«Լաբորատորիա՝ 11, գիրք՝ 0». ինչո՞ւ տասը տարեկանում մեր երեխաները աշխարհի մակարդակին են, իսկ տասնհինգում՝ ցուցակի վերջում. հարցազրույց Արմեն Մարտիրոսյանի հետ
Արմեն Մարտիրոսյանը «Անտարես» հրատարակչական խմբի տնօրենն է, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի նախագահը, ՀԱԳՄ փոխնախագահը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։ Հոկտեմբերի 2-ին խորհրդի նիստում նա ներկայացրեց PISA 2025-ի արդյունքների վերաբերյալ հարակից զեկույց, որը պատրաստել է «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ համահեղինակությամբ։
— Պարոն Մարտիրոսյան, PISA-ի արդյունքները շատերի համար շոկ էին. 348 միավոր ընթերցանությունից, 376՝ մաթեմատիկայից, 89 երկրից 73–79-րդ տեղ։ Ձեզ համար է՞լ շոկ էր։
— Շոկ չէր, ցավ էր։ Որ մեր դպրոցը խնդիրներ ունի, գիտեին բոլորը, ովքեր գոնե մեկ անգամ երեխայի տետր են բացել։ Չգիտեինք միայն չափը։ Հիմա գիտենք. տասնհինգամյաների 58 տոկոսը բազային մակարդակին չի հասել ոչ մի առարկայից։ Բայց ես ուզում եմ առաջին հերթին մի բան ասել, որը մեր հասարակությունը հաճախ մոռանում է՝ Հայաստանը գնաց PISA-ի՝ իմանալով, որ արդյունքը հաճելի չի լինելու։ Սա համարձակություն էր։ Մենք տարիներով ապրել ենք ծուռ հայելիների մեջ՝ «աշխարհի լավագույն խորհրդային կրթություն», «մեր երեխաները ամենախելոքն են»։ Այս անգամ նայեցինք ուղիղ հայելու մեջ։ Ախտորոշումն ազնիվ է։ Հարցն այն է, թե ինչ ենք անելու դրանից հետո։
Կարդացեք նաև
— Ձեր և Հովսեփ Խուրշուդյանի զեկույցում խոսվում է «մեկ սերնդի երկու պատկերի» մասին։ Ի՞նչ նկատի ունեք։
— Նույն համակարգի երկու լուսանկար։ Առաջինը՝ չորրորդ դասարան, TIMSS միջազգային հետազոտություն. 2019-ին մեր տասնամյաները մաթեմատիկայից հավաքել են 498 միավոր, 2023-ին՝ 513։ Սա միջազգային միջինից բարձր է, Վրաստանից առաջ։ Երկրորդ լուսանկարը՝ տասնհինգ տարեկան, PISA. 376 միավոր, իսկ Վրաստանը մեզնից առաջ է 40 միավորով՝ ավելի քան մեկ ուսումնական տարով։ Անմիջապես վերապահեմ՝ սրանք նույն երեխաները չեն, թեստերը տարբեր են։ Բայց եզրակացությունը մեկն է. խնդիրը մեր երեխաները չեն։ Տասը տարեկանում նրանք աշխարհի մակարդակին են։ Խնդիրն այն է, թե ինչ է կատարվում նրանց հետ տասից տասնհինգ տարեկան հասակում։ Եվ ամենասարսափելին՝ մենք դա չգիտենք, որովհետև չորրորդից ութերորդ դասարան Հայաստանը համեմատելի ազգային չափում չունի։ Սա «մութ սենյակ» է։
— Իսկ ինչո՞ւ եք վստահ, որ խնդիրը հենց ընթերցանությունն է, ոչ թե, ասենք, մաթեմատիկան կամ ուսուցիչները։
— Որովհետև դա չափված է։ Տեսչական մարմինը 2022-ին PIRLS-ի մեթոդիկայով ստուգել է չորրորդ դասարանցիների ըմբռնողական ընթերցանությունը։ Տեքստում փաստ գտնել՝ ճիշտ պատասխանների 71 տոկոս։ Պարզ եզրակացություն անել՝ 53։ Երկու միտք համեմատել՝ 44։ Գնահատել, թե ինչ էր ուզում ասել հեղինակը՝ 37 տոկոս։ Առաջին աստիճանից մինչև չորրորդ՝ արդյունքը գրեթե կրկնակի ընկնում է։ Ինչո՞ւ։ Որովհետև դասին երեխան կարդում է, հետո անգիր պատմում։ Ոչ ոք չի հարցնում՝ ի՞նչ հասկացար, համաձա՞յն ես հեղինակի հետ։ Մենք սովորեցնում ենք տառաճանաչություն, ոչ թե ընթերցանություն։ Իսկ կյանքում հենց վերջին աստիճաններն են պետք՝ դեղի ցուցումը, բանկի պայմանագիրը, քաղաքական խոստումը հասկանալու համար։ Մաթեմատիկան դրա վրա է կառուցվում. խնդիր լուծելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է գրված խնդրի մեջ։
— Զեկույցի ամենահնչեղ թեզն այն է, որ պետությունը «խնդիրը չի դրել»։ Ի՞նչ ապացույց ունեք։
— Ամենապարզը՝ բառերը հաշվելն է։ 2022-ին Ազգային ժողովն ընդունեց Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ Ծրագիրը գիտի խնդիրը. այնտեղ գրված է, որ տարրական դպրոցի ավարտին սովորողների 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Հիմա հաշվենք։ «Լաբորատոր», «լաբորատորիա»՝ 11 անգամ։ «Գրադարան»՝ մեկ անգամ։ «Ընթերցանություն»՝ մեկ անգամ։ «Գիրք»՝ ոչ մի անգամ։ PISA, PIRLS՝ ոչ մի անգամ։ Եթե բառը չկա ռազմավարության մեջ, ամբողջ համակարգը դրա մասին չի մտածում։ Ոչ ոք չար մտադրություն չի ունեցել։ Պարզապես գիրքը չկար պատկերի մեջ՝ շենքեր կան, լաբորատորիաներ կան, համակարգիչներ կան, կարդացող երեխա՝ չկա։
— Դուք հրատարակիչ եք։ Չե՞ք վախենում, որ կասեն՝ գիրք վաճառողը գրքի մասին է խոսում։
— Ես դա ինքս ասում եմ, որ ուրիշները ասելու կարիք չունենան։ Այո, «Անտարեսը» գիրք է վաճառում, ես շահ ունեմ։ Բայց հենց դրա համար գիտեմ, թե ինչպես է աշխատում «դրված խնդիրը»։ 2012-ին, երբ Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք էր, մենք քաղաքով ու մարզերով փակցրինք «Կարդալը նորաձև է» և «Միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ» պաստառները։ Շատերը մինչև հիմա հիշում են։ Տասը տարի մեր միջոցներով Հայաստանի բոլոր դպրոցներում անցկացրել ենք վեցերորդ դասարանցիների ընթերցանության օլիմպիադա։ Մասնավոր ընկերությունը տասը տարի չափում էր տասներկու տարեկանների ընթերցանությունը, որը պետությունը չի չափում մինչև այսօր։ Իսկ երբ քարոզարշավն ավարտվեց, խնդիրը նորից անհետացավ, որովհետև այն չկար ոչ մի պետական փաստաթղթում։ Եվ նկատեք՝ մեր երեք գլխավոր առաջարկից երկուսը գրքի հետ կապ չունեն։
— Որո՞նք են այդ երեք առաջարկները։
— Նրանք, որոնց արդյունքը կերևա արդեն PISA 2029-ում։ Այդ տասնհինգամյաները այսօր յոթերորդ-ութերորդ դասարանում են, ուրեմն մանկապարտեզի բարեփոխումը նրանց այլևս չի հասնի։ Առաջին՝ վերափոխել իններորդ դասարանի քննությունը. 2027-ին հայտարարել, որ քննությունը կունենա հասկանալի մակարդակներ և կիրառման առաջադրանքներ՝ ոչ թե վերապատմության։ Սա միակ միջոցն է, որ երկու տարում փոխում է բոլորի վարքը միանգամից՝ ուսուցչի, աշակերտի, ծնողի և կրկնուսույցի։ Երկրորդ՝ Տեսչական մարմնի ընթերցանության ստուգումը դարձնել համազգային և ամենամյա՝ չորրորդ և ութերորդ դասարաններում։ Գործիքն արդեն կա, պետք չէ նորը ստեղծել, պետք է մասշտաբավորել։ Սա ամենաէժան քայլն է, և այն կփակի «մութ սենյակը»։ Երրորդ՝ գիրքն ու գրադարանը դարձնել ռազմավարություն. գրադարանի ամենամյա համալրման պարտադիր տող, գրադարանավարների վերապատրաստում, ընթերցանության չափելի ցուցանիշ։
— Նախարարը դեկտեմբերին գրել էր, որ գրադարանների համալրումը պարտադիր է դառնալու։ Դա բավարա՞ր չէ։
— Դա ճիշտ քայլ է, և ես դա ողջունեցի խորհրդի նիստում։ Բայց ես հարցրի՝ այդ փոփոխությունն արդեն կատարվա՞ծ է ֆինանսավորման կարգում։ Նախարարն ասաց, որ ընթացքի մեջ է։ 2022-ի կարգը վճարում է գրադարանավարի հաստիքի համար, ոչ թե նոր գրքերի։ Գրադարանավարն առանց նոր գրքերի կես լուծում է։ Եվ մի բան էլ՝ ո՞վ է գրադարանավարը։ Դա այն մարդն է, ով լսում է աշակերտին՝ ի՞նչ կարդաց, ի՞նչ հարցեր ունեցավ, և խորհուրդ է տալիս հաջորդ երկու-երեք գիրքը։ Նա պետք է կարողանա ոգեշնչել։ Քանի՞ այդպիսի մարդ ունենք։ Իսկ գրադարանավարի միջին աշխատավարձը հարկերից հետո մոտ 75 հազար դրամ է։ Հարկերից առաջ դա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսն է։ Կարո՞ղ է արդյոք նման հմտություններով մարդը աշխատել այդ գումարով։
— Խոսենք գումարների մասին։ Որքա՞ն է Հայաստանը ծախսում կրթության վրա։
— Համաշխարհային բանկի տվյալներով՝ ՀՆԱ-ի 2,4 տոկոսը։ Վրաստանը՝ 4, Ադրբեջանը՝ 3,7, ՏՀԶԿ միջինը՝ 5,1, Շվեդիան՝ 7,3։ Մենք հետ ենք ոչ միայն Եվրոպայից, այլև մեր հարևաններից։ Եվ այդ ծախսի երեք քառորդը աշխատավարձեր են, այնպես որ գրքի, գրադարանի և ուսուցչի զարգացման համար գրեթե ոչինչ չի մնում։ Ուսուցչի աշխատավարձը մեզ մոտ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 63 տոկոսն է, ՏՀԶԿ երկրներում՝ մոտ հավասար կամ ավելի։ Ուրեմն ճանապարհը պետք է լինի հստակ՝ կրթություն՝ առնվազն ՀՆԱ-ի 4 տոկոս, իսկ ուսուցչի աշխատավարձը՝ ՀՆԱ-ի մեկ շնչին 100 տոկոս մինչև 2030 թվականը։ Ծրագրում ինքնին բերված է ՏՀԶԿ-ի գնահատականը. եթե բոլոր տասնհինգամյաները հասնեն բազային մակարդակին, ՀՆԱ-ն 2030-ին 29,3 տոկոսով ավելի կլինի։ Սա ծախս չէ, այլ ներդրում։
— Դուք հաճախ եք խոսում Վրաստանի մասին։ Ի՞նչն է այնտեղ այլ։
— Մշակույթը։ Ըստ մեր ոլորտի գնահատականների՝ Վրաստանում մեկ մարդու հաշվով տարեկան գնվում է երկու գիրք, Հայաստանում՝ մեկ գիրք յոթ մարդու հաշվով։ Վրաստանում գրքերի 90 տոկոսը փափուկ կազմով է, մեզ մոտ՝ հակառակը։ Կոշտ կազմը նվերի համար է, դարակի համար։ Փափուկը՝ կարդալու, պայուսակում տանելու համար։ Նրանց մոտ գիրքն ընկեր է, մեզ մոտ՝ նվեր։ Այնտեղ ամենամեծ ընթերցող խումբը 13–25 տարեկաններն են, մեզ մոտ՝ 35–40։ Մեզ մոտ ընթերցողների 70 տոկոսը կանայք են։ Հիշո՞ւմ եք՝ գիրք կարդացող տղային ինչ էին ասում. «Դոձիկ»։ Աղջկան՝ ոչ։ Եվ ահա արդյունքը՝ PISA-ում մեր տղաները ընթերցանությունից աղջիկներից հետ են մնում 40 միավորով։ Սա մշակույթ է, և մշակույթը փոխվում է օրինակով՝ երբ տղան տեսնում է կարդացող հորը, մարզիչին, ուսուցչին։
— Իսկ 2012-ը՝ Գրքի մայրաքաղաքի տարին, ի՞նչ թողեց։
— Հուշարձաններ։ Տառերին, ընթերցողին, գրքին։ Այլ երկրներում այդ կարգավիճակով հրավիրում են գրողների, բացում են գրադարաններ ու ակումբներ, ծնվում են ռադիո- և հեռուստահաղորդումներ։ Մենք հուշարձան դրեցինք։ Մեր հասարակությունը շատ ուժեղ բնազդներ ունի. ե՞րբ են հուշարձան դնում։ Վրաստանում չկան հուշարձաններ ընթերցողին, գրքին, տառերին։ Երևի որովհետև այնտեղ դրանք կենդանի են։
— Զեկույցում կա բավական կոշտ համեմատություն մանկապարտեզի և բանտի միջև։ Դա վիրավորական չէ՞ դաստիարակների համար։
— Դա դաստիարակների մասին չէ, դա մեր պատվերի մասին է։ Հարցրեք ծնողին՝ ինչու է երեխային տանում մանկապարտեզ։ Մեծ մասը կասի՝ որ պահեն, որ ես աշխատեմ։ Եվ ահա՝ պահում են, պետության հաշվին կերակրում, զբաղեցնում, խմբով տանում զբոսանքի։ Նույն չորս բանը կարելի է ասել մեկ այլ հաստատության մասին։ Տարօրինակ չէ՞։ Մենք մանկապարտեզից պահանջում ենք պահել, ոչ թե սովորեցնել։ Ինչո՞ւ այնտեղ խաղալիք կա, գիրք՝ գրեթե ոչ։ Ինչո՞ւ ամեն օր չեն կարդում երեխաների համար։ Եվ 2024-ին մանկապարտեզ էր հաճախում 3–5 տարեկանների 73,6 տոկոսը. յուրաքանչյուր չորրորդ երեխա դուրս է։ Ղազախստանում պետությունը ամեն երեխայի համար մանկապարտեզին վճարում է նույն գումարը՝ ամսական մոտ 100 դոլար՝ պետական թե մասնավոր։ Արդյունքում մասնավոր մանկապարտեզներն այնտեղ ավելի շատ են, քան պետականները։ Պետությունը բոլոր երեխաներին հավասար է վերաբերվում, և բոլորը մանկապարտեզ գնալու հնարավորություն ունեն։
— Շատերն ասում են՝ ապագան էլեկտրոնային գրքերինն է, ինչո՞ւ եք կառչած թղթից։
— Շվեդիան և Դանիան այդպես էին մտածում։ Եվ հետո Շվեդիայի դպրոցների նախարարը գրեց, որ թվայնացումը դպրոցում «շատ առումներով եղել է փորձ», և որ ֆիզիկական գիրքն ունի առավելություններ, որոնք ոչ մի պլանշետ չի փոխարինի։ Շվեդիան հիմա տարեկան 500–685 միլիոն կրոն է տրամադրում դպրոցներին դասագիրք գնելու համար և օրենքով երաշխավորել է դպրոցական գրադարան՝ գրադարանավարով։ Դանիայի նախարարի խոսքերը ուսուցիչների ամսագրի խորագիր դարձան. «Մենք այս սերնդին ահռելի ներողություն ենք պարտք»։ Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտը իր պաշտոնական կարծիքում գրել է. «Թղթի փոխարեն էկրանից կարդալու բացասական ազդեցությունը մեծ է՝ 36 տոկոս»։ Մենք դեռ կարող ենք այդ սխալը չանել։ Եվ կա մի բան, որ քչերը գիտեն. արտասահմանյան իրավատերերը հայերեն էլեկտրոնային հրատարակության իրավունք գրեթե չեն վաճառում։ Արդի հայերեն օրինական էլեկտրոնային գիրք գրեթե չկա։ Երբ ասում ենք՝ «թող էկրանից կարդա», հայ երեխան կարդում է կա՛մ ռուսերեն ու անգլերեն, կա՛մ գողացված ֆայլ, կա՛մ ընդհանրապես ոչ գիրք։
— Դուք առաջարկել եք կրթության նախարարին փոխվարչապետի կարգավիճակ տալ և Սահմանադրություն փոխել։ Սա իրատեսակա՞ն է։
— Հարցը իրատեսությունը չէ, հարցը հորիզոնն է։ Կրթական ցիկլը տասնվեց տարի է՝ տասներկու դպրոց, չորս բակալավրիատ։ Մանկապարտեզն էլ որ ավելացնենք՝ կդառնա քսան։ Այսօր մենք պատվեր ենք տալիս 2042, իսկ մանկապարտեզով՝ 2046 թվականի համար։ Իսկ մեր քաղաքական հորիզոնը ընտրությունից ընտրություն է։ Ուրեմն պետք է մեխանիզմ, որ հաջորդ կառավարությունը այսօրվա որոշումները մի ձեռքի շարժումով չչեղարկի։
Մենք առաջարկել ենք չորս բան. կրթությունը հայտարարել ազգային արտակարգ առաջնահերթություն՝ ոչ թե որպես իրավական «արտակարգ դրություն», այլ որպես ամբողջ կառավարության պարտավորություն. նախարարին տալ փոխվարչապետի կարգավիճակ, որպեսզի կրթությունը համակարգի ֆինանսների ու սոցիալական ոլորտի որոշումները, ոչ թե խնդրի. ստեղծել Կրթության բարեփոխման ազգային խորհուրդ՝ իշխանության, ընդդիմության, ուսուցիչների, ծնողների մասնակցությամբ. և քսանամյա նպատակներն ամրագրել Սահմանադրությամբ կամ սահմանադրական օրենքով։ Սա իշխանության դեմ չէ։ Սա միջոց է, որ այսօրվա համարձակ քայլերը շարունակվեն վաղը, անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին։ Եվ ես համոզված եմ, որ հանրության ճնշման ներքո ընդդիմության մի մասն էլ կքվեարկի։
— Ի՞նչ կարող է անել սովորական ծնողը, մինչև պետությունը որոշումներ կայացնի։
— Երեք բան, և ոչ մեկը փող չի պահանջում։ Առաջին՝ ամեն օր քսան րոպե բարձրաձայն կարդալ երեխայի համար՝ դեռ մինչև դպրոց։ Երկրորդ՝ դպրոցից հետո հարցնել ոչ թե «ի՞նչ եղավ», այլ «ինչո՞ւ» և «դու ի՞նչ ես կարծում»։ Հենց այս հարցերին մեր երեխաները չեն կարողանում պատասխանել։ Երրորդ՝ հայրերին առանձին խնդրանք. թող որդին ձեզ տեսնի գրքով։ Մշակույթը փոխվում է ոչ թե որոշումներով, այլ օրինակով։
— Եվ վերջին հարցը։ 2029-ին PISA-ն կկրկնվի։ Ի՞նչ եք սպասում։
— Կախված է նրանից՝ ախտորոշումից հետո բուժում կլինի՞։ Ես համոզված եմ. մեր կրթական համակարգը, նույնիսկ այսօրվա վիճակում, ի վիճակի է լուծել ընթերցանության խնդիրը։ Այն չի լուծվում, որովհետև դրված չէ։ Մեր չորրորդ դասարանցիները TIMSS-ում ցույց տվեցին պատմության լավագույն արդյունքը այնտեղ, որտեղ խնդիրը դրված էր և չափվում էր։ Ուրեմն խնդիրը դնենք՝ բառերով, թվերով և գումարով։ Երկու խոստում. տասը տարեկանում յուրաքանչյուր երեխա կարդում է ըմբռնումով, տասնհինգում՝ կիրառում է գիտելիքը։ Երկու նպատակ. բազային մակարդակից ցածր գտնվողների բաժինը 58-ից իջեցնել 45 տոկոսի 2029-ին, իսկ բարձրագույն մակարդակներում՝ 0,8-ից հասցնել 2-ի։ Երկուսն էլ միաժամանակ, որովհետև եթե բարձրացնենք միայն ներքևը, երկիրը կմնա առանց նրանց, ովքեր քսան տարի անց կկառուցեն նրա տնտեսությունը։ Դանիայի նախարարն ասաց, որ իր երկիրը մի ամբողջ սերնդի ներողություն է պարտք։ Ես կուզենայի, որ 2029-ին մենք ներողություն խնդրելու կարիք չունենանք։
Հարցազրույցը վարեց՝ Սամվել Դանիելյանը
Զեկույցի ամբողջական տեքստը և աղբյուրները՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի 02.10.2026 նիստի նյութերում։
Լուսանկարը՝ ԿԳՄՍ-ի



















































