Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՆ

Մայիս 10,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունիններորդ

 

ԲՆԱԿԱՆ

 

Մեր իրականության մեջ անհամեստների քանակն ուղիղ համեմատական չէ շքանշանների, մեդալների ու մրցանակների քանակին. այսինքն, անհամեստների քանակն անհամեմատ ավելին է, քան՝ մեդալների, շքանշանների ու մրցանակների քանակը, եւ չնայած էսպես վարժ խոսում ու ճամարտակում եմ, իմ առումով դժվարանում եմ որոշել՝ ինձ համեստների՞ շարքում դասեմ, թե՞, ընդհակառակը, անհամեստների, եւ հատկապես էս պահին եմ դժվարանում որոշել, որովհետեւ վերջերս եւ մեդալի եմ արժանացել, եւ մրցանակի, բայց, այդուհանդերձ, ես ինձ իրավունք եմ վերապահում համեստների շարքում դասվել, որովհետեւ էս մրցանակս չափազանց համեստ է՝ մանավանդ դրամական առումով, եւ որ ասում եմ՝ չափազանց համեստ մրցանակ է, էդ արդեն իսկ անհամեստություն է, որովհետեւ մի ուրիշ գրողի համար էդ մրցանակը լավ էլ երեւելի մրցանակ է՝ մանավանդ դրամական առումով, որովհետեւ էս նոր ու անհոնորար ժամանակներում իմ  էս մրցանակն արտահայտող քառասուն հազար դրամը գրողներից շատերի համար կարող էր սպեղանի լինել, եւ ինձ համար էլ էր որոշ չափով սպեղանի, բայց, այսուհանդերձ, էս մրցանակն իմ ստացած մրցանակներից ամենահամեստն է՝ հենց դրամական առումով, իսկ ինչ վերաբերում է վերջերս ստացածս մեդալին, էդ մեդալը չափազանց համեստ չեմ կարող անվանել՝ հենց թեկուզ էն պատճառով, որ էդ մեդալը կրում է մեծն Գրիգոր Նարեկացու անունն ու պատկերը, եւ չնայած էս մեդալն իբրեւ պետպարգեւ էապես է զիջում Մովսես Խորենացու անունը կրող մեդալին, իրականում ինձ ավելի  հոգեհարազատ է՝ հենց թեկուզ էն պատճառով, որ Նարեկացին իմ իմացած բանաստեղծներից մեծագույնն է, եւ չնայած իմ համադասարանցի սրտաբան Կարոն չի հավատում, որ որեւէ մահկանացու ծայրեծայր կարդացել է Նարեկացու «Մատյանը», եւ չնայած Կարոյի էդ ասածի մեջ ճշմարտության հատիկ, այնուամենայնիվ, կա, ինձ համար Գրիգոր Նարեկացին բոլոր ժամանակների մեծագույն բանաստեղծն է. ավելին. ինձ համար Գրիգոր Նարեկացին պոեզիայից ու գրականությունից բարձր երեւույթ է եւ չի կարող տեղավորվել գրական որեւէ ժանրի սահմաններում, եւ ամենեւին պատահական չէ, որ Հարությունյան Հայկունին աշխարհի բոլոր ժամանակների բանաստեղծներից միայն Գրիգոր Նարեկացուն ու Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինին է քսան բալի արժանացրել, եւ հիմա Հարությունյան Հայկունուն ու Հայկունու քսանբալանոց  համակարգին վերադառնալով ու անդրադառնալով եւ Հայկունու Հայկունի անունը գրական ու ճիշտ ձեւով գրելով՝ վերստին սկսում եմ մտածել, որ Հարությունյան Հայկունու Հայկունի անունն էսպես գրական ու անձնագրային տարբերակով գրելով՝ մեր իսկ հանապազօրյա կյանքից ու մեր իսկ բնական վիճակներից էապես եմ  շեղվում, եւ հանապազօրյա կյանք ասելով՝ վերստին «Մարինո» սրճարանի մեր էդ ամենօրյա իրիկնային հանդիպումները նկատի ունեմ, եւ որ ասում եմ՝ մեր բնական վիճակներից շեղվում եմ, նկատի ունեմ այն, որ օրթախականներս իրականում ու մեր էդ ամենօրյա իրիկնային հանդիպումների ընթացքում Հայկունուն ոչ թե Հայկունի ենք ասում, այլ՝ Հայկուն:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031