
Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Արցախի բոլոր քաղաքացիներին` ընտրություններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են իմ օգտին` բարձր վստահություն հայտնելով ինձ, և նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի մյուս թեկնածուներին: Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ` ինձ համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը և պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում:
Երախտագիտություն եմ հայտնում նաև միջազգային դիտորդներին, ովքեր հետևել են այս ընտրությունների ընթացքին և որակել որպես միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Նրանց կարծիքը, գնահատականներն ու առաջարկությունները չափազանց կարևոր են մեր պետության կայացման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար:
Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Մենք հետևողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները և անպայման կարձանագրենք նոր հաղթանակներ:
Շարունակենք սկսածը` հանուն Արցախի, հանուն մեր ապագայի»:


















































