Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Ռուբեն Հայրապետյանը թող տեղ եւ ժամ ասի՝ ես անձամբ կգնամ ու կասեմ, թե ինչի համար է ինքը մարդասպան»

Սեպտեմբեր 10,2012 20:28

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Նուվել դ’Արմենի Մագազին»-ին տված հարցազրույցում «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» շարժման նախաձեռնողներից մեկին՝ Դավիթ Սանասարյանին «ճիճու» էր ասել՝ «Այ ճիճու, Ռուբեն Հայրապետյանն իր ձեռքերը կկեղտոտի՞ քեզ վրա», ինչպես նաեւ շարժման անդամներին սպառնացել, որ վերջիններիս ընտանիքները շուտով շաքարախտ են ստանալու: Այս առնչությամբ Aravot.am-ը Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե չի՞ պատրաստվում դիմել դատարան: Դավիթի խոսքերով՝ «Դեռ չեմ որոշել՝ կդիմեմ, թե ոչ: Բայց, ինչպես տեսնում եք, ոստիկանությունը լռում է, որեւիցե արձագանք չի տալիս, կոնկրետ Ռուբեն Հայրապետյանը սպառնում է քաղաքացիներին, փաստաբանները, կարծում եմ, կասեն իրենց խոսքն այդ առումով»:

Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցում ասել էր, որ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, թե  Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն վտանգ է սպառնում: Մինչդեռ Դավիթ Սանասարյանը հերքեց դա՝ ասելով, որ ինքը միայն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե իր կամ իր ընկերներից մեկի մազը ծռվի, դրանում իշխանությունն է մեղավոր, քանի որ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է ազատության մեջ. «Ես մենակ իմ համար չեմ  խոսում, խոսում եմ շարժման անդամների համար, որովհետեւ սա մենակ իմ կռիվը չի, սա քաղաքացիների պայքար է՝ այդ մթնոլորտը վերացնելու համար»:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի այն դիտարկմանը, որ ընտանիքին անհանգստություն են պատճառել, նույնիսկ կինն է լացել՝ Դավիթ Սանասարյանի դիտարկմամբ՝ «Իր ստեղծած մթնոլորտի արդյունքում Վահե Ավետյանի կինն այրի է դարձել, երեխաները որբ են մնացել, Վահեի ծնողները որդեկորույս են դարձել, եւ հիմա իր կնոջ լացելը մի քիչ… գիտեք, կարելի է դերասանություն անել եւ ներկայացնել, թե ինքը, իրենք ահավոր ծանր վիճակում են: Պետք է ավելի ծանր լինեն: Ես ասում եմ՝ ընտանիքի անդամները որեւիցե մեղք չունեն, բայց այն ժամանակ, երբ կոնկրետ Ռուբեն Հայրապետյանը քաղաքացիական հասարակության առաջ պատասխան կտա, իր  տան անդամներն այն ժամանակ ավելի շատ կնեղվեն»:

Ռուբեն Հայրապետյանը հարց էր տվել՝ Դավիթը որտեղի՞ց գիտի, որ ինքը մարդասպան է, որտեղի՞ց է վերցրել դա, եթե ինքը ներկա չի եղել այդ միջադեպին: Դավիթը պատասխանեց. «Դա մենակ Դավիթը չի ասում, ներկայացնում է քաղաքացիների հավաքական պատասխանը: Այդ պարագայում, երբ ինքը տեղ եւ ժամ կասի, ես կգնամ եւ իրեն կասեմ, թե որտեղից գիտեմ, որ ինքը մարդասպան է: Ես սպասում եմ իրեն: Արդեն հրապարակային ասել եմ, մենք չգիտենք, թե  ինքը որտեղ է ընդհանրապես լինում, թող տեղ եւ ժամ ասի, ես անձամբ պատրաստ եմ գնալ եւ իրեն ասել, թե ինչի համար է ինքը մարդասպան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել