Realpolitik-ի հայկական փորձությունը
2022թ. սեպտեմբերի 26-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթում լույս տեսավ իմ «Հայաստանի «մաքիավելյան պահը»» հոդվածը։ «Մաքիավելյան պահ» հասկացությունը փոխառել էի պատմաբան Ջոն Պոկոկի՝ 1975թ. ԱՄՆ-ում հրատարակված համանուն գրքից։ Այն բնորոշում է իրավիճակ, երբ փոփոխվող պատմաքաղաքական պայմաններում հանրապետության գոյությանը սպառնացող վտանգները հրատապ են դարձնում նրա ինստիտուտների ու արժեքների վերանայման հարցը։ Բազմաթիվ ազգեր բախվել են նման դժվարին խնդրի. երկրի անվտանգության ապահովումը պահանջել է վերանայել արմատացած մոտեցումները և ընդունել ավանդական համոզմունքներին ու պատմական պատկերացումներին հակասող որոշումներ։
Ջ. Պոկոկից 5 դար առաջ Նիկոլո Մաքիավելին բարձրացրել էր այն հարցը, թե ինչպես պահպանել կարգը, երբ դրա համար անհրաժեշտ քայլերը հակասում են ընդունված նորմերին և պատկերացումներին։ Բախվելով նույն խնդրին՝ Լյուդվիգ ֆոն Ռոխաուն 1853թ. շրջանառության մեջ դրեց Realpolitik հասկացությունը։ Գերմանական պետությունների ներքաղաքական փորձը վերլուծելով՝ նա մատնանշեց, որ պահանջների արդարացիությունն ինքնին բավարար չէ փոփոխությունների հասնելու համար. անհրաժեշտ են նաև դրանք իրագործելու ուժն ու միջոցները։ Իշխանության ուժային առավելության հետ հաշվի նստելը չի նշանակում արդարացնել նրա կամայականությունները, սակայն միայն դրանք դատապարտելը բավարար չէ իրավիճակը փոխելու համար։
Փաստ է, որ քաղաքական ուժը չի սահմանափակվում պետական լծակների ու ռեսուրսների վերահսկողությամբ, իսկ պայմանների փոփոխությունը կարող է թույլ կողմին ազդեցության նոր լծակներ տալ։ Նման հնարավորություն է առաջանում, երբ իշխող ուժը չի կարող առանց ընդդիմության աջակցության ընդունել իր համար առաջնային նշանակություն ունեցող իրավական որոշումը։ Այդ պահին էական է դառնում ոչ միայն ուժերի անհավասարությունը, այլև այն, թե ինչ առաջնահերթություններ ունի կողմերից յուրաքանչյուրը և ինչի է պատրաստ դիմացինի աջակցությունը ստանալու համար։
Կարդացեք նաև
Հայաստանի ներկայիս ներքաղաքական դիմակայությունն այս տեսանկյունից դիտարկելիս հարց է ծագում. հնարավո՞ր է արդյոք երկրի անվտանգության խնդիրների լուծումը կապել ներքին բարեփոխումների իրականացման հետ՝ համաձայնության գալով իշխանության հետ, որը Սահմանադրությունը փոփոխելու համար ընդդիմության աջակցության կարիքն ունի։ Այս հարցն ունի անմիջական գործնական նշանակություն։ Երկրի անվտանգության ապահովումը և օրենքի գերակայության հաստատումը պահանջում են բարդ լուծումներ, և կառավարության ու ընդդիմության դիմակայությունն անհրաժեշտ է դիտարկել նախևառաջ այս երկու մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից։
Քանի դեռ կառավարությունն իր քաղաքականությունն իրականացնելու համար ընդդիմության աջակցության կարիքն ունի, վերջինս կարող է այդ աջակցությունը պայմանավորել հրատապ ներքին բարեփոխումների իրականացմամբ։ Այդ դեպքում բանակցությունների առարկա կդառնան ոչ միայն արտաքին ճնշմամբ պահանջվող սահմանադրական փոփոխությունները, այլև, օրինակ, դատարանների անկախության, իշխանության հաշվետվողականության և կամայականությունների սահմանափակման երաշխիքները։ Այսպիսով, անգամ դրսից պարտադրված ինստիտուցիոնալ փոփոխության շրջանակում հնարավոր կլինի նախատեսել իրավական պետության ամրապնդմանն ուղղված գործուն մեխանիզմներ։
Նման մոտեցումն ընդդիմությունից կպահանջի ավելին, քան կառավարության արդարացի քննադատությունը։ Ազդեցության նոր լծակ ձեռք բերելով՝ ընդդիմությունը պետք է հստակեցնի, թե ինչ փոփոխությունների է ձգտում, ինչպես է առաջարկում դրանք իրականացնել և ինչ պայմաններով է պատրաստ ստանձնել երկրի համար գոյութենական նշանակություն ունեցող բարդ որոշումների ընդունման պատասխանատվության իր բաժինը։
Այստեղ վճռորոշ է քաղաքական սակարկության առարկան ու ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները։ Կառավարության ռազմավարական որոշմանն աջակցելը կարող է արդարացված լինել, եթե այն ճանապարհ է բացում համապարփակ ներքին բարեփոխումների համար՝ ապահովելով դրանց արդյունքների կայունությունը։ Սակայն փոխզիջումն իմաստազրկվում է, երբ ավելի թույլ կողմն անմիջապես տրամադրում է իր աջակցությունը, իսկ մյուս կողմի պարտավորությունների կատարման ժամկետները մնում են անորոշ։ Ո՞ր քայլերը պետք է կատարվեն, քանի դեռ կողմերը միմյանց աջակցության կարիքն ունեն, և ի՞նչը կապահովի մնացած պարտավորությունների կատարումը հետագայում։ Առանց հստակ երաշխիքների՝ ավելի թույլ կողմը կարող է իրական աջակցության դիմաց ստանալ սոսկ խոստումներ։
Այսպիսով, բոլոր խնդիրներով հանդերձ, ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու հրամայականը կարող է հնարավորություն ընձեռել ամրապնդելու ե՛ւ երկրի անվտանգությունը, ե՛ւ օրենքի գերակայությունը։ Սակայն երկրի անվտանգության ամրապնդման համար ներքաղաքական համաձայնությանը զուգահեռ անհրաժեշտ է ընդլայնել փոխըմբռնումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և ձևավորել փոխվստահություն՝ հիմնված փոխադարձ պարտավորությունների ու դրանց կատարման երաշխիքների վրա։ Ուստի ՀՀ կառավարությունը սահմանադրական փոփոխության հարցում իր համաձայնությունը պետք է պայմանավորի Ադրբեջանի կողմից հետևյալ պարտավորությունների ստանձնմամբ և կատարմամբ.
- նախապայմանի վերջնականություն. Բաքվի հրապարակային և հստակ ամրագրված պարտավորությունը, որ համաձայնեցված սահմանադրական փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման համար նոր նախապայմաններ չեն առաջադրվի։
- ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում Հայաստանի օկուպացված տարածքներից. դուրսբերման հստակ ժամանակացույց և դրա կատարումը ստուգելու մեխանիզմ։
- Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանագծում՝ միջազգայնորեն ճանաչված նորմերի և փորձի հիման վրա։
Կողմերի հանձնառությունները պետք է նախատեսեն պարտավորությունների կատարման հստակ ժամկետներ և գործուն երաշխիքներ։ Այս կապակցությամբ հատուկ դեր ունեն ազդեցիկ այն երկրները, որոնք հանդես են գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին. նրանց աջակցությունը պետք է նպաստի փոխադարձաբար ընդունելի լուծումների ձեռքբերմանը և դրանց հետևողական իրականացմանը։
Հայաստանի առաջատար քաղաքական ուժերի իրատեսության և պատասխանատվության չափանիշը կլինի այն, թե որքանով նրանք կկարողանան առկա սահմանափակումների պայմաններում ամրապնդել երկրի անվտանգությունը, օրենքի գերակայությունը և կայուն խաղաղության հիմքերը։ Նեղ խմբային հաշվարկներով առաջնորդվող քաղաքականության շարունակումը միայն կսպասարկի արտաքին ուժերի շահերը՝ խաթարելով Հայաստանի անկախությունն ու ժողովրդի ինքնիշխանությունը։
Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
«Առավոտ» օրաթերթ
11.11.2026



















































