
Այսօր` հոկտեմբերի 9-ը, ամբողջ աշխարհում նշվում է որպես փոստի համաշխարհային օր: Այն միջազգային օրերից է, որը նշվում է ՄԱԿ-ի համակարգում՝ սկսած 1974թ.-ից: Տոնի կապակցությամբ Աստղիկն անակնկալ է մատուցել Արտակին՝ ուղարկելով ոչ թե հերթական նամակը, այլ մի մեծ ցուցանակ, որտեղ փակցված է նրանց լուսանկարներից մի քանիսը, գրված իրենց կողմից արվող մի քանի արտահայտություններ, որոնք Աստղիկի հավաստմամբ, իրենցից բացի ոչ ոք չի հասկանա եւ մի քանի գունազարդում: «Այս ցուցանակը խնդրել եմ Արտակի ընկերոջը, որ հասցնի իրեն, բայց դեռ տեղեկություն չունեմ` հասե՞լ է, թե՝ ոչ»,-ասում է Աստղիկը: Աղջիկը խոստովանում է, որ Արտակը բազմիցս է խախտել նախնական պայմանավորվածությունն ու զանգահարել իրեն, իսկ իրեն այլ բան չի մնացել անել, քան պատասխանել: «Ես իրեն շատ էի կարոտում եւ, երբ զանգում էր, ցանկությունս էլ ավելի էր մեծանում նրա ձայնը լսելու, եւ այստեղ մեղավորության բաժին երկուսս էլ ունեինք»: Արտակի վերադարձին չորս ամիս է մնացել: Աստղիկն ասում է, թե այդ ընթացքը շատ արագ է անցել եւ ժամանակն իրեն զգացնել չի տվել.«Հիմա, երբ ընդամենը չորս ամիս է մնացել, ամեն անցնող օրը մի դար է թվում: Անհամբերությամբ սպասում եմ իր վերադարձին»: Նրանց նամակները մինչեւ այսօր կան եւ մտադիր են դեռ շատ երկար պահել. «Հետաքրքիր կլինի, երբ տարիներ անց նամակներն ընթերցեն մեր երեխաները: Ամեն նամակ մի ժամանակագրություն է պարունակում իր մեջ: Նամակի բույրն ուրիշ է»,-ասում է նա:
Քրիստինա Միրզոյան


















































