Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր. «Սիվիլիթասի թեմայով իմ ու ԱԱԾ-ի աշխատակիցների միջև ոչ մի կոնկրետ ու լուրջ հարց չի քննարկվել»

Հոկտեմբեր 18,2012 20:04

Երեկ Վարդան Օսկանյանի գործով Ազգային անվտանգության ծառայություն էին հրավիրել ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանին, ով նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Այսօր Aravot.am-ը պարոն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե 4 ժամ տեւած հարցաքննության ընթացքում ի՞նչ հարցեր  են  իրեն տվել  ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն տարածեց  այն մասին, որ իրենք տեղյակ են Հանթսմանի` Վարդան Օսկանյանի հաշվին փոխանցված գումարից: «ԱԱԾ-ում հենց այդ մասին էին հարցնում , և ասեմ, որ այնտեղ ոչ մի կոնկրետ, լուրջ հարց  չքննարկվեց, պարզապես , ըստ իս, եղան մի քանի անլուրջ հարցեր, որոնք և արժանացան նույն  բովանդակությամբ  պատասխանների: Այսինքն, երբ փորձում են ինչ-որ  գործ սարքել, ես չեմ սխալվում «սարքել»  բառը օգտագործելով,  այս  կամ այն ուղղությամբ նույն հարցերն էին տալիս, որպեսզի ինչ-որ բաներ գտնեին, բայց քանի որ քննելու բան չկա, դրա համար, իմ կարծիքով,  շատ անբովանդակ խոսակցություն  ստացվեց: Մեր իրավապահ մարմինները փորձում են առաջ տանել այն գիծը, իբրև թե Վարդան Օսկանյանն  ինչ ուզել, արել է ` առանց խորհրդի կազմի  հետ հաշվի նստելու , դրա համար էլ մենք տարածել էինք այդ հայտարարությունը, որպեսզի գլխավոր դատախազը տեղեկանա, որ «Սիվիլիթաս» հիմնադրամում որոշումներ միայն կայացնում է խորհուրդը, և որպեսզի գլխավոր դատախազը չփորձի պաշտպանել «Սիվիլիթաս»  հիմնադրամը Վարդան Օսկանյանից»,- ասաց  մեր զրուցակիցը:

4 ժամվա ընթացքում գոնե մեկ հարց չհնչե՞ց, որը  ձեզ լուրջ թվար , մեր այս դիտարկմանը, պարոն Խաչատրյանն ասաց. «Պատկերացրեք` ոչ, ես պատրաստ էի ևս 4 ժամ մնալու, բայց վերջում արդեն իրենք էլ հասկացան, որ չարժե: Սա էլ է մի իմիտացիոն  բնույթ` այս հարցաքննությունները, այս տանել-բերելը, ոչ մի լուրջ հիմք չկա սրա տակ:Պարզապես փորձում են  հոգեբանական ճնշում գործադրել  աշխատակազմի , խորհրդի անդամների վրա , ես մոտավորապես ասացի, որ ես  ճնշվողներից չեմ, չեմ հանդուրժում  ճնշում իմ վրա որևիցե մեկի կողմից»: Մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հիվանդ  Հանթսմանը հարկադրված  որոշի գալ Հայաստան ու անձամբ հայտարարություն անի , Վահան Խաչատրյանն ասաց. « Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը լինի, և  իշխանությունները և գործ սարքողները`  բոլոր- բոլորը համոզված են, ոչ միայն համոզված են, այլ փաստաթղթերից  էլ երևում է, որ այնտեղ լրջություն չկա: Իշխանությունները այս գործով փորձում են այնպես անել, որպեսզի ճնշում գործադրեն Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեության վրա»:

Վահան  Խաչատրյանի կարծիքով`  նախկին արտգործնախարարին  ճնշում են, որպեսզի նա չառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, բացի այդ, ըստ մեր զրուցակցի,   իշխանություններին դուր չի գալիս պարոն   Օսկանյանի լուրջ ու ծանրակշիռ  քննադատությունը իրենց հասցեին, հետևաբար և «Սիվիլիթասի» հնարովի պատմությունը այս ամենը կասեցնելուն է ուղված: «Մեր իշխանությունները չեն կարող լուրջ մոտենալ իրենց պարտականություններին, ցավն այն է , որ նրանք չունեն  պետական մտածելակերպ. 20 տարի լինելով շատ լուրջ պաշտոնների`մեր  երկրի առաջին դեմքը այդպես էլ ձեռք չի բերել պետական մտածելակերպ, այլապես հրահանգ չէր տա նման  գործ սարքելու: Լրջագույն պաշտոններ է զբաղեցրել Սերժ Սարգսյանը, բայց ինչ-որ մի փուլում իր անձնական շահերի համար կարող է խաղալ  երկրի վարկանիշի հետ, վերջը սա աղմկահարույց է. 10 տարվա արտգործնախարարի, մեր երկիրը աշխարհին ներկայացնող պաշտոնյայի հետ այսպես վարվելը  պատվաբեր չէ»,- ասում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031