Վերջին շրջանում առանձին լրատվության միջոցներով սպրդում են տեղեկություններ, թե ՀՀ դատախազությունը կալանքից ազատում է տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց կամ դատապարտյալների: Կարծում ենք` այդօրինակ տեղեկություններ տարածող քաղաքական ուժերն ու պատգամավորի թեկնածուները քաջածանոթ են ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով ՀՀ դատախազությանը վերապահված լիազորություններին, որոնց թվում է՝ հսկողության իրականացումը հետաքննության և նախաքննության օրինականության, ինչպես նաեւ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Ինչ վերաբերում է դատապարտյալներին պատժից վաղաժամկետ ազատելուն, ապա տեղեկացնում ենք, որ դատախազությունը նման գործառույթ չունի եւ որեւէ դատապարտյալ դատախազության որոշմամբ ազատ չի արձակվել:
Գիտակցում ենք, որ հանցավորության դեմ պայքարում, անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերը կարող են առաջացնել տարբեր ուժերի դժգոհությունը եւ ընտրական այս փուլում փորձ է արվում դատախազության գործառույթները շահարկել քաղաքական նկատառումներով, ինչն անընդունելի է: Կոչ ենք անում բոլոր թեկնածուներին քարոզարշավն իրականացնել կոռեկտության սահմաններում եւ զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց: Եթե կան կասկածներ՝ այս կամ այն մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցների մասին դատախազության որոշումների օրինականության վերաբերյալ, ապա դատախազությունը կոչ է անում լինել առավել առարկայական եւ նշել կոնկրետ տվյալներ, որոնց առնչությամբ կտրվեն կոնկրետ պատասխաններ:
Կարդացեք նաև
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնարարվել է ոստիկանությանը օրենքով սահմանված կարգով ստուգել «Հայկական ժամանակ» օրաթերթում պատգամավորի թեկնածուներից մեկի հնչեցրած այն հայտարարությունը, թե հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց, շտաբերի պետերին սպառնում են՝ ավտոմատները կախելով պատերից, եւ որ ինչ-որ ձայների քանակի դիմաց անձինք են ազատվում գաղութներից:
Լիահույս ենք, որ պատգամավորի թեկնածուներն ունեն այնքան պատասխանատվություն նախեւառաջ իրենց ընտրողների նկատմամբ, որ անհիմն հայտարարություններով հանդես չեն գա եւ իրավապահ մարմիններին կտրամադրեն այդօրինակ հայտարարություններով հանդես գալու հիմքերը: Դատախազությունը ինչպես մինչեւ ընտրական գործընթացի սկսվելը, այնպես էլ այդ ընթացքում եւ դրանից հետո շարունակելու է կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները:
ՀՀ դատախազություն


















































