երկրի սահմանադրության պահապան խորհուրդը» և Ներքին գործերի նախարարությունը. թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի հավաստիության և արժանիքների մասին հարցում է կատարվում Արդարադատության և Անվտանգության նախարարություններին, Ոստիկանության և ԶԱԳՍ-ին (ՔԿԱԳ): Այս ատյանները մերժել են մեծ թվով ցանկացողների թեկնածություններ, որոնցից 32-ը գործող խորհրդարանի պատգամավոր են: Ընտրության քարոզարշավի համար նշանակված է մեկշաբաթեայ ժամանակաշրջան: Ընտրությունների ավարտին հաղթող է ճանաչվում քվեարկողների երկու-երրորդի կողմ քվեները հավաքած թեկնածուն, այլապես կատարվում է կրկնակի ընտրություն և հաղթում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Նորընտիր խորհրդարանն իր անդրանիկ նիստը կգումարի 27 մայիսին, չորս տարի ժամկետով:
Այս տարվա ընտրություններին չեն մասնակցում 2009 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ահմադինեժադի հիմնական ախոյաններ Մուսավին ու Քառուբին, որոնք տնային կալանքի տակ են գտնվում: Նրանց համախոհ և Իրանի հինգերորդ նախագահ Խաթամին հայտարարել է, որ ազատ ընտրություններ կատարելու համար համապատասխան պայմաններ չկան: Փորձագետների կարծիքով այս տարի հիմնական մրցակցությունը տեղի է ունենալու իսլամական սկզբունքներին առավել կառչած և արմատական հայացքներ ունեցող դաշինքների և խմբերի միջև: Որոշ հակասություններ են ծագել Իսլամական պետության առաջնորդ՝ Այաթօլլահ Խամենեիի մոտ շրջապատի և երկրի նախագահի միջև, որոնք միմյանց քննադատում են հեղափոխության սկզբունքներից շեղվելու մեջ:
- Համաձայն Իրանի իսլամական հանրապետության Սահմանադրության՝ կրոնական փոքրամասնությունների հինգ մանդատներից երկուսը պատկանում է հայերին: Իրանի հյուսիսի հայաբնակ շրջանների համար (Թեհրան կենտրոնով) իրենց թեկնածությունն են առաջադրել Կարեն Խանլարյանը,Արմեն Հայրապետյանը և Սարգիս Ստեփանյանը. հարավի (Նոր-Ջուղա կենտրոնով) հայության թեկնածուներն են գործող պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը և Վրեժ Տեր-Մարտիրոսյանը: Հյուսիսային իրանահայության գործող պատգամավոր Գևորգ Վարդանյանը հրաժարվել է կրկին անգամ թեկնածու դառնալ: Ծանոթ լինելով հինգ թեկնածուների կողմնորոշումներին, ենթադրում ենք իրանահայության մոտ սուր ընտրապայքար չի լինելու և ընտրվելու են Ռոբերտ Բեգլարյանն ու Կարեն Խանլարյանը:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ


















































