
Անցյալ տարվա աշնանը Իջեւանի քաղաքապետ ընտրված Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր հատվածներում 3000 հատ վարդի թուփ եւ եղեւնի է տնկվել: Տնկված վարդի թփերի մի մասը դարձել է թափառող կովերի կեր:
Իջեւանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 1961թ. Իջեւանը քաղաքի կարգավիճակ է ստացել, սակայն դրանից կես դար անց 20 հազարանոց քաղաքի որոշ բնակիչներ իրենց քաղաքաբնակի պես չեն պահում. կովերը կթելով՝ քշում են ուր պատահի, քաղաքում կարելի է տեսնել թափառող ձիերի, շների խմբեր:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ իրենց կողմից թափառող կենդանիների տերերի համար տուգանքներ են սահմանվել՝ 20-30 հազար դրամի չափով: Քաղաքապետի վկայությամբ՝ շատ դեպքերում թափառող կովերի տերերը կարիքավոր մարդիկ են, ովքեր քաղաքապետարանում խնդրում են իրենց չտուգանել:





















































