
Էրիկի խոսքով, նա չի ճանաչել Արտակ Վարդանյանին, լարված հարաբերությունների մասին խոսելն էլ անտեղի է. «Նրան ես մեկ անգամ եմ տեսել: Արտակին հեռուստաեթերից եմ ճանաչել եւ բավականին լավ կարծիք եմ ունեցել նրա մասին, սիրել եմ այն, ինչ արել է: Ես որեւէ կերպ չեմ ուզում քննադատել նրան, պարզապես հիմա ես ինձ համար անում եմ նոր ծրագիր եւ վերջ»:
Հարցը քննարկման առարկա էր դարձել ոչ միայն ֆեյսբուքում, որտեղ ստեղծվել էր «Պահանջում ենք վերադարձնել Արտակ Վարդանյանին» խումբը, այլ նաեւ որոշ լրատվական կայքերում: Դրանց մասին, սակայն, Էրիկը տեղյակ չի եղել, բայց ի պատասխան նրանց, թոք շոուի ներկայիս հաղորդավարն ասում է` թող Արտակին վերադարձնեն: Ինքն ունի իր հեռուստադիտողը, Արտակը` իր: Ի դեպ` Արտակի համար պայքարողների ֆեյսբուքյան խումբը այժմ չկա:
«Արտակին վերադարձնող բանակը 20-30 հոգի է, եւ այդ հեռուստադիտողների հատման գիծը շատ փոքր է: Արտակը ունի մի ոճ, ես ունեմ մեկ այլ ոճ: 15 տարի հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդումներ վարելու ընթացքում ես ունեցել եմ իմ հեռուստադիտողների կոնկրետ բանակը ,եւ նրանք տարբեր են Արտակի հեռուստադիտողների բանակից»,- ասում է Էրիկ Անթառանյանը:
Իսկ ահա լրատվամիջոցների անդրադարձի մասին ունեցած իր կարծիքը հետեւյալն է. «Դա խոսում է մեր լրագրության թույլ մակարդակի մասին: Սկսած նախագահից, վերջացրած ամենատարբեր մարդկանցով, նրանք փորձում են ինչ որ մականուններով ու բարձրակոչ վերնագրերով ձեռք բերել ռեյտինգ: Ես չեմ համարում, որ դա լրագրություն է: Պարզապես նշեմ, որ դրանք փոքրիկ գործիքներ են, որոնք հարիր չեն լրագրությանը: Չնայած նորմալ է, որ խոսում են, եթե չխոսեին, կանհանգստանայի»:
Բացի այս ամենից, հանրության որոշակի զանգված բացասական է գնահատում «Ազատ գոտում» քննարկվող ազատ թեմաները: Էրիկն ասում է, որ Հանրային հեռուստաընկերությունն է որոշում, թե ինչպիսին պետք է լինի ծրագիրը: Ինքը, այդ թվում նաեւ Արտակ Վարդանյանը, հաղորդման հեղինակները չեն, իսկ «Ազատ գոտին» ուղղակի հաղորդման ձեւ է, ու այն ունի տարբեր արտահայտչամիջոցներ. «Սա թոք շոու ֆորմատն է, որն ունի ամեն հեռուստաընկերություն: Ինչ վերաբերում է թեմաների ընտրությանը, այստեղ կա Հանրային հեռուստաընկերության խմբագրությունը, որը որոշում է, թե ինչ թեմաների մասին պետք է խոսվի: Քանի որ այն, ինչ խոսվում է այնտեղ, որոշակի գրաքննություն է անցնում, եւ հենց խմբագիրներն են որոշում: Ես պարզապես հաղորդավար եմ, ինձ տալիս են թեմա, ես էլ փորձում եմ այն սարքել ակտիվ»:
Շշուկներ տարածողներին հաղորդավարը խորհուրդ է տալիս`լինել բարի եւ բարձրակոչ վերնագրերով սեփական հեղինակությունը չփորձել բարձրացնել` մեկին նսեմացնելու հաշվին. եթե Հանրային հեռուստաընկերությունը որոշի, որ Էրիկ Անթառանյանը չի համապատասխանում հաղորդմանը, ապա նա կհեռանա, իսկ Արտակ Վարդանյանի մասին էլ ասում է. «Ինքը կգտնի իր համար աշխատանք, ու որոշ ժամանակ անց կանցնի այս շորշոփը: Իրեն եթեր է անհրաժեշտ, եւ նա կունենա: Արտակը լավ լրագրող է»:
Արամ Արարատյան


















































