Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակություն չունեցողն ինչպե՞ս է ղեկավարելու

Հոկտեմբեր 10,2012 14:49

Բաց նամակ ՀՀ նախագահին

Կասկած չի հարուցում, որ 21-րդ դարում ցանկացած երկրի բնականոն զարգացումը ապահովվում է կրթության եւ գիտության զարգացմամբ, որն առավել կարեւոր է Հայաստանի համար: Ակնհայտ է նաեւ, որ գիտության զարգացումը հնարավոր է ապահովել միայն բաց մրցակցային դաշտում եւ վարչական մեթոդները չեն կարող բերել ցանկալի արդյունքի:

Այս իմաստով ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տնօրենի ընտրության հարցը ցույց տվեց գիտության ասպարեզում Հայաստանի Հանրապետության օրենքների անկատարությունը, որտեղ դեմոկրատական սկզբունքները խառնված են վարչական դիկտատի հետ:

Նշված ինստիտուտում գիտական կոլեկտիվի ընդhանուր ժողովում տնօրենի թափուր տեղի համար դիմած մի հավակնորդը՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Վարդան Գասպարյանը, ստացավ ձայների 75%-ը, իսկ մյուսը՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը՝ 15%-ը:

Պարզվեց, որ գիտական կոլեկտիվի քվեարկությունը անիմաստ էր, քանի որ վերջնական որոշման իրավունքը պատկանում է ՀՀ Ակադեմիայի նախագահությանը, որի անդամները տարբեր գիտական ուղղվածության ակադեմիկոսներ են: Միջանկյալ փուլում տեղի ունեցան հավակնորդների ելույթները եւ քննարկումը ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքում: Բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը նախ հայտնեց իր բացասական կարծիքը կոլեկտիվի կողմից ընտրված հավակնորդի վերաբերյալ, հիմնավորելով, որ նա գիտությունների թեկնածու է, թեեւ օրենքով չի արգելվում գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի գիտությունների թեկնածու լինելը: Նման օրինակներ կան ՀՀ ԳԱԱ համակարգում: Ըստ Վ. Հակոբյանի՝ գիտությունների դոկտոր լինելուց բացի, Ս. Չաիլյանի թեկնածությունը կարեւորվում է նաեւ նրանով, որ նրան ներկայացրել եւ պաշտպանում է ակադեմիկոս Ա. Ա. Գալոյանը:

Նույնիսկ այս բացասական մթնոլորտի պայմաններում, բաժանմունքի անդամների ԲԱՑ քվեարկության արդյունքում Վ. Գասպարյանը ստացավ ավելի շատ ձայն՝ 5, Ս. Չաիլյանի 3-ի դիմաց:

Դրանից հետո կայացած ՀՀ ԳԱԱ նախագահության նիստն անցավ նույն ընթացակարգով՝ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի բացահայտ ճնշման պայմաններում կոլեկտիվում ընդամենը 11 ձայն հավաքած Ս. Չաիլյանի օգտին նախագահության անդամները տվեցին 12 ձայն, եւ նա ընտրվեց ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն:

Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանը ներկայացրեց նորընտիր տնօրենին ինստիտուտի գիտական կոլեկտիվին, ընդգծելով, որ այստեղ տեղի ունեցած ընտրության արդյունքը շտկվեց վերին ատյաններում, քանի որ «ժողովրդավարությունը կարող է բերել միայն քաոսի»: Ընդգծեց, որ լրատվական միջոցները, որտեղ մենք լուսաբանել էինք մեզ հուզող հարցի լուծման ընթացքը, ոչ մի ազդեցություն չէին կարող ունենալ որոշման վրա, քանի որ օրենքով բոլոր իրավունքները իրենց ձեռքում են:

Ամենավրդովեցնող հանգամանքը այն է, որ ամեն փուլում եւ բնական գիտությունների բաժանմունքի ղեկավարը, եւ ակադեմիայի նախագահը իրենց թույլ էին տալիս վիրավորական, արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ կոլեկտիվի հասցեին: Ոչ ոք չհիշեց, որ իրենք հենց գիտական կոլեկտիվների աշխատանքի, ստացած դրամաշնորհների եւ գիտական հոդվածների վրա են հիմնում հաշվետվությունները, ելույթները, Հայաստանի գիտական ներուժի շահավետ համեմատությունը այլ երկրների հետ: Վերջապես, չէ՞ որ գիտական կոլեկտիվների եւ ինստիտուտների առկայությունն է ապահովում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գոյությունը: Մի կողմ թողնենք հարցի մի այլ, բարոյական կողմը՝ ինչո՞ւ պետք է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները կատարեն իրենց մասնագիտությունից հեռու գտնվող ինստիտուտի տնօրենի ընտրությունը:

Եվ, վերջապես, բաց է մնում մի հարց՝ ինչպե՞ս է գիտական կոլեկտիվի կողմից ընդամենը 11 ձայն ստացած, այդ կոլեկտիվում հեղինակություն չունեցող Ս. Չաիլյանը ղեկավարելու այն:

Վերին ատյանների այսպիսի դիկտատի կիրառման արատավոր գործընթացը չի կարող նպաստել գիտության զարգացմանը, այն միայն պատճառ կդառնա գիտական եւ մտավոր ներուժի հետագա անկմանը եւ արտահոսքին:

Մեծարգո պրն նախագահ, դիմում ենք Ձեզ, քանի որ համոզված ենք, որ այս հարցի լուծման համար անհրաժեշտ է Ձեր միջամտությունը: Մենք ակնկալում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի վերանայվի նման արատավոր գործընթացը արդարացնող ՀՀ ԳԱԱ կանոնադրությունը՝ առաջնությունը տալով իրական ժողովրդավարության սկզբունքներին:

ՍՈՆԱ ՄԱՐԴԱՆՅԱՆ

կենս. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հ.

Բունիաթյանի անվան կենսաքիմիայի

ինստիտուտում լաբորատորիայի վարիչ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031