
Երեկ՝ ապրիլի 17-ին, Միհրան Ծառուկյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր, Շառլ Անզնավուրի անվան հրապարակը լեփ-լեցուն էր երգչի երկրպագուներով, նրանք ծեծում էին բոլոր հնարավոր դռները՝ երգչի մոտ հայտնվելու համար: «Հավատա, կփրկեմ»՝ ձայնասկավառակի անունն է, «տղա ջան ապրես, քեզ մեծ բարձունքներ», «Միհրան ջան, քեզ շատ եմ սիրում», «գժվում եմ քո համար»՝ երիտասարդ երգչին ասվող խոսքերն են: Միհրանն էլ ժպտում է, լուսանկարվում իրեն մոտեցողների հետ եւ բաժանում իր ստորագրությունը:
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից Միհրանի գործընկերուհի Մերի Մակարյանն էլ է ներկա ձսյնասկավառակի շնորհանդեսին: Ասում է՝ նկարահանումների ժամանակ զգացվում էր՝ լարվածություն չկար, բայց Միհրանը սպասումի մեջ էր. «Հիմա էլ ուրախ եմ, որ այստեղ ենք, եւ հրաշալի առիթ է: Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերոջը, ցանկանում եմ էլ ավելի նորանոր հաջողություններ եւ բազում-բազում ձայնասկավառակներ, թող առաջինը լինի եւ վերջինը չլինի»,- ասում է Մերին: Նա տեղյակ է ձայնասակավառում տեղ գտած երգերից, լսել է բոլորն էլ, բայց դրանցից ամենասիրելիի մասին ասում է. «Միայն բառերն եմ հիշում՝ աշուն է, աշուն, շատ լավ երգ է»:
Երգչի պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանի խոսքով՝ ձայնասկավառակի վրա աշխատել են մոտ 3 ամիս, երաժշտական պրոդյուսերը Էդգար Ալեքսանյանն է, այստեղ տեղ գտած երգերի հեղինակները տարբեր են՝ Ռիչարդ Մադլենյան, Վահրամ Պետրոսյան, Էդգար Ալեքսանյան եւ այլք: Ձայնասկավառակի անվանում էլ՝ «Հավատա, կփրկեմ», ոչ մի կապ չունի քաղաքական լոզունգի հետ, երկու երգերի`«Հավատա»-ի եւ «Կփրկեն»-ի վերնագրերի միացումն է. «Փորձեցինք կապել 2 երգերի վերնագրեր, որոնք ինչ-որ խորհուրդ կունենան. «Պետք ա հավատալ, որ փրկվել»,- ասում է երգչի պրոդյուսերը:
Ապրիլի 29-ից Միհրան Ծառուկյանը համերգների է արտերկրում, իսկ աշնանը նախատեսվում է նաեւ մենահամերգ:


















































