Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք անհաջողության մատնվեցին խորհրդարանական ընտրություններին

Հուլիս 09,2012 16:28

Չնայած խորհրդարանական ընտրություններին կին պատգամավորների մասնակցությունն ապահովող գենդերային քվոտայի սահմանմանը, քաղաքական ասպարեզում գերիշխող դերը շարունակում է պատկանել տղամարդկանց:

Գայանե Մկրտչյան, Կովկաս 

Կովկասյան լրատու # 648

29-ը հունիսի, 2012թ.

Չնայած անցյալ տարի Ընտրական օրենսգրքում կատարված  փոփոխությունները թույլ տվեցին, որպեսզի կանանց գենդերային քվոտան խորհրդարանում դառնա 20 տոկոս` նախկին 15 տոկոսի փոխարեն, այնուհանդերձ, Հայաստանի`նորընտիր 131 պատգամավոր ունեցող խորհրդարանում կանայք 14 են` կազմելով նշված քվոտայի  շուրջ 11 տոկոսը:

Հասարակական կյանքում կանանց առավել ակտիվ մասնակցություն ապահովելու համար իշխանությունների աջակցություն եւ մասնակիորեն նաեւ հասարակության լայն զանգվածների կողմից համապատասխան ճնշում է հարկավոր. բացի այդ, կանայք, որպես կանոն, ֆինանսապես անկախ չեն, որպեսզի կարողանան սեփական ուժերով իրենց թեկնածությունն առաջադրել ընտրություններին:

1990թ-ին Գերագույն խորհրդի 260 պատգամավորից կանայք ինն էին, առաջին գումարման ԱԺ-ում`190 պատգամավորից 12 էին կանայք,  նախորդ գումարման ԱԺ-ում` 2007թ. 131 պատգամավորից  12-ն էին կանայք: Հինգերորդ գումարման ԱԺ-ում կանայք 14- են:

«Այլ կերպ ասած` քսան տարվա կտրվածքով կանանց թիվը մեր խորհրդարանում աճել է ընդամենը 7 տոկոսով: Եվ եթե հաշվի առնենք այս դինամիկան, ապա այսօրվա 20 տոկոսանոց քվոտան իրականություն դարձնելու համար մենք պետք է առնվազն 25 տարի ժամանակ», – ասում է «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանը:

Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածով`ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրացուցակի 2-րդ համարից սկսած ամեն  հնգյակում  յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում 6-րդ, 11-րդ, 16-րդ ,  21-րդ եւ 26-րդ  հորիզոնականներում կանայք էին:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելությունն իր վերջնական զեկույցում նշում է, որ նախնական ընտրացուցակներում գենդերային քվոտայի պահանջը բավարարված էր, քանի որ կանայք կազմում էին մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների 22 տոկոսը:

Քանի որ խորհրդարանական տեղերը զբաղեցնում են ընտրացուցակներում հաջորդականությամբ տեղակայված թեկնածուները, կանանց անունները նույնպես պետք է այդ ցուցակներում հայտնվեին պարբերական հաճախականությամբ: Տեսականորեն, սա պետք է երաշխավորեր քվոտայի պահանջների իրականացումը: Սակայն կանանցից շատերը,  ընտրություններից հետո ինքնաբացարկ հայտարարելով, իրենց տեղը զիջեցին տղամարդկանց:

Գենդերային քվոտան օգտագործվել է միայն համամասնական ընտրակարգով նախատեսված 90 պատգամավորական տեղերի դեպքում, սակայն չի գործել մեծամասնական ընտրակարգով նախատեսված մյուս 41 պատգամավորական  մանդատների դեպքում: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 155 թեկնածուներից միայն 12 էին կանայք, եւ ԵԱՀԿ զեկույցում նշվում է, որ կին թեկնածուներից երեքը տեղեկատվություն չէին տրամադրել իրենց նախընտրական քարոզարշավների ընթացքում կատարած ծախսերի մասին, ինչը հանգեցնում է այն եզրակացությանը, որ վերջիններս իրական թեկնածուներ չեն եղել: Ավելին, 41 ընտրատարածքներից միայն 9-ում են կին թեկնածուներ առաջադրվել:

Թիվ 38 ընտրատարածքում մեծամասնականով ինքնաառաջադրված եւ պարտված, Գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը, իրեն պարտված չհամարելով, ասում է, որ հաղթել է իր ինքնաառաջադրմամբ:

Նարինե Մովսիսյանը ասում է, որ քարոզարշավի ընթացքում իրեն չեն տրամադրել դահլիճներ, գյուղապետերը ընդհանարապես հրաժարվել են ընդունել իրենց գյուղերում, նրա առջեւ փակել են հեռուստաընկերությունը, ահաբեկել են հարազատներին:

«Ես կոտրեցի այն կարծրացած մտածելակերպը, որ պետք է «դաբրո» ունենաս, որպեսզի կարողանաս առաջադրվել: Լիակատար բլոկադայի պայմաններում`առանց շտաբի, առանց լիարժեք քարոզչության, առանց ԶԼՄ-ի հետ շփվելու, առանց քաղաքական հենարանի, ես կարողացա հավաքել 1340 ձայն: Ես ինձ պարտված չեմ համարում»,- պնդում է  Մովսիսյանը IWPR-ին:

Հանրային խորհրդի Գենդերային եւ ժողովրդագրական հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանը նշում է, որ կնոջ ճանապարհը թույլատրված է մինչեւ ամենաբարձր մակարդակի պաշտոններ, բայց ոչ քաղաքական բնույթի:

«Քաղաքական պաշտոնը հենարան է ծառայում բիզնեսին, եւ այս պաշտոնը զիջելուն տղամարդիկ դեռևս պատրաստ չեն: Խոչընդոտող գործոնների թվում է նաեւ հասարակական ընկալումը` մարդիկ կանանց չեն ընտրում, քանի որ չունեն նրանց նկատմամբ վստահության քվե», – ասում է Վարդանյանը:

Սակայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունից ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը երկրորդ անգամ է խորհրդարան մուտք գործում կուսակցության  համամասնական ցուցակով, ասում է, որ  անցել են այն տարիները, երբ կանայք համարվում էին տղամարդ քաղաքական գործչի «սուռոգատ» տեսակը: Փոխվել է  կնոջ  հանդեպ հանրային ընկալումը:

«Շատ ակտիվ կանանց խումբ է լինելու այս խորհրդարանում: Ծանոթ եմ շատերի ներուժին: Ասեմ, որ երեք միջազգային կարեւորագույն պատվիրակությունները (Եվրոպայի խորհուրդ, Եվրանեսթ)կանայք են ներկայացնելու: Եվ դա պատահական չի արվել, հենց նրանց է վստահված  Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային կարեւորագույն հարթակներում», – ասում է Զոհրաբյանը iwpr-ին:

Նա ասում է, որ կանայք իրենք են մեղավոր, քանի որ շատերը քաղաքականությունը համարում են տղամարդկանց գործունեության ոլորտ:

«Մեր մեջ այդ կոմպլեքսը մերժենք ու հետո նոր տղամարդկանցից պահանջենք հարգել գենդերային հավասարությունը», – ասում է նա:

Այնուամենայնիվ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշում է, որ կանայք իսկապես բազում խնդիրների են բախվում Հայաստանում, որտեղ գերիշխող դերը պատկանում է տղամարդուն:

«Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ քաղաքացիական հասարակության դերն է նվազել մեզ մոտ: … Երկրում, որտեղ ազգային մենթալիտետում  անգամ հայրը իշխող է ու նրա հրամանները պետք է կատարեն կինն ու զավակները, չի կարող գենդերային հավասարակշռություն պահպանվել քաղաքական դաշտում», – ասում է նա IWPR-ին:

 

Գայանե Մկրտչյանը «Արմենիանաու» էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  www.iwpr.net

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031