Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՍՏՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՄԵՍՏՆԵՐ

Մայիս 03,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունութերորդ

 

ՀԱՄԵՍՏՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՄԵՍՏՆԵՐ

 

Հիմա արդեն երկրորդ անգամ եմ նոր տողից սկսում: Եվ ահա որերորդ անգամ վերջակետ եմ գնում: Փաստորեն, հիմա էլ վերջակետի գործածությունն եմ չարաշահում: Արհեստականորեն: Եվ շատ էլ ճիշտ եմ անում, որովհետեւ վերջակետից խուսափելն արդեն ինձ մոտ սովորություն էր դարձել: Եվ էդ սովորությունս արդեն շատերի նյարդերի վրա էր ազդում: Եվ շատերն էին բողոքում, որ մշտապես խուսափում եմ վերջակետի գործածությունից: Եվ շատ էլ ճիշտ էին անում, որ դժգոհում էին, որովհետեւ ես շատ դեպքերում արհեստականորեն եմ խուսափել  վերջակետի գործածությունից: Հիմա էլ, ահա, հակառակն եմ անում: Հիմա էլ կբողոքեն ու կասեն, որ չարաշահում եմ վերջակետի գործածությունը: Որովհետեւ եթե մարդը բողոքելու ու դժգոհելու հակվածություն ունի, պատճառ միշտ էլ կգտնի: Դժգոհելու ու բողոքելու պատճառ  մարդ արարածը միշտ էլ գտնում է, որովհետեւ մարդ արարածը մշտապես էն կարծիքին է, որ ինքն էս կյանքում շատ ավելիին էր արժանի: Բայց, իհարկե, էս ասածս բոլորին չի վերաբերում, որովհետեւ համեստ մարդիկ էլ կան: Ընդ որում՝ չափից ավելի համեստ: Եվ էս չափից ավելի համեստները երբեւէ որեւէ բանից չեն դժգոհում, որովհետեւ էս չափից ավելի համեստներն իրենց մասին առանձնապես մեծ կարծիքի չեն: Բայց դա ամենեւին չի նշանակում թե՝ էս չափից ավելի համեստների մեջ արժանավոր ու բարձրակարգ մարդիկ չկան: Ամեն տեսակ մարդ էլ կա: Եվ տվյալ մարդու արժանիքներն էլ տվյալ անձնավորության  համեստության կամ անհամեստության հետ որեւէ կապ չունեն: Ճիշտ է, համեստ անձնավորության  համեստությունը հնարավորինս խանգարում է, որպեսզի տվյալ անձնավորության արժանիքների մասին հասարակությունը տեղեկանա եւ տվյալ համեստին չճանաչողները տվյալ համեստին ճանաչեն, բայցեւ տվյալ համեստի համեստությունը նպաստում է, որպեսզի համեստի արժանիքներն ավելանան ու բազմապատկվեն, որովհետեւ համեստ ու մանավանդ գերհամեստ մարդիկ սովորաբար ավելորդ ժամանակ չեն վատնում իրենց ցուցադրելու ու գովազդելու վրա, եւ իրենց էդ չվատնած ու խնայած ժամանակն անմնացորդ ծախսում են իրենց իսկ մասնագիտության գծով եւ ի վերջո ճանաչվում ու գնահատվում են որոշներիս կողմից, եւ չնայած սրանց էս ճանաչումն ու գնահատումը սովորաբար մրցանակներով ու մեդալներով չի արտահայտվում, դա առանձնապես մեծ դժբախտություն չի՝ մանավանդ եթե հաշվի առնենք, որ էս համեստները մրցանակների ու մեդալների չեն էլ ձգտում, եւ չնայած չեն ձգտում, երբեմն իրենք էլ են  ստանում, մինչդեռ անհամեստները մեդալների, շքանշանների ու մրցանակների առյուծի բաժինը հափշտակում են, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ մեր նորանկախ երկրում ու մեր իրականության մեջ անխտիր բոլոր անհամեստներն են մեդալակիր, շքանշանակիր ու մրցանակակիր:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել