Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքը միայն տղամարդու եւ կնոջ միավորում չէ

Ապրիլ 05,2012 13:44

Այս կարծիքին է PINK հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը

Միասեռական ամուսնության իրավունքը չի դասվում մարդու իրավունքների շարքին, ուստի նման հնարավորություն չտվող կամ այն արգելող պետությունները չեն խախտում մարդու իրավունքները. ահա այսպիսին է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Ստրասբուրգ) վերջերս կայացրած վճիռը: Դա հաստատումն է 2010թ. նախադեպի, երբ նույն այդ դատարանն իր վճռով որոշեց, որ Ավստրիան չի ոտնահարում մարդու իրավունքները՝ մերժելով գրանցել միասեռական ամուսնությունները:

Դատարանի որոշման մեջ նաեւ նշվում է, որ պետությունը պարտավոր չէ միասեռական զույգերին տալ նույն իրավունքները, որոնք տրվում են տարասեռ ընտանիքներին: Դատարանի այդ որոշումը շատ լուրջ փաստարկ է հանուն ընտանեկան արժեքների եվրոպացիների պայքարում, քանի որ իր վճռով Եվրոպական դատարանը, փաստորեն, ընդունել է, որ ընտանիքը բացառապես տղամարդու եւ կնոջ միություն է, այլ ոչ թե երկու տղամարդկանց կամ երկու կանանց միություն:

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» (PINK) հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանի հետ, որին մտահոգում են միասեռականներին վերաբերող խնդիրները: Մ. Հովսեփյանի ձեւակերպմամբ՝ «Ընտանիքը ոչ միայն տղամարդու եւ կնոջ միավորում է, այն կարող է լինել մայր ու զավակ, տատիկ ու թոռ, քույր ու եղբայր եւ այլն: Սխալ է այն բացատրությունը, երբ ասում են՝ ընտանիքը դա հայր, մայր, զավակներ, տատիկ ու պապիկ միավորումն է: Երբ վերոնշյալ անդամներից մեկը կամ մի քանիսը բացակայում են կամ տվյալ ընտանիքում տարբեր պատճառներով երեխաներ չեն ծնվել, այդ ընտանիքը կրկին ընտանիք է»:

Ինչու չէ, դատարաններն էլ են երբեմն ծայրահեղական լինում, ասում է Մ. Հովսեփյանը, հավելելով, որ մարդու իրավունքները հստակ սահմանված են տարբեր հռչակագրերում եւ այնտեղ հենց շեշտադրվում է ո՛չ խտրական վերաբերմունքը՝ անկախ անձի կողմնորոշումից եւ այլ հանգամանքներից:

«Մեկ այլ տեսակետից կնայեմ այս հանգամանքին. փաստորեն, նրանք, ովքեր դեմ են նույնասեռ ամուսնություններին, ցանկանում են, որ գեյն ամուսնանա իրենց դստե՞ր կամ քրո՞ջ հետ, իսկ լեսբուհին՝ զավակի՞ կամ եղբո՞ր»,- նշում է PINK-ի նախագահը՝ ավելացնելով, որ, եթե նույն կառույցները հստակ բացատրություն ունեն, թե ինչու են մերժում նույնասեռ ամուսնությունները եւ ինչով է դա վնաս կամ վատ, թող հստակ մեկնաբանեն:

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 12-ն ասում է. «Ամուսնական տարիքի հասած տղամարդիկ եւ կանայք ունեն ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք՝ այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան»:

Ինչպես բազում այլ հռչակագրերում եւ տարբեր երկրների սահմանադրություններում, այնպես էլ ՀՀ սահմանադրության հոդված 35-ում նշվում է, որ ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնության ու ընտանիք կազմելու իրավունք: Ինչպես Եվրոպական կոնվենցիայում, այնպես էլ մեր Սահմանադրությունում չի նշվում, որ միայն տարասեռ զույգերն իրավունք ունեն ամուսնության»,- հավելեց Մ. Հովսեփյանը՝ շեշտելով, որ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ անձի սեռական կողմնորոշումը անձի ընտրությունն չէ, իսկ ցանկացած անձ իրավունք ունի լիարժեք ապրել իր կյանքը՝ անկախ նրանից, թե նա ունի հասարակության կողմից չընդունված կողմնորոշում, սոցիալական անկայուն վիճակ, հաշմանդամություն, անպտղություն կամ չի համապատասխանում մեր կարծրատիպերին ու նորմերին:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30