Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց

Ապրիլ 26,2012 16:33

Վերջին շրջանում առանձին լրատվության միջոցներով սպրդում են տեղեկություններ, թե ՀՀ դատախազությունը կալանքից ազատում է տարբեր հանցագործությունների  մեջ մեղադրվող անձանց կամ դատապարտյալների: Կարծում ենք` այդօրինակ տեղեկություններ տարածող քաղաքական ուժերն ու պատգամավորի թեկնածուները քաջածանոթ են ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով ՀՀ դատախազությանը վերապահված լիազորություններին, որոնց թվում է՝ հսկողության իրականացումը հետաքննության և նախաքննության օրինականության, ինչպես նաեւ  պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Բնականաբար հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս առանձին քրեական  գործերով դատախազների կողմից ցուցումներ տրվում են մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների փոփոխության վերաբերյալ, որոշումներ կայացվում ինչպես որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու, այնպես էլ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերը նկատի ունենալով: Ավելին, տարբեր քրեական գործերով դատախազությունը նաեւ տրամադրել է տեղեկատվություն՝ այդ որոշումների մասին: Սահմանադրական իր գործառույթներն իրականացնելիս եղել են տարբեր միջնորդություններ տարբեր հանցագործների նկատմամբ մեղմ վերաբերմունք դրսեւորելու կամ քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, որոնց դատախազությունը կարողացել է իր լիազորությունների շրջանակներում տեղի չտալ եւ առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ:

Ինչ վերաբերում է դատապարտյալներին պատժից վաղաժամկետ ազատելուն, ապա տեղեկացնում ենք, որ դատախազությունը նման գործառույթ չունի եւ որեւէ դատապարտյալ դատախազության որոշմամբ ազատ չի արձակվել:

Գիտակցում ենք, որ հանցավորության դեմ պայքարում, անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերը կարող են առաջացնել տարբեր ուժերի դժգոհությունը եւ ընտրական այս փուլում  փորձ է արվում   դատախազության գործառույթները շահարկել քաղաքական նկատառումներով, ինչն անընդունելի է:  Կոչ ենք անում բոլոր թեկնածուներին քարոզարշավն իրականացնել կոռեկտության սահմաններում եւ զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց: Եթե կան կասկածներ՝ այս կամ այն մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցների մասին դատախազության որոշումների օրինականության վերաբերյալ, ապա  դատախազությունը կոչ է անում լինել առավել առարկայական եւ նշել կոնկրետ տվյալներ, որոնց առնչությամբ  կտրվեն կոնկրետ պատասխաններ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնարարվել է ոստիկանությանը օրենքով սահմանված կարգով ստուգել «Հայկական ժամանակ» օրաթերթում պատգամավորի թեկնածուներից մեկի հնչեցրած այն հայտարարությունը, թե հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց, շտաբերի  պետերին սպառնում են՝ ավտոմատները կախելով  պատերից, եւ որ ինչ-որ ձայների քանակի դիմաց  անձինք են ազատվում գաղութներից:
Լիահույս ենք, որ պատգամավորի թեկնածուներն ունեն այնքան պատասխանատվություն նախեւառաջ իրենց ընտրողների նկատմամբ, որ անհիմն հայտարարություններով հանդես չեն գա եւ իրավապահ մարմիններին կտրամադրեն այդօրինակ հայտարարություններով հանդես գալու հիմքերը: Դատախազությունը ինչպես մինչեւ ընտրական գործընթացի սկսվելը, այնպես էլ այդ ընթացքում  եւ դրանից հետո շարունակելու է կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները:

ՀՀ դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30