
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը վարկ մսխելու մեղադրանքի առնչությամբ ասաց. «Այդ մարդն ինձ ասում է, որ Բագրատյանը վարկը վերցրել է, մսխել է, իսկ հետո ասում է անկապ միտք, ասում է` որ ինքը համարում է որ…այսինքն` ինքը չգիտի` այդ վարկը ես մսխե՞լ եմ, թե՞ չէ: Ինքը ուղղակի նպատակահարմար չի գտնում: Գիտեք ինչ, իր նպատակահարմար գտնելը կամ չգտնելը որեւէ բան չի նշանակում: Վարկը վերցրել է Հայաստանի Հանրապետությունը, Ազգային ժողովն էլ հաստատել է: Ստացվում է, որ մարդը հավաքում է լրագրողներին ու սուտ է խոսում, զրպարտում է: Դրա համար կարծեմ քրեական պատասխանատվություն է նախատեսված»:
Մեր հարցին` պատրաստվո՞ւմ եք կոնկրետ քայլերի դիմել` նա պատասխանեց. «Չէ, դա մի քիչ շատ կլիներ իր համար»:
Հրանտ Բագրատյանը առաջարկեց Արամ Գ. Սարգսյանին նաեւ ներողություն խնդրել Ազատան գյուղում խողովակներ վաճառելու հայտարարության համար:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Արամ Գ. Սարգսյանը հայտնեց, որ ինքը չգիտի` Ազատանի ի՞նչ խողովակների մասին է խոսքը, ինքն այդ մասին ոչինչ չի ասել: Ինչ վերաբերում է վարկին, նա ասաց, որ 205 մլն ասելով` նկատի ուներ նրան հաջորդած կառավարությունների բոլոր 7 վարկերը. «Եթե Հայաստանի պայմաններում պահանջվում էր առաջին հերթին ժողովրդի համար աշխատատեղ ստեղծել, նորմալ աշխատավարձով ապահովել, երկրում արդարություն հաստատել, այդ վարկերը պետք է վերցնեին դրանց համար»: Մեր դիտարկմանը, որ ասում եք մսխել է, մինչդեռ պարզապես նպատակահարմար չեք գտնում վարկը` նա պատասխանեց. «Մսխել նշանակում է` անիմաստ ծախսել վարկը` Հայաստանի Հանրապետության շահերից չելնելով: Մենք խնդիր ունեինք առաջին հերթին պահպանել մեր բնակչությունը, ինչը չի արվել: Եթե վարկ էինք վերցրել, պետք է սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվեր»:
Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, որ վարկը վերցրել է Հայաստանի Հանրապետությունը, Ազգային ժողովն էլ հաստատել է` Արամ Սարգսյանն ասաց. «Ամենալավ արդարացումը դա է, որովհետեւ դու էլ ինչի՞ համար ես վարչապետ: Սովորական մարդը կարող էր այդպես ասել, բայց վարչապետը իրավունք չունի՞ հասկանալու, թե ինչի համար է վարկը: Բա էլ ինչի՞ համար ես վարչապետ, գնայիր նստեիր խորհրդարանում: Մսխել հասկացությունը, եթե ինքը լավ չի հասկանում հայերեն, ասեմ` մսխվել ասել` նշանակում է, որ վարկը չի ծառայեցվել` ի շահ Հայաստանի Հանրապետության, երկիրը որեւէ տնտեսական զարգացում չի ապրել»: Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ` «Մարդը խոսում է մսխելուց, հետո տեսնում է, որ փաստ չունի, որ ընկել է Արշակ Սադոյանի մազութի գործի օրը, հայտարարում է, թե ես լավ չեմ հասկանում մսխել բառը։ Արդեն ասացի, այդ տեսակ մարդ է։ Բանավեճի մշակույթից զուրկ։ Հիմա էլ հայոց լեզուն է ստուգաբանում։ Եզրակացությունները ձեզ։ Խնդրում եմ նրա թեմայով ինձ այլևս չանհանգստացնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































