Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերային թատրոնը ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլ կենդանի արվեստ, որը շարունակում է նոր ձևերով ներկայանալ հանդիսատեսին. դերասան, տիկնիկային արվեստի տեսաբան

Օգոստոս 06,2026 14:26 Share

Անցած թատերաշրջանի ավարտին Aravot.am-ը Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում ներկա էր ստվերային յուրահատուկ ներկայացման՝ Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոսը» հեքիաթի ինքնատիպ մեկնաբանմամբ, «Թաթիկներ» թատերախմբի մատուցմամբ:

Սա ոչ միայն հետաքրքիր բեմադրություն էր, այլ հնարավորություն բացահայտելու, թե ինչպես է լույսի և ստվերի պարզ երևույթը դարձել թատերական արվեստի հիմք:

 

Տիկնիկային թատրոնի ինքնատիպ դրսևորում հանդիսացող ստվերների թատրոն գրեթե բոլոր ժողովուրդներն են ունեցել, բայց քչերին է հաջողվել պահպանել և սերնդեսերունդ փոխանցել այս ձևը: Գրականությունից հայտնի է, որ մեր իրականությունում ստվերների թատրոնը «Ղարագյոզ» է կոչվել, որի նախապատմությունը հետևյալն է. ըստ ավանդության թուրքական Մահմեդ սուլթանն ուներ երկու ծաղրածու՝ մեկը Ղարագյոզն էր, մյուսը՝ Հաջի Այվազը, ովքեր սուլթանի մշտական ուրախացնողներն ու զբաղեցնողներն էին: Կարճ ասած՝ շրջապատողները նախանձից դավեր են հյուսում և երկուսին էլ սուլթանի ձեռքով գլխատել են տալիս: Բայց հետո սուլթանը զղջում է: Մարդիկ էլ ավանակի կաշվից տիկնիկներ են պատրաստում Ղարագյոզի ու Հաջի Այվազի կերպարանքով, տանում սուլթանի մոտ, խաղացնում և կրկնում նրանց ասածները:

Հիմա հակիրճ, թե ինչի ականատեսը եղանք «Ձախորդ Փանոսը» ներկայացմանը: Այն բաղկացած էր երեք մասից: Սկզբում պրոեկցիայի միջոցով դերասանները ներկայացնում էին ստվերի ծագման և տարբեր մշակույթներում, այդ թվում՝ հայկական, դրա զարգացման պատմությունը՝ ցույց տալով, թե ինչպես է սովորական երևույթը վերածվել յուրահատուկ թատերաձևի:

Ներկայացումն ամբողջությամբ ինտերակտիվ բնույթ ուներ. դերասանները պատմում էին, թե ինչպես կարելի է լույսի միջոցով ստանալ պարզ պատկերներ, այնուհետև երեխաներին հրավիրում էին փորձելու։ Փոքրիկները սեփական ձեռքերով ստեղծում էին տարբեր կերպարներ՝ բացահայտելով ստվերի առաջացման գաղտնիքը: Զուգահեռ հարցուպատասխանի միջոցով ներգրավում էին երեխաներին՝ պարզելու, թե ինչ գիտեն նրանք ստվերի, ստվերային թատրոնի, Թումանյանի մասին:

Երկրորդ մասում ներկայացվեց «Ձախորդ Փանոսը»: Լույսի, ստվերի և երաժշտության համադրումը ստեղծել էր յուրահատուկ մթնոլորտ: Ռեժիսորական լուծումների շնորհիվ հայտնի հեքիաթը ներկայացվել էր հումորով՝ գրավելով թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին:

Իսկ ավարտից հետո շարունակվեց շփումը հանդիսատեսի հետ, զրույցին միացան նաև մեծահասակները՝ քննարկվում էր հեքիաթը: Կազմակերպվեց վարպետության դաս. երեխաները պատրաստեցին պարզ, ստվերային տիկնիկներ ու դրանք վերցրին իրենց հետ, որպես թատրոնի հետ կապված հաճելի հիշողություն:

Բեմադրության ռեժիսորն էր Արև Հայրապետյանը, դերասանները՝ Հայրապետ Հակոբյանը, Գարիկ Առաքելյանը և ինքը՝ ռեժիսորը:

Զրույցի հրավիրեցինք դերասան, տիկնիկային արվեստի տեսաբան Հայրապետ Հակոբյանին: Խնդրեցինք ներկայացնել իրենց թատերախմբի գործունեությունը և ընդհանրապես ստվերային թատրոնի անցյալն ու ներկան:

Խոսքը ներկայացնում ենք առանց միջամտության.

«Նախ ուզում եմ նշել, որ եu, Արև Հայրապետյանը և Վարդգես Ղազարյանը, սովորել ենք Ռուբեն Բաբայանի արվեստանոցում, ուստի տիկնիկային արվեստը մեզ համար խորթ չէր: Թեև մեր ստեղծագործական ճանապարհը սկզբում կապված էր դրամատիկական արվեստի հետ:

2023 թվականի ամռանը մասնակցեցինք Ժողովրդական արվեստների թանգարանի կազմակերպած ծրագրին, որը նվիրված էր մեր որոշ չափով մոռացված ժողովրդական արվեստների վերականգնմանը: Այդ ծրագրի շրջանակներում ընտրեցինք ստվերախաղի գաղտնիքների ուսումնասիրության ուղղությունը: Այն դարձավ մեծ բացահայտում, քանի որ ստվերային թատրոնի առանձնահատկություններն ու գաղտնիքները մեզ ներկայացրեցին «Այրոգի» ստվերների թատրոնի հիմնադիրները՝ Արմեն Կիրակոսյանի գլխավորությամբ:

«Այրոգի»-ի գործունեությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեզ համար, այլև ընդհանրապես հայկական ստվերախաղի պահպանման և զարգացման համար: Հիմնելով իրենց թատրոնը դեռ նախորդ դարում, նրանք առաջիններից են, որ երկար տարիներ զբաղվել են այս արվեստի ավանդույթի ուսումնասիրությամբ, պահպանմամբ և տարածմամբ: Նրանք մեծ ներդրում են ունեցել հայկական ավանդական ստվերախաղի վերածնման և հանրահռչակման գործում օգնելով, որ այս ավանդույթը մոռացությունից փրկվի, շարունակի զարգանալ և փոխանցվի նոր սերունդներին, ինչի մասին մենք մեր ներկայացումների ընթացքում միշտ խոսում ենք: «Այրոգի»-ն «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հետ միասին ամեն տարի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում կազմակերպում է ստվերախաղի ազգային փառատոն-մրցույթ, ինչը նույնպես նպաստում է այս արվեստի տարածմանը, զարգացմանը և նոր ստեղծագործողների ներգրավմանը:

Մեզ համար առանձնահատուկ էր և մեծ պատասխանատվություն էր նրանցից սովորելը, քանի որ հնարավորություն ունեցանք անմիջականորեն ճանաչելու այն մարդկանց փորձը, ովքեր իրենց աշխատանքով կարևոր դեր են ունեցել հայկական ստվերախաղի պահպանման ու զարգացման գործում:

Դասընթացի ավարտին ձևավորվեց մեր թատերախումբը՝ «Թաթիկներ»-ը, որը այսօր գործում է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Նույն ծրագրի շրջանակներում ձևավորվեց նաև «Էնկի» ստվերային թատերախումբը, որը նոր, հետաքրքիր մոտեցումներով է ներկայացնում ստվերների թատրոնը և գործում է հիմնականում Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում:

Ուրախալի է, որ Հայաստանում այսօր ստվերային թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: Այս ուղղությամբ աշխատում են տարբեր ստեղծագործական խմբեր: Օրինակ՝ «Բերուկ» շարժական թատրոնը ներկայացնում է հեքիաթների հիմքով ստվերային և ինտերակտիվ ներկայացումներ:

Ստվերային թատրոնի դրսևորումներ կան նաև Գյումրիում: Տեղի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, պահպանելով իր հարուստ տիկնիկային ավանդույթները, իր գործունեության ընթացքում անդրադառնում է նաև ստվերային թատրոնի հնարավորություններին: Գյումրիի մշակութային միջավայրում այս ուղղությամբ հետաքրքիր փորձ ունի նաև «Մտորումների թատրոնը», որն իր ստեղծագործական աշխատանքներում կիրառել է ստվերային թատրոնի արտահայտչամիջոցներ:

Այս արվեստի նկատմամբ հետաքրքրություն և աշխատանք եղել է նաև Շուշիում: Այդ առումով կարևոր է նշել Անի Կապլանյանի գործունեությունը, ով աշխատել է Շուշիի տիկնիկային թատրոնում և իր ստեղծագործական ճանապարհը կապել է տիկնիկային ու ստվերային թատրոնի զարգացման հետ: Շուշիում նրա գործունեությունը ևս կարևոր դեր է ունեցել այս արվեստի տարածման և պահպանման գործում: Հետագայում Անի Կապլանյանը, ամուսնու՝ Նվերի հետ միասին, շարունակեց իր ստեղծագործական ճանապարհը՝ ստեղծելով «Փայտենիկ» նախագիծը, որտեղ նույնպես անդրադարձ է կատարվում տիկնիկային և ստվերային թատրոնի հնարավորություններին:

Կարևոր է, որ հայկական ստվերախաղի դարավոր ավանդույթը շարունակի ապրել Հայաստանում՝ պահպանելով իր արմատները և, միաժամանակ, զարգանալով նոր ձևերով ու ժամանակակից մոտեցումներով: Ստվերային թատրոնը մեզ համար ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլև կենդանի արվեստ, որը շարունակում է նոր ձևերով ներկայանալ հանդիսատեսին»,- հայտնեց Հայրապետ Հակոբյանը:

Սամվել Դանիելյան

Տեսարաններ՝ Ձախորդ Փանոսը ներկայացումից

Լուսանկարները տրամադրել է Հայրապետ Հակոբյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել