
Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցում ասել էր, որ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, թե Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն վտանգ է սպառնում: Մինչդեռ Դավիթ Սանասարյանը հերքեց դա՝ ասելով, որ ինքը միայն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե իր կամ իր ընկերներից մեկի մազը ծռվի, դրանում իշխանությունն է մեղավոր, քանի որ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է ազատության մեջ. «Ես մենակ իմ համար չեմ խոսում, խոսում եմ շարժման անդամների համար, որովհետեւ սա մենակ իմ կռիվը չի, սա քաղաքացիների պայքար է՝ այդ մթնոլորտը վերացնելու համար»:
Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի այն դիտարկմանը, որ ընտանիքին անհանգստություն են պատճառել, նույնիսկ կինն է լացել՝ Դավիթ Սանասարյանի դիտարկմամբ՝ «Իր ստեղծած մթնոլորտի արդյունքում Վահե Ավետյանի կինն այրի է դարձել, երեխաները որբ են մնացել, Վահեի ծնողները որդեկորույս են դարձել, եւ հիմա իր կնոջ լացելը մի քիչ… գիտեք, կարելի է դերասանություն անել եւ ներկայացնել, թե ինքը, իրենք ահավոր ծանր վիճակում են: Պետք է ավելի ծանր լինեն: Ես ասում եմ՝ ընտանիքի անդամները որեւիցե մեղք չունեն, բայց այն ժամանակ, երբ կոնկրետ Ռուբեն Հայրապետյանը քաղաքացիական հասարակության առաջ պատասխան կտա, իր տան անդամներն այն ժամանակ ավելի շատ կնեղվեն»:
Ռուբեն Հայրապետյանը հարց էր տվել՝ Դավիթը որտեղի՞ց գիտի, որ ինքը մարդասպան է, որտեղի՞ց է վերցրել դա, եթե ինքը ներկա չի եղել այդ միջադեպին: Դավիթը պատասխանեց. «Դա մենակ Դավիթը չի ասում, ներկայացնում է քաղաքացիների հավաքական պատասխանը: Այդ պարագայում, երբ ինքը տեղ եւ ժամ կասի, ես կգնամ եւ իրեն կասեմ, թե որտեղից գիտեմ, որ ինքը մարդասպան է: Ես սպասում եմ իրեն: Արդեն հրապարակային ասել եմ, մենք չգիտենք, թե ինքը որտեղ է ընդհանրապես լինում, թող տեղ եւ ժամ ասի, ես անձամբ պատրաստ եմ գնալ եւ իրեն ասել, թե ինչի համար է ինքը մարդասպան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































