
Վերջին շրջանում ադրբեջանցի հակերները հաճախ են կոտրում հայկական կայքերը: Հունիսի 14-ի գիշերը հարձակում է եղել Հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջի՝ armspu.am վրա: «Այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլև տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին: Ադրբեջանցի հակերները իրենց «ուղերձում» սպառնում են, որ հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը», – գրել է mardik.am-ը: Այս ամենն իր շարունակությունն ունեցավ. կարճ ժամանակ անց՝ հունիսի 15-ին, Անդրբեջանցի հակերները կոտրել են Blognews-ի եւ «Միավորված հայեր» շաբաթերթի կայքէջը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ վերջինիս գլխավոր էջում նրանք նաև գրառում են թողել` նշելով, որ հաջորդիվ կոտրելու են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքը:
Լուրեր են տարածվել այն մասին, թե Հանրապետության հրապարակում նոր շենք է կառուցվելու: Կարծիքներն ու մեկնաբանությունները տարբեր են. «Այգին մի փակեք, ստեղ կարելի է կամար կամ արձան կանգնեցնել, ստեղ շենքի տեղ չի, էլի մեր «տաղանդավոր» Նարեկ Սարգսյանի մտքի թռիչքի զոհն ենք լինելու», «Տպավորություն ա, որ ղեկավարությունը ուզումա Հայաստանում ուղղակի մարդ չմնա, սաղ թքեն էս ամեն ինչ վրա ու գնան… լավ ունենք, չունենք մի հատ կոկիկ, սիրուն հրապարակ ունենք, էդ մի բանը գոնե հանգիստ թողեք, Երևանը դառնումա մի հատ մեծ հյուսիսային պողոտա, ինչ զզվելի ա», «Էս էլ ու վերջ»…
«Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Ելք» խմբում ի պաշտպանություն գրող-հրապարակախոս, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի կազմակերպած ստորագրահավաքը նոր թափ է հավաքում: 2 օրվա ընթացքում մասնակցել են 160 ֆեյսբուքահայեր: Գերակշռում է մտավոր ընտրախավը` գրողներ, խմբագիրներ, լրագրողներ, մշակութային գործիչներ», – գրել է hayeli.am-ը: Slaq.am-ն էլ հարցումներ է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ կցանկանայի՞ն արդյոք նրանք Վանո Սիրադեղյանին տեսնել քաղաքական դաշտում: Ըստ տեսանյութի` պատասխաններն այսպիսին էին՝ «Ինքը ինչքան հեռու մնա, էնքան մեզ համար ավելի լավ», «Ես ամոթ եմ զգում էդ հարցին պատասխանել՝ ոչ իհարկե, ոչ», «Վանո Սիրադեղյանը մեծ լումա ունի անկախության համար, բայց չգիտեմ, էդ թող մեծերը որոշեն», «Չէ, թող չվերադառնա, իրան իրան լավա զգում, թող լավ էլ զգա», «Ընդհանրապես չեմ ուզի, վերադառնա ի՞նչ անի», «Չէ, նա մարդակեր է»:
Տիգրանուհի Թասլակյան


















































