Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ հավատում, որ գործող իշխանությունը իրականում հաղթել է այս ընտրություններում. Օսկանյան

Հունիս 26,2026 14:12 Share

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը իրականում հաղթել է այս ընտրություններում։ Իմ համոզմամբ՝ ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել։

Հաճախ լսում եմ, որ ասում են՝ ո՛չ իշխանությունն է հաղթել, ո՛չ ընդդիմությունը։ Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Ընտրություններում քվեների ընդհանուր թիվը կազմում է 100%։ Եթե գործող իշխանությունը չի ստացել օրինական մեծամասնություն, ապա այդ ձայները պատկանում են ընդդիմությանը՝ որպես ամբողջություն։ Իմ կարծիքով՝ նրանց հաղթանակը պարզապես խլվել է։ Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման։ Մի կողմից նպաստել են ընդդիմության ձայների նվազեցմանը, մյուս կողմից՝ իշխանության ձայների ավելացմանը։

Մինչ ընտրությունների օրը հրապարակված գրեթե բոլոր՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային հարցումները ցույց էին տալիս, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը կազմում է շուրջ 35–40%։ Իմ համոզմամբ՝ հենց այդ ցուցանիշն է առավել մոտ իրականությանը։ Մնացած արդյունքները, իմ կարծիքով, չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ Իշխանությունը շարունակում է ապավինել ուժային կառույցներին՝ հույս ունենալով պահպանել իշխանությունը՝ առաջացնելով լրջագույն լեգիտիմության խնդիր։

Սակայն խնդիրը միայն ներքին լեգիտիմության մեջ չէ։ Կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր հետևանք։ Միջազգային հանրությունը, հայ ժողովրդի բարեկամներն ու օտարները կարող են եզրակացնել, որ Հայաստանի ժողովուրդն իր ազատ կամքով կրկին ընտրել է այս իշխանությանը՝ չնայած վերջին տարիներին երկրի կրած ծանր կորուստներին ու ազգային արժանապատվության նվաստացմանը։ Նման ընկալումը կարող է լրջորեն վնասել Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությանը և աղավաղել ժողովրդի իրական տրամադրությունների մասին պատկերացումը։ Շատ առումներով սա նույնքան վտանգավոր է, որքան ոչ լեգիտիմ իշխանության գոյությունը։

Հուսով եմ, որ այս իրավիճակը մոտ ապագայում կշտկվի օրինական և ժողովրդավարական ճանապարհով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել