Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստոնեական» ծեծից մինչեւ Համզաչիմանի փառատոն

Ապրիլ 13,2012 17:22

Ապրիլի 12-ին Գյումրիում նախատեսված ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնը բոյկոտվեց, իսկ նախաձեռնության հեղինակ, Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը ծեծվեց եւ հռչակվեց ազգի դավաճան: Համացանցում նրան վերաբերող բոլոր տեսագրություններն էլ հայհոյախառն մեկնաբանություններով են:

Aravot.am-ը մշակույթի գործիչներին խնդրեց մեկնաբանել փառատոնի հետ կապված աժիոտաժը:
«Ավելի ապուշ բան, քան շովինիստական մղումները, դժվար է պատկերացնել»,- ասաց Տիկնիկային թատրոն տնօրեն եւ ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: «Վերջերս, երբ մեր պատգամավորները գնացին Բաքու, ինչ-որ հույս արթնացավ ինձ մոտ, որովհետեւ շատ լավ պահեցին իրենց, չիջանք իրենց մակարդակին, չպատասխանեցինք Ալիեւին նույն ձեւով: Այստեղ գալուց հետո շատ խելոք բաներ էին ասվում, որ չպետք է խառնել ժողովրդին ու պաշտոնական առաջնորդին: Սակայն այն, ինչ կատարվեց օրերս, պարզապես ջնջեց այդ ամենը, մենք էլ ապացուցեցինք, որ որեւէ բանով չենք տարբերվում մեր հարեւաններից: Ես չե՛մ ընդունում հայրենասիրությունն՝ ուղղված ֆիլմերի դեմ: Օրերս youtube-ում մի բան էի նայում, որտեղ դրոշակ պատռելու ու մարդ ծեծելու հետ միասին երգում էինք, թե ինչ առյուծներ ենք մենք: Ես առյուծ հասկացությունը մի քիչ ուրիշ կերպ եմ ընկալում, եւ չեմ կարծում, թե դրա մեջ մեծ խիզախություն կա: Եվ հետո միշտ չէ, որ ժողովրդի տրամադրություններով գնալը ճիշտ է մտավորականի համար: Մի խոսքով, ինձ վրա տհաճ տպավորություն թողեց այս ամբողջ պատմությունը, հայրենասիրությունը, որ ուղղված է ֆիլմեր չդիտելուն, իսկ եթե մեր հակառակորդը լինեին, ասենք՝ ֆրանսիացիները, պիտի արգելեի՞նք ֆրանսիական ֆիլմերը, չէի՞նք կարդալու ֆրանսիական գրականություն…»:

Սիրված ռեժիսոր եւ դերասան Արմեն Էլբակյանն, որ առանձնապես տեղյակ չէր փառատոնի ու նրա կազմակերպչի հետ կատարվածի մանրամասներին, ասաց. «Լավ չէ, որ ծեծել են Վանյանին, եւ լավ չէ, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն են կազմակերպում: Ամբողջ աշխարհի ֆիլմերը նայել ենք, մնացել է ադրբեջակա՞նը: Բռնությանը, ծեծելուն դեմ եմ՝ հայը հային կծեծի՞, քրիստոնյա մարդիկ ենք ախր, բայց ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ո՞րն է, այն էլ ապրիլ ամսին: Խաղաղարար նախաձեռնությունն էլ այն չէ, որ անպայման ադրբեջանական ֆիլմեր նայենք, մանավանդ՝ մեր գեղարվեստական ճաշակը չեմ կարծում, թե դրանք կբարձրացնեն: Ընդհանրապես, երբ որեւէ փառատոն է արվում, պետք է հասկանանք, թե որքանով է այն մեզ օգուտ եւ ոչ ժամանակավրեպ: Իսկ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ժամանակավրեպ է՝ մեր վերքը չի սպիացել… Եթե կազմակերպվեր ֆրանսիական կամ իտալական ֆիլմերի փառատոն, կհասկանայի, որ գեղարվեստական խնդիրներ են ուզում լուծել եւ էս դեգրադացված մարդկանց ինչ-որ նոր բաներ ցույց տալ, ադրբեջանականը, չեմ կարծում, թե էդպիսի խնդիր կլուծի: Գուցե համզաչիմանական ֆիլմերի փառատոն է՞լ անենք»:

Ճանաչված դերասան Արտաշես Ալեքսանյանը, որ հեռուստադիտողին հայտնի է որպես սերիալի «Լորդ», Վանյանի ու ադրբեջանական ֆիլմերի փառատոնի «մասով» նշեց. «Չարժեր ադրբեջանական ֆիլմերի փառատոն նախաձեռնել Հայաստանում, իբր ո՞ւմ համար են անում: Ճիշտ էլ արել են, որ ծեծել են, ինքը (Գեորգի Վանյանը) ինչո՞վ է մտածել, որ ուզում է նման փառատոն անել Հայաստանում: Իրեն ուղղակի կարելի է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչում տալ ու քաշել շշի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Ըստ ադրբեջանական մամուլի, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի նախաձեռնությամբ նախատեսվում է հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել իրենց երկրում: Ստացվում է, իրե՞նք էլ Գեորգի Վանյան ունեն:

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30