Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը ես եմ»-ը հնչել է, շուտով կարծում եմ՝ կհնչի նաև «պետությունը ես եմ»-ը, բայց մենք այդպես չենք կարծում»․ բնապահպան-իրավապաշտպանները՝ մարտահրավերների և խնդիրների մասին

Հուլիս 29,2026 14:15 Share

«Մեր զեկույցներում հստակ տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում իրավապաշտպանների տարածքն ավելի ու ավելի է նեղանում, ավելի շատ են ճնշումների և հետապնդումների ենթարկվում»,-«COP-17-ին ընդառաջ․ իրավապաշտպանների օրակարգը և մարդու իրավունքների առաջնահերթությունները» խորագրով քննարկման ժամանակ ահազանգեց «Մարդու իրավունքների տուն Երևան» կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը։

Պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և այլ մասնակիցներ քննարկեցին Հայաստանում բնապահպանական իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։

Ժենյա Մայիլյանը նաև ցավով փաստեց՝ բնապահպաններն իրենց ակտիվ գործունեության, երկրի նկատմամբ հոգատարության համար շատ հաճախ ենթարկվում են հետապնդումների, տարբեր քրեական գործերի մեջ են նրանց ներքաշում, երբեմն ունենում են նաև սահմանափակ ռեսուրսներ արդարության հասնելու համար և նկատեց․ «Այս գործընթացներում կարևոր է իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների դերը, հետևաբար COP-17-ի հաջողությունը կգնահատենք նրանով, որ պատվիրակությունները ոչ միայն գեղեցիկ խոսքեր ասեն, այլ խոսեն խնդիրների, այն հարցերի մասին, որոնք երբեմն դժվար է բարձրաձայնել՝ օրինակ՝ հետապնդվող իրավապաշտպանների խնդիրները, մարդու իրավունքները»։

«Բնապահպան-իրավապաշտպանները Հայաստանում. ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը ներկայացրեց, թե իր լրագրողական, բնապահպանական գործունեության ընթացքում ինչ դատական գործընթացների միջով է անցել և մտահոգություն հայտնեց, որ մարդիկ վախենում են նման գործընթացների մեջ մտնելուց․ «Մարդիկ շատ դեպքերում ակտիվություն չեն ցուցաբերում՝ ունենալով մտավախություն, որ կարող են իրենց էլ դատի տան կամ ֆինանսական ճնշումների ենթարկեն։ Ազդակիր համայնքներում մարդիկ չունեն այդքան գումար, նյարդ, ժամանակ, որ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրենց իրավունքը պաշպանեն»։

Նաև հայտնեց՝ անձնական, լրագրողական իր հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում բնապահպանական քրեական գործերը դոփում են տեղում կամ արդյունք չունեն, կամ առայժմ չունեն այնպիսի դատավճիռներ, որտեղ մենք կտեսնենք համաչափ պատասխանատվություն։

Հայկական բնապահպանական ճակատ կազմակերպության բնապահպան Անի Խաչատրյանը պատմեց, թե ինչ խնդիրների է բախվել Ամուլսարի համար պայքարի ընթացքում․ «Երբ 2018-ին հեղափոխությունը սկսվեց, ու տեղացիները փակեցին Ամուլսար տանող ճանապարհները, շարժումը մտավ ակտիվ ու մեծ փուլ։ Այդ ժամանակ Լիդիանը սկսեց մեզ տարբեր մեթոդներով լռեցնել՝ օգտագործում էին ֆեյք էջեր, որոնցով մեր նկարներն էին տարածում, անձնական վիրավորանքներից մինչև տարբեր զրպարտություններ էին գրում, քննարկում իմ բարոյական կերպարը, արտաքինը։ Դիմել եմ ոստիկանություն, բայց այն ոչինչ չի արել՝ ասելով, որ կյանքի սպառնալիք չկա, ֆեյք էջեր են, պարզել հնարավոր չէ։ Մենք որևէ ձևով պաշտպանված չէինք իրավապահ համակարգի կողմից մեր գործունեության ընթացքում»։

Անդրադառնալով ՍԼԱՓ դատական գործերին՝ (ռազմավարական հայցեր՝ ընդդեմ հանրային մասնակցության) Անի Խաչատրյանն ասաց․ «Դրանք մարդկանց վախեցնելու և լռեցնելու համար են։ Եթե բոլորը համատարած չվախենան ու չլռեն, այդ դատական գործերի իմաստը կկորչի»։

Բնապահպանները նշեցին, որ իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել են մինչև անգամ ՄԻԵԴ։

Bankwatch ցանցի հանրության մասնակցության հարցերով պատասխանատու, էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանն ասաց՝ դասական առումով իր դեմ ՍԼԱՓ դատական գործ չի եղել, բայց երբ կարճ ժամանակահատվածում աշխատել է պետական համակարգում, և Ամուլսարում խախտումներ են վերհանել, հետագայում քրեական վարույթում ներառվել է որպես վկա․ «Առնչվել եմ այն իրավիճակին, երբ որպես վկա՝ քեզ ներկայացնում են հարցադրումներ, որոնք բնորոշ են կասկածյալին կամ մեղադրյալին։ Եթե չեմ սխալվում՝ անգամ դատավարական պրակտիկայում եղել է, երբ փաստաբանը պահանջել է, որ ընկերությունն ապացուցի, որ ինքն ունի բարի համբավ։ Նաև դատարանը հիմնավոր է համարել այս պնդումը։ Երբ մենք խոսում ենք ՍԼԱՓ-երի մասին, անդրադառնում ենք նրան՝ որքանով են փաստական հանգամանքներն ապացուցված, բայց չենք խոսում համատեքստի մասին։ Եթե ընկերությունը պարբերաբար կատարել է այնպիսի գործողություններ, որոնք աղտոտել են շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը, դա տեսչության որոշումներով, ընդունված ակտերով, մամուլի հրապարակումներով է ապացուցված, այդ համատեքստում այդ ընկերությունը չի կարող ունենալ բարի համբավ։ Եթե անգամ որևէ անձ որևէ փաստի վերաբերյալ ներկայացնում է ոչ ճշգրիտ հանգամանք, միևնույն է, ընկերությունը չի կարող ակնկալել, որ իրեն համարելու են զրպարտված, քանի որ նա ուղղակի չունի բարի համբավ»։

Բնապահպանները նշեցին, որ միջազգային հարթակներում իրենց գործունեությամբ հիմնականում այնպես են վարվում, որ չվնասեն ՀՀ-ի վարկանիշին, այդ հարթակներում խոսելիս զերծ են մնում կառավարությանը քննադատելուց, որ երկրի վարկանիշին չվնասեն։ Aravot.am-ի հարցին՝ նույն այդ հոգատարությունը կառավարության կողմից՝ որպես բնապահպաններ, իրավապաշտպաններ զգո՞ւմ եք, Անի Խաչատրյանը պատասխանեց․ «Իմ դիրքորոշումը չի փոխվել, հոգատարությունը կառավարության հանդեպ չէ, պետության հանդեպ է, իսկ կառավարությունը, չէ, բնականաբար, այդ հոգատարությունը մեր հանդեպ չունի, հակառակը, իր բոլոր հայտարարություններով աջակցում է Ամուլսարի հանքին, շատ անպատասխանատու հայտարարություններ են անում բնապահպանների հետ կապված, հաստատ չկա որևէ աջակցություն կառավարության կողմից։ Եթե չխանգարեն, էլի լավ է»։

Նա հիշեցրեց՝ դեռ հեղափոխությունը, երբ նոր էր սկսվում, իրենք ի տարբերություն «թողեք՝ մարդիկ աշխատեն» ասողների, Ամուլսարի թեման հնչեցրել են․ «Մենք այն ժամանակ էլ լավատես չէինք, իրատես էինք։ Եթե դու հեղափոխություն ես անում և քննադատում նախկիններին, ուրեմն պետք է նախկինների տված կոռուպցիոն թույլտվությունները չեղարկես ու նորից այդ ամենը սկսես»։

Արթուր Գրիգորյանն էլ իր հերթին շեշտեց՝ համամիտ է՝ պետք է տարանջատել կառավարությունը և պետությունը և նշեց․ «Կառավարությունը ես եմ»-ը հնչել է, շուտով կարծում եմ՝ կհնչի նաև «պետությունը ես եմ»-ը, բայց մենք այդպես չենք կարծում»։

«Մարդու իրավունքների տուն Երևան»-ի ծրագրերի համակարգող Սոնա Մխիթարյանն էլ տեղեկացրեց, որ ունեն արդյունավետ, կառուցողական քննարկում, համագործակցություն պետական ինստիտուտների հետ՝ մասնավորապես արդարադատության նախարարության հետ հակա-ՍԼԱՓ իրավական մեխանիզմների հետ կապված։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031