Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի օրվա ընթացքում թիվ 6-ում ընտրողների թիվը 3000-ով ավելացել է

Մարտ 28,2012 23:41

Երեկ ՀՀ ոստիկանությունը հրապարակեց այս պահի դրությամբ Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը՝  2 միլիոն 485 հազար 844 , Երեւան քաղաքի ընտրողների թիվը՝ 860 հազար 388: Սա այն դեպքում, երբ այս տարեսկզբին Ազգային վիճակագրական ծառայության մատուցած տվյալներով, Հայաստանում բնակչության թիվը ներկայումս 2 միլիոն 870 հազար է: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը ընդամենը  2.311.917 էր: Այս առնչությամբ ոստիկանության պաշտոնյայի պատճառաբաննությունն այն է, թե՝ բնակչության պետռեգիստրում հաշվառվող անձանց թվաքանակն է աճել, ու այս տարվա ընտրացուցակներում ընդգրկվել են 359 հազար 614 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել 2008թ. նախագահական ընտրությունների ընտրացուցակներում: Նաեւ պատճառաբանվել է, թե այս նոր «ցուցակագրվածներից» 185 հազարից ավելին 2008-ին 18 տարեկան չէին, իսկ ահա  170 հազարից ավելի՝ նախկինում հաշվառում չունեցած քաղաքացիներ հաշվառվել են բնակչության պետական ռեգիստրում՝ նպաստներ ստանալու համար:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այն տվյալները, որոնք բերվում են՝ չեն համապատասխանում իրականությանը: Հետաքրքիր է, որ պաշտոնական տվյալներով արտագաղթի ծավալները մեծանում են, իսկ ահա ընտրացուցակներում ընտրողների թիվը մեծանում է: Նաեւ այդ ինչպե՞ս ստացվեց, որ 170 հազար մարդ հանկարծ որոշեց եւ հաշվառման կանգնեց: Այս ամենն անհեթեթություն է, ոչ միայն այն պատճառով, որ ստացվում է՝ 2,8 միլիոն բնակցությունից 2, 5-ը ընտրողներ են, այլեւ այն, որ սոցիալական օգնությունից օգտվելու համար մարդիկ նախկինում եւս պետք է հաշվառված լինեին, ավելին՝ հաշվառված պիտի լինեին այդ օգնությունից օգտվողի նաեւ ընտանիքում ապրող բոլոր անդամները: Մի խոսքով՝ այս ամենը միանշանակ խոսում է այն մասին, որ կեղծիքների մի մեխանիզմ կա մշակված, որը կապված է լինելու ընտրողների թվաքանակի հետ, նաեւ հաշվի առնելով, որ իշխանությունները համառորեն մերժեցին ԸՕ-ում «Ժառանգություն» կուսակցության՝ քվեարկությանը մասնակցածների ցուցակներն ընտրություններից հետո հրապարակելու, ընտրական տեղամասերում քվեարկության ընթացքի պարտադիր տեսանկարահանելու վերաբերյալ մեր առաջարկները, պետք է եզրակացնել, որ իշխանությունները դրան դեմ եղան, որովհետեւ այդ դեպքում մենք շատ հանգիստ կարող էինք կեղծիքները արագ  բացահայտել, ֆիքսել մի քանի տեսամասերում քվեարկած անձանց»:

Նա դժվարացավ ասել, թե ընտրողների թվաքանակի այսօրինակ մանիպուլիացիայով կեղծիքի ի՞նչ մեխանիզմ կարող է գործադրվել առաջիկա ընտրությունների ժամանակ: Այդուհանդերձ, նա մի քանի ծանոթ օրինակ բերեց՝  ուրիշի փոխարեն քվեարկություններ, նաեւ կեղծ անձնագրերով քվեարկություն: «Չեմ կարող այս տարբերակը եւս բացառել, որովհետեւ նախորդ ընտրությունների ժամանակ մեր գործընկեր Լարիսա Ալավերդյանը բռնել էր կեղծ անձնագրով քվեարկության եկած մի քաղաքացու: Սկզբունքորեն ամեն ինչ էլ հնարավոր է, օրինակ, ես ընդամենը մի քանի օր առաջ, երբ ես նայում էի թիվ 6 ընտրատարածքի քարտեզը՝ այնտեղ հստակ նշված էր 56 հազարից մի փոքր ավելի ընտրողների մասին, այսօր արդեն ընտրողների թիվն անցել էր 59 հազարը: Սա ուղղակի աբսուրդ է»: Հնարավոր կեղծիքը կասեցնելու հնարավոր միակ ճանապարհը պատգամավորը համարեց քաղաքական ուժերի կողմից քվեարկության ընթացքի խիստ վերահսկողությունը՝ շեշտելով քվեարկության եկած քաղաքացիների անձնագրերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, այդ թվում՝ անձնագրի տրված եւ կոնկրետ հասցեում գրանցված լինելու ժամկետը. «Սա  կարեւոր եմ համարում, որովհետեւ դա կարող է կեղծիքի որոշակի մեխանիզմների մասին վկայություններ լինել:  Մի բան հստակ է՝ ընտրողների թվի ուռճացման հետ փոխկապակցված կեղծիքի ինչ-որ հստակ մեխանիզմ իշխանություններն ունեն»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031