Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը Գորիկ Հակոբյանի պատասխանը կտա սեպտեմբերի սկզբին

Հուլիս 12,2012 16:18

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը վերջերս լրագրողների հետ զրույցում մեղադրել էր Վարդան Օսկանյանին, որ պարտիզանի պես լռում է՝ ասելով, որ անմեղ մարդը պետք է գոռա, հայտարարի, որ անմեղ է: Ուստի Aravot.am-ը փորձեց Վարդան Օսկանյանից պարզել, թե ինչո՞ւ նա չի հետեւում Գորիկ Հակոբյանի խորհրդին: Սակայն պարոն Օսկանյանը չցանկացավ պատասխանել: Նա ընդհանրապես հրաժարվեց որեւէ հարցի կապակցությամբ մեկնաբանություն տալ՝ խոստանալով, որ դա կանի սեպտեմբերի սկզբին. «Ձեր բոլոր հարցերի պատասխանը կտա Սալբի Ղազարյանը: Ամառ է, գիտեք, հարմար չէ»: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը այդ հարցի կապակցությամբ ասաց, որ «որպես ՀՀ քաղաքացի, երբ կառավարության անդամները կպահանջեն, որ ես անմեղությունս փաստեմ, ես, լինելով բարձրաստիճան, անվանի անձ եւ քաղաքացի, դա արդեն օրենքի եւ օրենքի հասկացողության խախտում է: Հարցը պետք է նուրբ ձեւով տրվի ու հարցվի, թե ինչպես կրնա որեւէ մեկը, որ ինքն իրեն կոչում է իմ առաջնորդը, իմ ղեկավարը, այդպիսի պահանջ ներկայացնե որեւէ քաղաքացուց, երբ օրենքն ասում է ճիշտ հակառակը»:

Այս օրերին շահարկվում է այն, որ «Սիվիլիթասը» բարեգործությունների մեջ «մութ» գործեր կան: Մենք ճշտեցինք տիկին Ղազարյանից՝ որտե՞ղ են այդ մութ գործերը, չի՞ ֆիքսվում, թե ումից ինչ եք վերցնում, ուր տանում՝ նա պատասխանեց. «Մենք ոչ մի մութ բան չունենք ոչ այստեղ, ոչ մեր փաստաթղթերի մեջ: Եթե մարդիկ մութ կասկածներ ու հարցեր ունեն, խնդրեմ, թող կոնկրետ հարցը տան, ես կպատասխանեմ: Այստեղ մութ ոչ մի բան չկա»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, որ Հայաստանում ցանկացած օբյեկտում, ցանկացած հիմնարկ-ձեռնարկությունում, եթե հարկայինը ստուգում անի, բոլորն էլ գիտեն, որ որեւէ մի խնդիր, մի սխալ, մի խախտում կգտնեն, ուստի մեր հարցին՝ Դուք նման մտավախություն չունե՞ք, որ անփութությամբ կամ այլ պատճառով որեւ բան սխալ եք արել՝ տիկին Ղազարյանը պատասխանեց. «Մենք 4 տարի աշխատում ենք, ունենք բազմաթիվ ծրագրեր, անում ենք գործ: Միայն գործ անողն է, որ կարող է սխալ գործել: Եթե սխալ գործվել է, ես չէի զարմանա, որ եղել է ոչ միտումնավոր: Բայց դա քրեական գործի հետ կապ չունի»:

Այս առնչությամբ փաստաբան Արթուր Գրիգորյանը հավելեց, որ մեզ մոտ հարկային մարմինները, որպես կանոն, «չեն սխալվում» ու եթե տնտեսվարող սուբյեկտի մոտ կառչելու որեւէ բան չեն գտնում, կարող են գնալ աբսուրդի աստիճանի: Նա մի օրինակ բերեց, որ օրինակելի մի բիզնեսմենի մոտ ստուգումներ են արել, ոչինչ չեն գտել ու ասել. «Տեսեք, քանի որ ձեր աշխատողներին, ծրագրավորողներին սուրճ եք տալիս, սուրճի ծախս եք կատարում, փաստորեն դուք մասնակի բնամթերքով վարձատրություն եք տալիս իրենց, իրենց տրված սուրճի քանակի ծախս պետք է հաշվեք՝ որպես աշխատավարձ եւ սոցապ փոխանցումներ կատարեիք՝ դրանից ելնելով: Այնպես որ՝ չի բացառվում, որ նման աբսուրդի հասնող բաներ այստեղ էլ կատարեն»: Սալբի Ղազարյանը ուրախությամբ նշեց, որ սուրճի հետ կապված հարց, բարեբախտաբար, որեւէ մեկը իրենց մոտ չի բարձրացրել: Մենք հետաքրքրվեցինք՝ բայց սուրճ տալի՞ս եք՝ տիկին Ղազարյանը նոր մտահոգություն ունեցավ: Պարզվում է՝ տալիս են. «Անպայման կգրանցենք»,-ասաց նա:

Նշենք նաեւ, որ Սահմանադրության օրվա առթիվ «Սիվիլիթասը» սոցհարցում է անցկացրել ու հարց ուղղել հասարակությանը, թե ըստ օրենքի, հանցագործության մեղադրյալը պարտավո՞ր է իր անմեղությունը փաստել, թե՞ ոչ: 85 տոկոսը պատասխանել է, որ պարտավոր է: Սալբի Ղազարյանն ասաց, որ իրենք այդ կարծիքին չեն, իրենք իրենց անմեղությունը փաստելու կարիք չունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031