Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Մարտ 30,2012 15:49

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ չորրորդ

ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Ջանիբեկյան Կարենի ու վանաձորցի բանաստեղծուհի Անթառանյան Լենայի հորեղբոր թոռնուհի Լիանա Անթառանյանի էս անակնկալ ու աննախադեպ  երջանկությունը նաեւ ապացույց է, որ երջանկանալու ու երջանիկ լինելու համար երբեք էլ ուշ չի, եւ որ ասում եմ աննախադեպ երջանկություն, ընդամենը նորահարս Լիանայի մասով եմ ասում, որովհետեւ Ջանիբեկյան Կարենին էսքան երջանիկ էլի եմ տեսել՝ Հայաստաննի անկախության առաջին տարիներին, երբ Ջանիբեկյան Կարենը երջանիկ կախվածության մեջ էր էն ժամանակ իր վերջին եւ էս պահի դրությամբ իր նախավերջին կնոջից՝ դրամատուրգ Անահիտ Աղասարյանից, որը, ի տարբերություն էս Լիանայի, Կարենին հանդիպելու պահին արդեն կայացած ու դրսեւորված դրամատուրգ էր, մինչդեռ էս նորը դեպքերի բերումով ու Կարենի անմիջական մասնակցությամբ է դրամատուրգ դառել, եւ որպեսզի ձեզ համար էլ պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը, հիմա ձեզ համար կպատմեմ էն ամենը՝ որ  վանաձորցի բանաստեղծուհի Անթառանյան Լենայից լսեցի, եւ չնայած քիթս ուրիշների անձնական կյանքի մեջ խոթելու սովորություն չունեմ, այդուհանդերձ, քանի որ Նազենիի էդ հաղորդումը հազարավոր մարդիկ արդեն նայել են,  ինձ իրավունք եմ տալիս վերապատմել Ջանիբեկյան Կարենի էս հերթական երջանկության պատմությունը, որի համառոտ բովանդակությունը հետեւյալն է. լոռեցի ու ներկայումս վանաձորցի բանաստեղծուհի Լենա  Անթառանյանի հորեղբոր թոռնուհի Լիանայի հայրը մի անպատմելի ու աննկարագրելի անձնավորություն է լինում, եւ չնայած էդ լոռեցի մարդն  իսկապես աննկարագրելի էր, էս մարդու դուստր Լիանան, գրող չլինելով, մի գեղեցիկ օր որոշում է իր հոր մասին որոշ բաներ գրել, եւ իր հոր մասին որոշ բաներ գրելով՝ որոշում է էդ գրածները ցույց տալ իր բանաստեղծուհի ազգական Անթառանյան Լենային, եւ Լենան Լիանայի էդ ձեռագիրն աչքի անցկացնելով՝ խորհուրդ է տալիս էդ  ձեռագիրը  ցույց տալ Կարեն Ջանիբեկյանին, եւ Լիանան էլ է ձեռագիրը Կարենին ցույց տալու տարբերակը խելքին մոտ համարում, որովհետեւ Լենայի պես ինքն էլ էր էն կարծիքին, որ դերասան Կարեն Ջանիբեկյանը թե՛ արտաքինով եւ թե՛ էությամբ չափազանց նման է իր գրվածքի հերոսին, այսինքն՝ իր հորը, եւ երբ ձեռագիրը հայտնվում է Կարենի մոտ, պարզվում է, որ Լիանան  իր աննկարագրելի հայրիկին լավ էլ կարողացել է նկարագրել, եւ Լիանան իր էդ ձեռագիրը ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյանի մոտ թողնելով՝ թռչում է Մոսկվա՝ իր ամուսնու ու իր դստրիկի մոտ, բայց մտքի մեջ ու հոգու խորքում հույսեր է փայփայում, որ մի գեղեցիկ օր ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյանը Երեւանից կզանգի ու կավետի, որ իր գրածն էսինչ ամսվա էսինչ օրը Սունդուկյանի թատրոնում բեմադրվելու է, եւ քանի որ ստեղծագործական պրոցեսի ընթացքում նաեւ անքնություն էր վաստակել, ամուսնուն ու դստրիկին քնեցնելուց հետո բաց աչքով  երազում ու բաց աչքով երազելով՝ մշտապես Սունդուկյանի թատրոնի բեմն էր բաց աչքով տեսնում, եւ բեմի ամենակենտրոնում՝ իր գրության գլխավոր ու միակ հերոսին՝ իր հարազատ հորը, եւ ամսի չափ էդպես անքուն ու բաց աչքով իր էդ գրության պրեմիերան երազելով՝ իր էդ երազից չէր հոգնում ու չէր հագենում, եւ բաց աչքով էնքան հստակ էր էդ պրեմիերան, Սունդուկյանի թատրոնի բեմն ու էդ բեմի ամենակենտրոնում իր ծանրումեծ  ու պատկառելի հորը տեսնում, որ արդեն սկսել էր իր էդ տեսածին հավատալ, եւ բաց աչքով տեսած իր էդ ամենօրյա երազն էնքան տեսանելի ու էնքան իրական էր, որ երբ մի գեղեցիկ օր Կարեն Ջանիբեկյանը Երեւանից զանգեց, Լիանան անմիջապես իր ականջներին հավատալով՝ ամենեւին չզարմացավ, մինչդեռ Կարեն Ջանիբեկյանի խռպոտ ձայնը Երեւանից ավետում էր, որ Լիանայի գրությունը Կարենի ձեռամբ ահա-ահա վերածվում է իսկական ու չտեսնված մի թատերգության, եւ երբ էդ առաջին անգամ ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյանը Երեւանից զանգեց, Մոսկվայի ժամանակով տասնմեկի կողմերն էր, ավելի ստույգ՝ տասն անց հիսունվեց, եւ երբ Ջանիբեկյանը զանգեց, Լիանայի ամուսինն ու դստրիկը դեռ չէին քնել, եւ քանի որ Լիանան հեռախոսով մի գլուխ պարոն Ջանիբեկյան էր ասում, ամուսինն ու դստրիկն էդ ամբողջ ընթացքում ապշահար նայում էին Լիանային, որովհետեւ Լիանան երբեւէ հեռախոսով էդքան երկար չէր խոսել՝  էն էլ անծանոթի հետ, եւ երբ Լիանան «շատ շնորհակալ եմ, պարոն Ջանիբեկյան, բարի գիշեր» ասելով բջջայինը մի կողմ դրեց, կարմրատակած ամուսինն անմիջապես հարցրեց՝ «էդ ո՞վ էր», եւ Լիանան կարմրատակած ամուսնուն չպատասխանեց, որովհետեւ մտքով դեռեւս Երեւանի հետ էր, ավելի ճիշտ՝ ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյանի հետ, եւ կասկարմիր Լիանայի դեմքից երջանկությունն ուղղակի հորդում էր՝ էն աստիճան, որ ամուսինն ու նույնիսկ դստրիկը չէին կարող չնկատել, եւ երբ ամուսինը երկրորդ անգամ Լիանային հարցրեց՝ «էդ ո՞վ էր», Լիանան երկրորդ անգամ էլ ամուսնու հարցը չլսելով՝ շարունակում էր երանության մեջ սավառնել, եւ Լիանայի երջանկության պատճառն էն էր, որ ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյանը Երեւանից  հեռախոսով ավետել  էր, որ Լիանայի գրածը շատ է հավանել եւ երջանիկ կլինի՝ եթե գլխավոր հերոսին անձամբ մարմնավորի, եւ երբ ամուսինը երկրորդ անգամ Լիանային հարցրեց՝ «էդ ո՞վ էր», Լիանան բաց աչքով ու սովորականից ավելի հստակ էր տեսնում իր էդ հանապազօրյա բեմական երազը, ու հիմնականում էդ էր պատճառը, որ էդ երկրորդ անգամն էլ ամուսնու հարցը չլսելու տվեց, ավելի ճիշտ՝ ոչ թե չլսելու տվեց, այլ իսկապես չլսեց, որովհետեւ էդ պահին իր աչքերի առաջ Սունդուկյանի թատրոնի բեմն էր, եւ բեմին՝ իր հորը մարմնավորող Կարեն Ջանիբեկյանը, եւ Լիանայի հարազատ հորը մարմնավորած Կարեն Ջանիբեկյանը ոչ միայն մեկին մեկ նման էր Լիանայի հորը, այլեւ Լիանայի հոր ձայնով բեմից ինչ-որ բան էր աղաղակում, եւ երբ արդեն երրորդ անգամ Լիանայի բիզնեսմեն ամուսինը Լիանային հարցրեց՝ «էդ ո՞վ էր», Լիանան ամուսնու հարցը հստակ լսեց, բայց հենց էդ պահին Լիանայի բջջայինը դայլայլեց, եւ նորից ժողովրդական դերասանն էր Երեւանից, եւ էս անգամ ժողովրդական դերասանը Լիանայից իր ձեռագիր տեքստը որոշ փոփոխությունների ենթարկելու իրավունք էր խնդրում, եւ երբ Լիանան էդ իրավունքը Կարեն Ջանիբեկյանին տալով եւ «բարի գիշեր» մաղթելով՝ բջջայինը մի կողմ դրեց, ամուսինը, արդեն չորրորդ անգամ, շատ ավելի կոպիտ հարցրեց՝ «էդ ո՞վ ա, ա՛յ ախչի», եւ էդ չորրորդ անգամվա հարցի վրա Լիանան կյանքում առաջին անգամ հստակորեն զգաց, ավելի ճիշտ՝ հստակորեն հասկացավ, որ ինքն ամուսնուն չի սիրում, եւ էդ բանը կյանքում  առաջին անգամ զգալով ու հասկանալով՝ ամուսնուն պատասխանեց ու ասաց՝ «մարդամեկը», եւ երբ ամուսինն ապշահար հարցրեց՝ «այսինքն», Լիանան ժպտալով ամուսնուն հարցրեց՝ «էդ կարող ա՞ խանդում ես», եւ ամուսինը բավական երկար մտածեց ու ասաց՝ «որ հարցնում ես, ուրեմն՝ խանդելու առիթ կա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ոչ մի անգամ չէր պատահել, դրա համար եմ հարցնում», եւ ամուսինը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ոչ մի անգամ առիթ չես տվել, դրա համար էլ չի պատահել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «հիմի առիթ տվել ե՞մ», եւ ամուսինը բավական երկար մտածեց ու ասաց՝ «դո՛ւ կիմանաս», եւ Լիանան բավական երկար մտածեց ու ասաց՝ «ցավն  էն ա, որ ես էլ չեմ իմանում», եւ ամուսինը բավական երկար մտածեց ու ոչինչ չասաց, եւ Լիանան էլ էր լուռ, եւ դստրիկն արդեն  ինչ-որ բան երեւի զգացել էր եւ մորը մոտենալով՝ ականջին շշնջաց՝ «էդ ո՞վ էր, մամ», եւ ամուսինը դստեր շշնջոցը լսելով՝ կնոջն ասաց՝ «գոնե աղջկադ ասա», եւ դուստրը նորից հարցը կրկնեց, եւ երբ դուստրը երկրորդ անգամ հարցը կրկնեց, Լիանայի հեկեկոցն անհասկանալիորեն ու մեկից բռնեց ու բավական երկար շարունակվեց, եւ որոշ ժամանակ անց ամուսինը խոսեց ու Լիանային ասաց՝ «հանգստացի. էլ քեզ հարց տվող չկա», եւ աղջիկը մորը գրկելով ու համբուրելով ասաց՝ «հանգստացի, մամ», եւ Լիանան հեկեկալով ամուսնուն ասաց՝ «գաղտնիք ունենալու իրավունքը մենակ քեզ ա՞ տված», եւ ամուսինը չպատասխանելով գնաց ննջարան, եւ աղջիկը նորից մորը համբուրելով ասաց՝ «հանգստացի, մամ», եւ Լիանան աչքերը սրբելով ու դստերը համբուրելով ասաց՝ «հանգիստ եմ, բալես», եւ աղջիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ հանգիստ ես, բա ինչի՞ ես լացում», եւ Լիանան աչքերը սրբելով ու աղջկան համբուրելով ասաց՝ «ես էլ չեմ հասկանում՝ ինչի եմ լացում» եւ արցունքները սրբելով ավելացրեց՝ «աչքերիցս իրանց-իրանց թափվում են», եւ աղջիկը հարցրեց՝ «բայց ի՞նչ ա էղել, այ մամ», եւ Լիանան նորից աղջկան համբուրելով ու նորից աչքերը սրբելով ասաց՝ «գիտես թե՝ ես հասկանում ե՞մ», եւ աղջիկը հարցրեց՝ «ի՞նչը չես հասկանում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու աչքերը սրբելով ասաց՝ «մի բան էլ ա չեմ հասկանում», եւ աղջիկը հարցրեց՝ «որ չես հասկանում, ինչի՞ ես լացում», եւ Լիանան արցունքների միջից ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ էլ չեմ հասկանում» եւ աղջկան համբուրելով ավելացրեց՝ «գնա քնի. արդեն ուշ ա», եւ աղջիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «քո համար ուշ չի՞», եւ Լիանան աղջկան համբուրելով ու աչքերը  սրբելով՝ թախծոտ ժպտաց ու ասաց՝ «շա՜տ ուշ ա» եւ թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «քեզ աշխարհի չափ սիրում եմ», ու էդ պահին աղջկա աչքերն էլ  լցվեցին, եւ աղջիկը մորը համբուրելով լացակումած ասաց՝ «ես էլ քեզ եմ աշխարհի չափ սիրում», եւ Լիանան աչքերը սրբելով ու աղջկան համբուրելով հարցրեց՝ «որ ինձ սիրում ես, մի բան որ խնդրեմ՝ կանե՞ս», եւ աղջիկը լացակումած ասաց՝ «ասա», եւ Լիանան աղջկան  համբուրելով հարցրեց՝ «ինձ մենակ կթողե՞ս», եւ աղջիկը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ», եւ Լիանան աղջկան համբուրելով եւ արցունքների միջից ժպտալով ասաց՝ «հիմի», եւ աղջիկը  մորը համբուրելով լացակումած հարցրեց՝ «բա դու չես քնելո՞ւ», եւ Լիանան արցունքների միջից պատասխանեց ու ասաց՝ «ոնց որ միշտ», եւ աղջիկը արցունքների միջից ասաց՝ «խիղճն էլ ա լավ բան, այ մամ», եւ Լիանան արցունքների միջից հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ես ասում», եւ աղջիկը  հեկեկալով ասաց՝ «օրվա մեջ մի ժամ էլ չես քնում», եւ Լիանան աղջկան համբուրելով ու հեկեկալով ասաց՝ «էդ մի ժամն ինձ լրիվ հերիք ա, բալես», եւ աղջիկը լացակումած ասաց՝ «պատկերացնում եմ՝ ինչքան դժվար ա», եւ Լիանան արցունքների միջից հարցրեց՝ «ի՞նչն ա դժվար», եւ աղջիկը հեկեկալով ասաց՝ «սաղ գիշեր չքնելը», եւ Լիանան մի քիչ մտածեց ու արցունքները սրբելով ասաց՝ «իմ համար դժվար չի», եւ աղջիկը լացակումած հարցրեց՝ «ո՞նց դժվար չի», եւ Լիանան արցունքների միջից ժպտալով ասաց՝ «արդեն սովորական ա դառել», եւ աղջիկը մի քիչ մտածեց ու լացակումած հարցրեց՝ «չքնելը ո՞նց կարա սովորական դառնա», եւ Լիանան աղջկան համբուրելով ու արցունքների միջից ժպտալով ասաց՝ «նույնիսկ հաճելի ա», եւ աղջիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա հաճելի», եւ Լիանան արցունքների միջից պատասխանեց ու ասաց՝ «անքնությունը», եւ աղջիկը զարմացած հարցրեց՝ «անքնությունը ո՞նց կարա հաճելի ըլնի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու արցունքների միջից ժպտալով ասաց՝ «որ անքնությանդ ժամերին հաճելի բաների մասին ես մտածում, անքնությունը լավ էլ հաճելի ա դառնում» եւ մի քիչ էլ մտածեց ու արցունքների միջից ժպտալով ավելացրեց՝ «որ հաճելի բաների մասին ես մտածում, նույնիսկ  ապրելն ա հաճելի դառնում», եւ աղջիկը մի քիչ մտածեց ու արցունքների միջից ժպտալով ասաց՝ «դե լավ. գնամ՝ քեզ չխանգարեմ, մամ ջան», եւ Լիանան աղջկան համբուրելով ասաց՝ «բարի գիշեր, բալես», եւ աղջիկը մորը համբուրելով ու արցունքների միջից ժպտալով ասաց՝ «քեզ էլ բարի գիշեր», եւ Լիանան  հեկեկալով աղջկան ասաց՝ «էդ լաց ըլնելդ էլ թարգի», եւ աղջիկն արցունքների միջից ասաց՝ «սկզբում դու լաց էղար» եւ մի քիչ մտածեց ու լացակումած ավելացրեց՝ «դու որ չլացեիր, ես չէի լացի» եւ մի քիչ էլ մտածեց ու  հարցրեց՝ «բայց ինչի՞ ես լացում, այ մամ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «ես էլ չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու արցունքների  միջից ժպտալով ավելացրեց՝ «արդեն սովորություն ա դառել», եւ աղջիկը մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «ըսենց որ շարունակվի, իմ մոտ էլ սովորություն կդառնա», եւ Լիանան աղջկան համբուրելով արցունքների միջից ասաց՝ «Աստված ոչ անի», եւ աղջիկը մորը համբուրելով՝ արցունքների միջից ասաց՝ «դե լավ. ես գնամ քնեմ» եւ մի քիչ մտածեց ու արցունքների միջից ժպտալով ավելացրեց՝ «գնամ քնեմ, որ քեզ չխանգարեմ», եւ Լիանան արցունքների  միջից ժպտալով ասաց՝ «հա, բալես», եւ աղջիկն արցունքների միջից ժպտալով ասաց՝ «քեզ պինդ պահի, մամ» եւ մի քիչ մտածեց ու արցունքների միջից ժպտալով ավելացրեց՝ «քեզ մի թուլացրու», եւ Լիանան մի քիչ մտածեց ու արցունքների միջից ժպտալով ասաց՝ «դու էլ պինդ կաց» եւ մի քիչ էլ մտածեց ու արցունքների միջից ժպտալով ավելացրեց՝ «իմ թուլությունը դու ես» եւ մի քիչ էլ մտածեց  ու արցունքների միջից ժպտալով ավելացրեց՝ «իմ պնդությունն էլ ես դու», եւ աղջիկը Լիանային համբուրելով՝ արցունքների միջից ասաց՝ «բարի գիշեր, մամ», եւ Լիանան արցունքների միջից ժպտալով ասաց՝ «բարի գիշեր, բալես», եւ երբ աղջիկը գնաց, Լիանայի հեկեկոցը մեկից սաստկանալով՝ բավական երկար շարունակվեց, եւ երբ ժամը մեկի կողմերը հանգստացավ ու խաղաղվեց, մտածում-մտածում ու չէր հասկանում՝ ինչու հանկարծ էդքան թուլացավ ու էդպես փուլ եկավ, բայց իր իսկ ասածը հիշելով՝ փորձեց հաճելի բան մտածել եւ առաջին իսկ փորձից հայտնվեց Հայաստանում, ավելի ճիշտ՝ Երեւանում, իսկ ավելի ճշգրիտ՝ Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում, եւ բեմին իր ողջ հասակով իր հարազատ հայրն էր, եւ իր հարազատ հայրը դերասան Կարեն Ջանիբեկյանի արտաքինով էր, եւ չնայած ամուսնու քիչ առաջվա խանդն առաջինը լինելով՝ բավական ակնհայտ էր, ինքն էդ պահին դերասան Կարեն Ջանիբեկյանի հանդեպ նույն զգացումն ուներ՝ որ ունեցել էր եւ ուներ իր հարազատ հոր հանդեպ, ու էդ պահին մտքի ծայրով էլ չէր անցնում, որ իր էդ զգացումը հանկարծ կարող է միանգամայն այլ զգացմունքի վերածվել, բայց էդ գիշեր ինքն արդեն կյանքում առաջին անգամ զգացել ու հասկացել էր, որ ամուսնուն չի սիրում, եւ երբ հեկեկոցը թողեց ու մեկից խաղաղվեց, էդ նույնը երկրորդ անգամ զգաց ու հասկացավ, եւ երբ նույնը երկրորդ անգամ զգաց ու հասկացավ, բջջայինը երկրորդ անգամ «Իմ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ» երգի հանգով նվագեց, եւ չնայած էդ երգն իր հոր սիրած երգն էր, էդ անգամ էդ մեղեդին անմիջականորեն ի՛ր սրտի հետ խոսեց ու անձամբ ի՛ր սիրտը թրթռացրեց, եւ չնայած սիրտը շատ ուժեղ թրթռացրեց, եւ չնայած  բջջայինի էկրանին անձամբ Ջանիբեկյանի հեռախոսի համարն էր շողշողում, Լիանան չէր շտապում միանալ Ջանիբեկյանին, եւ երբ հոր սիրած մեղեդին երրորդ անգամ հնչեց, Լիանան միացավ Ջանիբեկյանին, ու էդպես ահագին ժամանակ միացած մնացին, եւ հետագայում Կարենը, հանաքով իհարկե, Լիանայի երեսով էր տալիս, որ էդ գիշեր բջջայինի իմաստով իրեն ահագին ծախսի տակ գցեց, եւ հանաքը հանաք, բայց էդ հանգամանքն իր մեջ ահագին ճշմարտություն էր պարունակում, որովհետեւ իրենց էդ գիշերվա  խոսակցությունը, ավելի ճիշտ՝ էդ գիշերվա իրենց էդ մեծ լռությունը չափազանց երկար տեւեց, եւ երկուսն էլ ավելի շատ լռում էին, քան՝ խոսում, ճիշտ այնպես, ինչպես մենք էինք մեր ջահել ու սիրահարված տարիներին մեր սիրելիների հետ հեռախոսով ժամերով լռում, բայց սովետական տարիների մեր հեռախոսային ռոմանտիկ ու լեփլեցուն լռությունը, պատահում էր, ամբողջ գիշեր էր շարունակվում ու տեւում, որովհետեւ անվճար էր, մինչդեռ Կարենի ու Լիանայի էդ գիշերվա մեծ լռությունն ամսվա վերջին չափազանց թանկ նստեց ժողովրդական դերասան Ջանիբեկյան Կարենի վրա, որովհետեւ երկուսն էլ էդ գիշեր շատ քիչ խոսեցին ու չափազանց շատ լռեցին, եւ հետաքրքիրն էն էր, որ իրենց էդ  կեսգիշերային մեծ լռությունը ոչ թե սիրուց էր, այլ հիմնականում՝ ասելու բան չունենալուց, ավելի ճիշտ՝ Կարենն ասելու բան ուներ, բայց ոչ մի կերպ չէր կարողանում ասելիքն ասել, որովհետեւ էդ գիշեր արդեն Լիանայի հանդեպ ուներ էն զգացումը, որ Լիանան հաջորդ օրը պիտի Կարենի հանդեպ ունենար, իսկ մինչ այդ՝ գիշերային էդ երկրորդ խոսակցության ընթացքում ընդամենը լռում էր, որովհետեւ, եթե Կարենն ասելիք ուներ ու ոչ մի կերպ չէր կարողանում ասելիքը ձեւակերպել, Լիանան Կարենին որեւէ ասելիք չուներ՝ շնորհակալությունից բացի, բայց երկուսն էլ իրենց բջջայինները չէին անջատում՝ Լիանան քաղաքավարությունից, իսկ Կարենը՝ զգացմունքներից դրդված, չնայած, էդ ժամանոց լռության ընթացքում նրանց մեջ որոշ խոսակցություն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, մանավանդ՝ էդ ժամանոց լռության մեջտեղներում, որովհետեւ էդ ժամանոց լռության մեջտեղներում Ջանիբեկյան Կարենը հանկարծակի խոսեց ու ասաց՝ «կներես, որ զահլեդ տանում եմ, Լիանա Ջան», եւ Լիանան զարմացած ասաց՝ «բայց բան չեք խոսել, պարոն Ջանիբեկյան», եւ Կարենը նորից խոսեց ու Լիանային  հարցրեց՝ «քեզ որ մի բան խնդրեմ, կանե՞ս», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կփորձեմ, պարոն Ջանիբեկյան», եւ որոշ լռությունից հետո Կարենը նորից խոսեց ու Լիանային ասաց՝ «սրանից հետո ինձ պարոն Ջանիբեկյան չասես», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ասեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Կարեն ասա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ախր…», եւ Կարենն անսպասելի գոռաց՝ «ոչ մի ախր» եւ որոշ լռությունից հետո ձայնը ցածրացնելով ավելացրեց՝ «Կարեն կասես», եւ Լիանան որոշ լռությունից հետո ասաց՝ «ինչ-որ բան էիք ուզում խնդրել, Կարեն», եւ որոշ լռությունից հետո Կարենն ասաց՝ «եթե Կարեն ես ասում, ուրեմն՝  հետս դուք-ով չպիտի խոսաս», եւ Լիանան մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «ախր…», եւ Կարենը նորից գոռաց՝ «ոչ մի ախր» եւ գոռալով ավելացրեց՝ «սրանից հետո հետս դու-ով կխոսաս ու Կարեն կասես», եւ Լիանան բավական երկար մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ինչ-որ բան էիր խնդրում, Կարեն», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ էի խնդրում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ասեցիր՝ որ մի բան խնդրեմ, կանե՞ս», եւ Կարենը որոշ լռությունից հետո հռհռալով ասաց՝ «հենց էդ էի խնդրում» եւ հռհռալով ավելացրեց՝ «խնդրում էի, որ ինձ Կարեն ասես ու հետս էլ դու-ով խոսաս», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ դժար բան ես խնդրում, բայց կփորձեմ կատարել», եւ Կարենն ասաց՝ «առանձնապես մեծ բան չեմ խնդրում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծ բան չի, բայց հեշտ բան էլ չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամեն դեպքում՝ կփորձեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինձնից կախված ամեն ինչ կանեմ, Կարեն ջան», եւ Կարենը որոշ լռությունից հետո ոգեւորված ավելացրեց՝ «չես պատկերացնի՝ ինչքան զիլ ա ստացվում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պատկերացնում եմ», եւ Լիանան չգիտեր ինչ ասեր ու ոչինչ չասաց, եւ որոշ լռությունից հետո Կարենը ոգեւորված ասաց՝ «երեւակայությանդ ինչքան էլ զոռ տաս, դժվար թե պատկերացնես», եւ Լիանան զարմացած  հարցրեց՝ «ի՞նչը», եւ Կարենը ոգեւորված ասաց՝ «համարյա շեքսպիրյան կերպար ա դառնում», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա շեքսպիրյան կերպար դառնում», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «հերդ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «հարազատ հայրիկդ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հարազատ հայրի՞կս ինչ կապ ունի», եւ Կարենն ասաց՝ «էդ դերը ոնց որ հատուկ իմ համար գրած ըլնես», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ մի դեր էլ չեմ գրել», եւ որոշ լռությունց հետո Կարենն ասաց՝ «հատուկ չես գրել, բայց ինքնիրան ստացվել ա» եւ որոշ լռությունից հետո ավելացրեց՝ «ոնց որ հատուկ իմ համար գրված ըլնի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «զուգադիպություն ա»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել