
Տիկին Սոնիկի խոսքով, իրենց համար լավագույն լուծումն այն է, որ մի փոքր տարածք տրամադրեն` առանձին զուգարան կառուցելու համար: Խնդրով մտահոգված կինը դիմել է նախ թաղապետարան, որտեղ նրան ասել են, որ այդ հարցով զբաղվում է Երեւանի քաղաքապետարանը, եւ առաջարկել են դիմել նրանց: Տիկին Սոնիկի դիմումին քաղաքապետարանը պատասխանել է, որ Կոնդի փողոցներն ընդգրկված են գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում: Եվ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վարչությունը պատրաստ է անդրադառնալ հարցի քննարկմանը, շինարարության համար փոխհատուցում չպահանջելու պայմանով, քանի որ դիտարկվող գույքն արդեն իսկ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ ենթակա չէ փոփոխման: Միաժամանակ հայտնել են, որ բակում զուգարանի կառուցման համար անհրաժեշտ է ստանալ շինարարության թույտվություն: Իրավիճակից ելնելով առաջարկել են նաեւ զուգարան կազմակերպել բնակալի տան տարածքում, որի համար չի պահանջվում շինարարական թույտվություն: ՙԻնչպես զուգարան սարքեմ, երբ երկրորդ հարկում եմ ապրում, բայց որ առաջին հարկում ապրեի, ինչի նո՞ր էի կառուցել, ուղղակի հարմարություններ չկան,- ասում է կոնդեցի կինը` հավելելով, որ դիմել է նաեւ Երեւանի շինվարչություն` հատակագծի թույլտվություն ստանալու համար, որտեղ նրան չեն էլ լսել։ «Աշխատակիցներից մեկը, անունը չեմ էլ հիշում, չցանկացավ իմանալ, թե ինչ խնդրով եմ եկել, միանգամից փորձեց դուրս հրավիրել, բայց երբ ասեցի, որ ինձ իր մոտ են ուղարկել, վերցրեց թուղթը, նայեց ու շատ կոպիտ ասաց, թե ի՞նչ ես բողոքում, հարեւանդ եկել է քո խոհանոցն է պահանջում, դու էլ եկել զուգարան ես խնդրում»- պատմում է տիկին Սոնիկն ու շարունակում, որ իր համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե իր խնդիրն ի՞նչ կապ ուներ հարեւանի դիմումի հետ: Կոնդի բնակչուհին խոստովանում է, որ պատասխանից շատ է նեղսրտել, բայց հավաստիացնում է, որ չի հանձնվելու: «Ո ՜չ տուն եմ ուզում, ո ՜չ էլ ավտոմեքենա, փառք Աստծո, երեխեքս աշխատում են, քչից-շատից ապրում ենք: Ուզածս մի մետր տարածք ա, որ մի փոքր զուգարան սարքենք»- ասում է նա` հավելելով, որ դեռ չգիտի ինչ է անելու, բայց համոզված է` հարցին պետք է լուծում տրվի:
Պերճուհի Գևորգյան


















































