Համոզված են կազմակերպիչները

Հունիսի 6-ին, ավանդույթի համաձայն, այցելություն կլինի Արամ Խաչատրյանի շիրիմին, ապա կկայանա մեծ համերգ, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ 2010 թվականի Խաչատրյանական մրցույթի հաղթող Յարոսլավ Նադրիզիցկին (Լեհաստան): Գործադիր տնօրենը փաստում է, որ վերջին տարիներին դասական արվեստը աջակցություն է ստանում պետական մակարդակով, աճել է նաեւ հանրային հետաքրքրությունը, քանի որ անվանի երաժիշտներ են հանդես գալիս Հայաստանում:
Խաչատրյանական մրցույթի կազմակերպիչների համոզմամբ՝ այն Հայաստանի բրենդն է: Աննա Տեր-Հովակիմյանի ձեւակերպմամբ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծ թափ է հավաքել եւ տարեցտարի ավելի լուրջ մրցակցություն է ունենում բավականին հայտնի մրցույթների հետ. «Եթե զուգահեռներ տանենք մեր եւ Բրյուսելի Էլիզաբեթ Թագուհու կամ Չայկովսկու անվան մրցույթների հետ, ապա կփաստենք, որ երկարամյա այդ մրցույթները դժվար ունենային այն հեղինակությունը 8 տարեկանում, ինչը վաստակել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Եթե երաժիշտն իր կենսագրության մեջ ունենում է Խաչատրյանական մրցույթի մասնակցության կամ դափնեկրի կոչում, ուրեմն դա ինչ-որ արժեք ունի: Չմոռանանք, որ բոլորիս սիրելի Նարեկ Հախնազարյանը, որը 2011-ին դարձավ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, 2006-ին հաղթել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում»: Հետաքրքրվեցինք՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ մրցույթի մասնակից կադրերը ինչո՞վ են տարբերվում մյուսներից: «Նախորդ ջութակահարների մրցույթը անցկացվել է 2010 թվականին, այսօր ունենք 8 հայ մասնակից: Դա լավ ցուցանիշ է, այսինքն՝ Երեւանի կոնսերվատորիան ունի այն ռեսուրսը, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը ամեն տարի ներկայացնում է մասնակիցներ: Մեր կոնսերվատորիան մրցակցության մեջ չի զիջում բավականին լուրջ կոնսերվատորիաների: Ամբողջ աշխարհում պրոֆեսիոնալ օղակներում բոլորը խոսում են, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան հրաշալի լարային դպրոց ունի: Նաեւ հավելեմ, որ այնպես, ինչպես հայերն են զգում Խաչատրյանի ստեղծագործությունը, օտարները չեն կարող զգալ: Չնայած եղել են դեպքեր, երբ այլ երկրի ներկայացուցիչը յուրօրինակ է մեկնաբանել Խաչատրյան: Օրինակ՝ անցյալ տարվա մեր հաղթողը, որը Չինաստանն էր ներկայացնում, ուղղակի ցնցեց ժյուրիի անդամներին Խաչատրյանի կոնցերտի կատարմամբ»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































