Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի կյանքի ոչ այնքան հայտնի էջից մինչև «Կաքավիկ» հայտնի ու սիրված երգի ստեղծման պատմությունը

Հուլիս 20,2026 14:47 Share

Մեր մշակութային գործիչներից թերևս ոչ մեկի մասին այդքան չի գրվել, խոսվել, որքան Կոմիտասի։ Այս ամենով հանդերձ, եղածը հեռու է սպառիչ լինելուց։ Վարդապետը հետաքրքրում է կամ հետաքրքիր է ոչ միայն իր երաժշտությամբ, այլ իրեն շրջապատող բազմակողմանի մշակութային կյանքով։ Կարծում ենք՝ այնքան էլ հայտնի չեն նրա կապերը թատրոնի ներկայացուցիչների հետ։ Կոմիտասը մտերիմ է եղել հայ բեմի վարպետների հետ։

Մեկ-երկու փաստ բերենք․ Գուրգեն Գասպարյանի «Կոմիտաս Վարդապետ» լուսանկարների ալբոմից, դերասան-գրող Միքայել Մանվելյանի հուշերից տեղեկանում ենք, որ պատանեկան տարիներից նկատելի է եղել Կոմիտասի սերն ու հետաքրքրությունը թատերական արվեստի հանդեպ։ Նա տարված է եղել Սիրանույշի, Պետրոս Ադամյանի խաղով, ֆրանսահայ Մաքս Մաքսուտյանի տաղանդով, որը ֆրանսիական թատրոնի դերասան Սառա Բեռնարի խաղընկերն էր։ Բարեկամություն է արել Հովհաննես Աբելյանի հետ և այլն։

Հրաչյա Աճառյանն իր հուշերում պատմում է, որ Կոմիտասը շրջապատին փոխանցել է ուրախություն, թեթևություն և, բացի երաժշտական հանճարից, օժտված էր նաև դերասանական շնորհքով։ Տարված է եղել նաև կոմեդիայի ժանրով՝ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված է վերցրել՝ «Բարի իրիկուն, աղա», գրել երաժշտություն ու ձայնագրել։

Թերթելով հայ թատրոնի վերջին մի քանի տասնամյակների պատմության էջերը՝ չհանդիպեցինք և ոչ մի բեմադրության, որտեղ ներկայացված լիներ Կոմիտասի կերպարը։ Թեպետ հասկանալի է, որ բարդ է, գուցե անհնար, մոտ գնալ այդ դերին։ Այնուամենայնիվ, համաձայնեք, որ կարելի է խորը ուսումնասիրության արդյունքում գրել սցենար՝ մեկտեղելով Կոմիտասի կյանքի տարբեր շրջաններից դրվագներ, դիպվածներ…, այնպես, ինչպես Ազգային տիկնիկային թատրոնի՝ վերջերս Մարիկա Դովլաթբեկյանի ռեժիսուրայով ներկայացված «Կոմիտասը» ներկայացումն է։

Ռուբեն Բաբայան

Պրեմիերայից հետո Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր, տիկնիկային թատրոնի տնօրենի գեղարվեստական հարցերով խորհրդական Ռուբեն Բաբայանը, գոհ լինելով բեմադրության արդյունքից, ասաց․

«Ռաֆայել Արամյանի «Կաքավիկ» պատմվածքն է հիմք հանդիսացել այս բեմադրության համար, որտեղ նկարագրված է, թե ինչպես Կոմիտասին նվիրում են երկու կաքավ, որ նա ճաշ պատրաստի, բայց այնպես է ընկերանում թռչունների հետ, որ հետ է կանգնում այդ մտքից ու ազատության է բաց թողնում, փոխարենը՝ «Կաքավիկ» հայտնի ու սիրված երգն է հորինում»։

Հարցին՝ ինչպե՞ս ծնվեց գաղափարը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Հասարակության մեջ կարծրացած ընկալում կա․ Կոմիտասի կերպարը միշտ կապվում է ցեղասպանության հետ, եկեղեցական լինելու հետ… Մինչդեռ իրականում ժամանակակիցների հուշերում մշտապես հիշատակվում է նրա կենսուրախ լինելու, հումորի զգացում ունենալու հանգամանքը։ Ուզեցինք այդ տեսակ Կոմիտաս ցույց տալ, որովհետև հումորը կյանք է, կյանքն էլ սեր է, իսկ սիրող մարդը չի կարող ապրել առանց հումորի, հումոր չունենալ»։

Հավելեց՝ նշելով․ «Ներկայացման պատմությունը շատ պարզ է, ինչպես Կոմիտասի «Կաքավիկ» երգը»։

Ներկայացումը դեռևս չդիտած հանդիսականին տեղեկացնենք, որ այստեղ ընդգրկված են թատրոնի տիկնիկավարներ Մարիամ Ալեքսանյանը, Շուշաննա Ալիխանյանը, Գևորգ Մարգարյանը։ Կոմիտասի դերակատարն է Մուշեղ Բաբայանը, որը նաև նկարչական ձևավորման հեղինակն է։

Կոմիտասյան սիրված երգերի՝ «Կաքավիկ», «Սոնա յար» և այլն, ինչպես նաև Հայրիկ Մուրադյանի մեկ-երկու երգերի կենդանի կատարումով հանդես է գալիս Սևադա Համբարձումյանը, որը նաև իրականացրել է երաժշտական ձևավորումը։

Ներկայացումն ամբողջանում է վիդեոպրոեկցիայի՝ տարբեր տեսարանների, հաճախ դրանց որոշակիորեն խոշոր պլանով ներկայացմամբ, ինչն ապահովում է Նարեկ Սահակյանը։ Հետաքրքրական է, որ հանդիսատեսի աչքի առջև դռան ճռռոցը, որը ստացվում է փուչիկի միջոցով, լսվում է նաև ջրի գլգլոցի ձայնը…

Ներկայացման տիկնիկները մատների տիկնիկներ են՝ հագցված մատներին, ձեռքի վրա՝ յուրահատուկ մեխանիզացիայով, ինչի շնորհիվ նրանք քայլում են, նստում, թռչում…

Ռուբեն Բաբայանը, իրավացիորեն նշելով, որ, թեպետ, իր խոսքերով, ներկայացումն այդքան էլ մանկական չէ, բայց երեխաների արձագանքից հիացած է․ «Երեխաները դեռ չեն հասցրել ստեղծել կաղապարված Կոմիտասի կերպար։ Նրանք արձագանքում են, իրենց ձայնը միացնում երգչին։ Ամեն ինչ ազատ է ու բնական՝ Կոմիտաս ընկալելու համար»։

Վերջում ներկայացնենք երկու մասնագետի կարծիք։

Թատերագետ Սուսաննա Բրիկյան․ «Հայ երաժշտարվեստի հենասյան կերպարը սովորաբար և շատ հաճախ ներկայացվել է լալագին տոնայնության մեջ, թախծաշունչ տեմբրով՝ դժբախտ։ Այսպիսի մոտեցման հեղինակների դրամատուրգիական մեկնակետը Վարդապետի կյանքի վերջին՝ ողբերգական շրջանն է եղել, այսինքն՝ սկսել են վերջից։ Անտեսվել է այն, որ երաժշտության, այն էլ բնության բոլոր արձագանքներն իր հնչյունաշարում ամփոփած երաժշտությանը սիրահարված ու իր կյանքը դրան նվիրած մարդը չէր կարող կենսախինդ չլինել։

Մարիկա Դովլաթբեկյանի՝ Կոմիտասի կերպարաստեղծման ելակետը այդտեղից էր մեկնարկում։ Ներկայացման դրամատուրգիական պայմանաձևը նրա երգերի բովանդակության վրա էր կառուցված, իսկ Վարդապետի կատակասեր, բարի, բնության մեջ ու դրան ներդաշնակ կերպաձևը բխում էր իր ստեղծագործությունների պարզ, բայց միևնույն ժամանակ հանճարեղ հայեցակարգից։

Կոմիտասը կյանքը սիրող, ազատ, դաշտի ու կաքավների թևերին մտովի բազմած, կտուրներին սավառնող ու երգող երազող մարդ է եղել»։

Տիկնիկային արվեստի տեսաբան Հայրապետ Հակոբյան․ «Կոմիտասը» տիկնիկային ներկայացումը նորովի է բացում մեծանուն արվեստագետի, մեծ հայի աշխարհը՝ միավորելով երգը, բեմական արվեստն ու կենդանի պատկերները։

Ներկայացումը Կոմիտասին ներկայացնում է որպես ստեղծագործող և մարդ՝ իր պարզությամբ, սիրով ու բնության հետ ունեցած խոր կապով։

Նա բեմում ներկայանում է ոչ թե որպես հեռավոր կոթող, այլ որպես զգացող ու ստեղծագործ անհատ, որի համար յուրաքանչյուր ձայն ու երևույթ կարող էր դառնալ երգի աղբյուր։

Ռաֆայել Արամյանի «Կաքավիկ» ստեղծագործության բեմական ընթերցման միջոցով բացահայտվում է Կոմիտասի ներաշխարհը, իսկ կաքավների պատմությունը դառնում է ներկայացման կարևոր ու հուզիչ շերտերից մեկը։

Կաքավների կերպարները բեմում իրենց հետ բերում են բնության ձայներն ու շարժումը՝ միահյուսվելով Կոմիտասի երաժշտական և հոգևոր աշխարհին։

Նրանց ճախրանքը փոխանցում է այն պարզ ու մաքուր գեղեցկությունը, որը Կոմիտասը տեսնում և լսում էր իր շուրջը։

Տիկնիկային արվեստի միջոցով ստեղծվում է մի միջավայր, որտեղ երաժշտությունն ու բեմական պատկերը լրացնում են միմյանց՝ բացելով պատմության նոր երանգներ։ Սիմվոլիկ պատկերների միջոցով բեմադրությունը ստեղծում է մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր կերպար ու շարժում իր մեջ կրում է գաղափար և զգացողություն։

Բեմադրությունը հնարավորություն է տալիս նոր հայացքով տեսնել Կոմիտասին՝ որպես հայ երգի և հոգևոր մշակույթի մեծ կրողի, որի ստեղծագործական ժառանգությունը դարձել է մեր ազգային ինքնության անբաժանելի մասը։

Այն բացահայտում է նրա ստեղծագործ աշխարհի նուրբ ու մինչ այժմ քիչ նկատված կողմերը և կհետաքրքրի թե՛ Կոմիտասի արվեստին քաջածանոթ հանդիսատեսին, թե՛ նրա ստեղծագործ աշխարհը նորովի բացահայտողներին։

«Կոմիտասը» ներկայացումը դառնում է ճանապարհ դեպի մի աշխարհ, որտեղ երգը ծնվում է բնությունից, մարդու զգացումներից և ժողովրդի հոգևոր հարստությունից։

Այն ևս մեկ անգամ վկայում է, որ Կոմիտասի ստեղծած երաժշտական աշխարհը շարունակում է ապրել՝ հնչելով նոր սերունդների սրտերում և պահպանելով իր անանց գեղեցկությունը»։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Հազար տարվա մասնագետն իրեն տեսաբան չի կոչի, նոր քայլեր անող Հայրապետն արդեն տեսաբա՞ն: Աստված իմ, ուր հասանք:

Պատասխանել