
Պարոն Դավթյանն ավելի վաղ` «Հայելի» ակումբում հայտարարել էր, որ կոալիցիան կարծում է, դեռ կընդլայնվի: Ուստի մենք հետաքրքրվեցին` ո՞ւմ հաշվին պիտի ընդլայնվի, ընդդիմությունի՞ց, ումի՞ց ակնկալիք ունեք: Նա պատասխանեց. «Այն քաղաքական ուժերից ակնկալիք ունենք, ովքեր ներկայացված են Ազգային ժողովում»:
Ըստ Արտակ Դավթյանի, ընդդիմությունը, երբ ասում է ամեն ինչ վատ է, թող մասնակցի, փոխի ամեն ինչ. «Երբ ասում են, որ քանդվում ենք, երբ ասում են` կործանվում ենք, որ պետականություն չենք ունենալու, փաստորեն, ըստ իրենց, սրանից ավելի վատ վիճակ չկա, չէ՞: Հետեւապես, եթե ավելի վատ վիճակ չկա, ավելի ճիշտ չի՞ լինի մասնակցել կոալիցիային, վերցել ինչ-որ ոլորտ ու ասել` ես այս ոլորտը կվերցնեմ ու ցույց կտամ, թե ոնց կանեմ»: Մեր դիտարկմանը, որ մտավախություն կա, որ բարիքները Դուք կվերցնեք, իսկ պատասխանատվությունը վատի համար իրենց կտաք` նա ասաց. «Ի՞նչ է նշանակում բարիք ու չարիք: Եթե որեւէ անձ ֆիզիկական կամ իրավաբանական ուժ, եթե ինքը հակված է պատասխանատվություն վերցնելու, ինքը կվերցնի, իսկ եթե հակված չէ պատասխանատվություն վերցնելու` չի վերցնի: Ի վերջո շատ ավելի հեշտ է անընդհատ քննադատողի դերում հանդես գալ, քան կոնկրետ գործ անել»: Դիտարկմանը` ոչ ոք չի ուզենա Ձեր որոշումների համար ինքը պատասխանատվություն վերցնի, նախկին կոալիցիայում ո՞նց էր` հիմնական որոշողը ՀՀԿ-ն էր` պարոն Դավթյանը չհամաձայնեց. «Գիտե՞ք ոնց է, եթե կոնկրետ նախարարություն է եղել, եւ այդ նախարարությունը կոնկրետ այդ բնագավառում քաղաքականություն է իրականացնում, քաղաքականությունն իրականացնելու արդյունքն էլ հանրությունը տեսնում է, ի տարբերություն օրենսդիրի, որտեղ կոնկրետ արդյունքը ժամանակի ընթացքում է երեւում: Նախարարության գործի արդյունքը տեսանելի է: Հիմա թող լավ աշխատեն` արդյունքն էլ բերեն ի ցույց դնեն, թող իրենք որոշումները կայացնեն, այդ որոշումներն էլ իրականացնեն»: Մեր հարցին` նախկին կոալիցիան ձեւակա՞ն է եղել` պարոն Դավթյանը պատասխանեց. «Երբ որոշ մարդիկ նմանատիպ գնահատականներ են տալիս, այդ մարդիկ նաեւ վիրավորական արտահայտություն են անում մեր ապրած որոշակի ժամանակահատվածի համար: Ոչ շատ ծանրութեթեւ արված հայտարարություններ են նմանատիպ հայտարարությունները, եւ դա ուղղակի ես պայմանավորում եմ նախընտրական տրամադրություններով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































