
Քննարկումից հետո լրագրողները ՀՖՖ նախագահ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին խնդրեցին գնահատել ԱԺ ընտրությունների արդյունքները: Ի պատասխան` պարոն Հայրապետյանը հորդորեց թեմայից հարցեր տալ: Քննարկման ընթացքում պարոն Հայրապետյանը պաշտպանեց մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին` նշելով, որ նա լուրջ ներդրումներ է կատարել ու չի կարելի նրան մեղադրել: Ուստի Aravot.am-ի հարցին` Դուք որպես գործընկե՞ր եք պաշտպանում, թե՞ զուտ որպես սեփականատեր մտնում եք նրա դրության մեջ, պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Աշոտ Աղաբաբյանն իմ կուսակցական ընկերն է, նույն կուսակցության անդամներ ենք: Երբ որ ես «Հրազդան» մարզադաշտի պահպանության մասին բարձրաձայնել եմ, աղմուկ եմ բարձրացրել, առաջինը ես եմ եղել, որ արել եմ: Նորից Աշոտ Աղաբաբյանը իմ… այստեղ որեւէ հարաբերություն չկա: Ուղղակի խոսակցություն գնաց նրա մասին, որ պիտի նրան պատժեն, պիտի հետ վերցնեն, թե ինչի են տվել: Մենք չպիտի մոռանանք, որ Աշոտ Աղաբաբյանը 10 տարի, այո, բիզնես է արել, բայց նաեւ պահպանել է մարզադաշտը: Ճիշտ է, ժամանակակից նորմերին չի համապատասխանում, կա այդտեղ պրոբլեմ, բայց այդ մարդն աշխատանք է տարել, եւ պահպանել է տարիներ շարունակ: Ի՞նչ է նշանակում հետ վերցնել: Ճանաչում ենք մշակութային արժեք` ճանաչենք, ում սեփականությունը կլինի` թող լինի, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում»: Մեր հարցին` եթե սեփականատերը ՀԱԿ-ից լիներ` Դուք նորից նույն դիրքորոշումը կունենայի՞ք, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում… ախր ձեր լույսով գնացած ճանապարհը ես մթով եմ անցել: Լսեք, ի՞նչ կապ ունի, Աշոտ Աղաբաբյանը իմ կուսակցական գործընկերն է, բայց ես եմ չէ՞ վեր կացել, առաջինը դրա դեմ պայքարել»:
Լրագրողների դիտարկմանը, որ հանդիպել եք Աշոտ Աղաբաբյանի հետ եւ խնդրի շուրջ զրուցել եք, ինչո՞ւ նա չի համաձայնվում` պարոն Հայրապետյանը վստահեցրեց, որ նա համաձայնվել է, հակառակ դեպքում ինքը միլիոններ չէր ծախսի. «Կառույցը որտեղ ուզում է` թող կառուցեն, ուզում են` Նորագավիթի այգիներում կառուցեն, պետք է չխանգարեն մարդկանց անվտանգությանը: Ես էլ եմ շատ բան ուզում, ուզում եմ Հայաստանի հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն, հո իմ ուզելով չի՞: Կարող է Աշոտ Աղաբաբյանը վաճառում է դա, մի ուրիշ սեփականատեր գալիս ու ուզում է ավելի վատ բան անի, հիմա պետք է մտնի այն մշակութային արժեքների մեջ, եւ այդ թեման ընդհանրապես փակվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































