Սնկի պես աճող երգիչները շարունակում են չզարմացնել մեզ 🙂 Հատկապես վերջին շրջանում նրանց թիվը ոչ թե սնկի պես աճում է, այլ անձրևի պես թափվում 🙂 Փորձեմ ծանոթացնել Ձեզ մի քանի հայտնի անհայտների:

Ռեփի սիրահարներին հավանաբար ծանոթ կլինի Հրագ անունը: Նա իր երգի միջոցով կոչ էր անում չհանձնվել, երգը հենց այդպես էլ կոչվում է: Տեսահոլովակը Youtube-ում հայտնվել է հունիսի 6-ին: Այն ռեփերի առաջին տեսահոլովակն է: Հիփ -հոփ ոճը, որի մեջ մտնում է նաև ռեփը, Հրագն ընտրել է, քանի որ ասելիք ունի. «Ունեմ ասելիք, ունեմ ավելի նոր բան, ունեմ նպատակ մեր նոր սերնդին ճիշտ ուղղու վրա կանգնեցնելու համար, որովհետև ռեփով կարող եմ սրտի ուզածը բարձրաձայնել ու հասկացնել կյանքի իրական արժեքները», – hayyer.com-ի հետ զրույցում ասել է ռեփերը:
Բացասական կարծիքների ալիք բարձրացրեց նաև նորահայտ երգչուհի Մարի Այդինյանի «Աու» երգը, որը Youtube-ում հայտնվել էր ամռանը: Ոմանք չէին հավանել երգը, քանի որ այդպես էլ չէին հասկացել, թե ինչի մասին է աղջիկը երգում, ոմանք էլ հետաքրքիր ու տարբերվող երգ էին համարում: Կարծիքները տարբեր էին ոչ միայն երգչուհու և երգի մասին, այլ նաև երգի հեղինակ Վահրամ Պետրոսյանի:
Նորահայտ երգչուհի է նաև Աննա Դովլաթյանը: Նա ունի արդեն երկու տեսահոլովակ՝ «Tell me» և «If I ever loss you» երգերի հիման վրա: Աննան մասնակցել է նաև «Հայսուպերսթար 4-ին», սակայն նախագծի շրջանակներում իր տեղը զիջել է Սուրեն Առուստամյանին, համարելով, որ նա իրենից ավելի ուժեղ է: Երգչուհին այժմ երաժշտական կրթություն է ստանում Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ վոկալի բաժնում, ավարտելուց հետո մտադիր է ընդունվել նաև Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա:
Հայտնի անհայտները շատ են, իսկ նրանց բոլորի մասին միանգամից պատմելը՝ անհնար, չէ՞ որ գուցե այն ընթացքում երբ ես այս ամենի մասին գրում եմ, հայկական շոուբիզնեսում աճում է մի նոր սունկ 🙂
Տիգրանուհի Թասլակյան


















































