Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը երբեք չի հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընտրություններում հաղթանակ հայտարարող իշխանությունը առաջ մղեր այնպիսի ծրագրեր, որոնք փոխում են հայկական պետականության բնույթը․ Վարդան Օսկանյան

Հուլիս 05,2026 16:14 Share

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական գործընթացին՝ նախընտրական քարոզարշավին, լռության օրվան, քվեարկության օրվան, ձայների հաշվարկին, դրան հաջորդած իրադարձություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանում տեղի ունեցած լսումներին և ներկայացված ապացույցներին, այսօր ես առավել համոզված եմ, քան երբևէ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35–39 տոկոսը։ Իմ գնահատմամբ՝ դրանից ավելի ստացված արդյունքը ձևավորվել է համակարգված մանիպուլյացիաների, բազմաթիվ խախտումների և ընտրակեղծարարության հետևանքով։

Հայաստանի 35-ամյա պետականության ընթացքում նախկինում ևս եղել են վիճարկված ընտրություններ, և, որպես կանոն, պետության բնականոն կյանքը շարունակվել է։ Սակայն այս անգամ իրավիճակը սկզբունքորեն այլ է։

Առաջին՝ ընտրակեղծարարության ծավալը, խորությունն ու կազմակերպվածությունը, իմ համոզմամբ, աննախադեպ են Հայաստանի պատմության մեջ։ Երկրորդ՝ այս ընտրությունները կազմակերպվել են այն իշխանության կողմից, որը 2018 թվականին իշխանության եկավ հենց ընտրակեղծարարությունը մեկընդմիշտ վերացնելու խոստումով։ Հետևաբար, այսօր հնչող մեղադրանքները հարվածում են ոչ միայն այս ընտրությունների արդյունքներին, այլև հենց այդ իշխանության քաղաքական և բարոյական լեգիտիմության հիմքերին։ Եվ երրորդ՝ Հայաստանը երբեք չի գտնվել այնպիսի գոյաբանական խաչմերուկում, ինչպիսին այսօր է։ Երբ օրակարգում են պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, ազգային ինքնությանը և ապագային վերաբերող հիմնարար հարցեր, իշխանության լեգիտիմության խնդիրը դառնում է վճռորոշ։

Հայաստանը երբեք չի հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընտրություններում հաղթանակ հայտարարող իշխանությունը նախ այնքան ցավ, ավեր և կորուստ պատճառած լիներ հայ ժողովրդին իր իշխանության անցած ութ տարիների ընթացքում, և միաժամանակ առաջ մղեր այնպիսի ծրագրեր, որոնք փոխում են հայկական պետականության բնույթը․ ստեղծել «Չորրորդ Հանրապետություն», փոխել Սահմանադրությունը, տրամադրել «միջանցք», Ադրբեջանին փոխանցել Հայաստանի ինքնիշխան տարածքներ, ձևափոխել և վերահսկել Հայ Առաքելական Եկեղեցին, վերաձևակերպել հայկական ազգային ինքնության հիմնասյուները և իրականացնել այլ նմանատիպ նախաձեռնություններ։

Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի այս հարցերի վերաբերյալ, դրանք պատմական և գոյաբանական այնպիսի նշանակության հարցեր են, որոնց նույնիսկ բարձրացումը, չասած՝ քննարկումը կամ իրականացումը, չեն կարող հիմնվել վիճարկվող լեգիտիմության կամ խիստ կասկածի տակ դրված ընտրական մանդատի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031