
Պարոն Ալյանը նախ ներկայացրեց իր կազմակերպությունը, որը ստեղծվել է անմիջապես Հրանտ Դինքի սպանությունից հետո. «Դինքի սպանությունը մեզ մեծ հարված հասցրեց, ու մենք որոշեցինք քաղաքացիական շարժում սկսել` ազգայնականության դեմ: Դինքի մահը մեծ սթրես էր, որը մեզ դրդեց պայքարի: Մենք սկսեցինք պայքարել չարաբաստիկ 301 հոդվածի դեմ, հետո սկեցինք պայքարել ատելության եւ թշնամանքի քարոզի դեմ: Արդյունքում, որոշեցինք մի հետազոտություն անել` տաս տարվա կտրվածքով մեր մամուլում ատելության խոսքերը, ատելության քարոզը փնտրելով: Մենք համարում ենք, որ մամուլի միջոցները, ատելության եւ չարության խոսքերը տարածելով` աջակցել են այդ հողի վրա ոճրագործություններին»:
Չինգիզ Ալյանը շեշտեց, որ խոսքը ոչ միայն կոնկրետ ազգի ներկայացուցիչների հանդեպ, այլ ընդհանրապես` որեւէ նախապաշարմունքով պայմանավորված ատելության մասին է: Իսկ դա կարող է տարաբնույթ արտացոլում ունենալ` ընդդեմ հայերի, ընդդեմ հաշմանդամների, ընդդեմ գլխաշոր կրող կանանց, ընդդեմ քրդերի, ընդդեմ ….
Պարոն Այլանը այս նախաբանից հետո անցավ Հրանտ Դինքի սպանությանը նախորդող շրջանում տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած հակահրանտական հոդվածներին: Միայն դրանց վերնագրերը բավական էին կարծիք կազմելու համար`«Էս հային նայեք` ինչ է խոսում», «Հրանտը փախնում է», «Կամ սիրիր կամ հեռացիր», «Սրանց պատիժը տվեք, հերիք է», Դինքի լուսանկարի վրա մակագրություն կար` «Օրանգուտան կապիկը», մեկ ուրիշ թերթում այլ մակագրություն էր` «Միսիոների վաստակ»: Սպանությունից հետո էլ նման վերնագիր է եղել` «Դինքի օպերացիան լայն արձագանք ունեցավ»: Ըստ Այլանի` «Ստացվում է, որ հենց իրենք են խոստովանում «օպերացիա» բառը, այսինքն` այնպես չէ, որ մի պատանի Տրապիզոնից եկավ ու սպանեց Հրանտին, դա հենց օպերացիա էր»:
Կարդացեք նաև
Ցեղասպանության դեմ կազմակերպված մի համաժողովի մասին հոդվածին դրված է վերնագիր` «Լարեք սրանց այստեղից», Մալաթիայում քրիստոնեական միսիոներների մասին հոդվածի վերնագիրն է` «Մալաթիան փրկենք քրիստոնեությունից»: Ի դեպ, Մալաթիայում այդ հոդվածից հետո երկու քրիստոնեական միսիոներների սպանեցին` մտել էին նրանց սենյակը, տանջել, թլպատել եւ սպանել:
Պարոն Ալյանը չմոռացավ նկատել, որ հիմնականում փոքր տիրաժ ունեցող թերթերում են եղել նման ակնհայտ թշնամական վերնագրերով հոդվածները, սակայն որ դրանք հստակ արձագանք են ունեցել` փաստ է. «Այս ամենն ապացուցում է, որ ատելության ոճրագործությունները խրախուսվում եւ բորբոքվում են մամուլում առկա ատելություն տարածող հոդվածներով»:
Անդրադառնալով քրդերի դեմ եղած հոդվածներին` պարոն Այլանը ցույց տվեց հոդվածների մի շարք, որոնցում հետեւյալ վերնագրերն էին`«Քուրդ ազգաբնակչության աճը թող կանգ առնի», «Քրդերի թիվը նվազեցրեք»… Նա պատմեց, որ կա մի ձախ ազգայնական ուղղվածության ամսագիր, որում հաճախ հրապարակվում են սպանված կամ նվաստացված քրդերի լուսանկարները, իսկ «հայ» բառը որպես վիրավորանք է օգտագործվում: Նաեւ նկատեց, որ ատելության քարոզիչները կա’մ պետական գործիչներն են կա’մ լրագրողները:«Նրանք անում են այդ քարոզը եւ հասարակությունը դրանից դրդված ատելության ոճրագործություն է կատարում: Ջեմիլ Չիչեքը` կառավարության խոսնակը, Իգդիրի ընտրություններից հետո հայտարարեց` «Սրանք (խոսքը քրդերի մասին է-Մ.Բ.) Իգդիրն էլ վերցրին, հասան հայկական սահման»: Այս խոսքերից այն տպավորությունն է, որ «սրանքը» թշնամական բանակն է, եւ մի նախադասությամբ նա ատելության սլաքներ ուղղեց եւ քրդերի եւ հայերի դեմ»,-ասում է հասարակական գործիչը:

Այդուհանդերձ, ըստ Այլանի եւ կոնֆերանսի մյուս մասնակիցների` Դինքի մահից հետո ատելության պատգամը զգալիորեն պակասել է թուրքական մամուլում: Եվ նման ակնհայտ ատելություն պարունակող վերնագրեր կարելի է հանդիպել հազվադեպ, այն էլ միայն` մարգինալ, փոքրատիրաժ թերթերում: Իսկ լուրջ մամուլում նման ասելիքը կամ տողատակերում է, կամ` սոցիալական ցանցերում տարածվող մեկնաբանությունների մեջ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դիարբեքիր-Երեւան

















































