
Ստացվում է `աշխատանք են փնտրում ուսումը կիսատ չթողնելու համար, բայց դասի չեն գնում աշխատանքը չկորցնելու պատճառով: Եվ միայն քչերին է հաջողվում գտնել աշխատանք իրենց մասնագիտական ուղղվածությամբ: Այս դեպքում էլ գերադասում են բաց չթողնել հնարավորությունը, քանի որ վստահ չեն , որ դիպլոմ ստանալուց հետո կաշխատեն իրենց մասնագիտությամբ: «Եթե հիմա հնարավորություն է ընձեռնվում, ինչո՞ւ չօգտվել, ո՞վ կարող է երաշխավորել, որ հետո ես կունենամ այդ շանսը»,-ասում է 20-ամյա Արմենուհին:
Աշխատանք գտնել, սակայն, ոչ բոլորին է հաջողվում: Չնայած անցյալ տարիներին իրականացված արդյունավետ ծրագրերին ` Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը սեպտեմբերի 1-ի դրությամբ 63.8 հազար է: Այս մասին հայտարարել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը : Մեզ մոտ պաշտոնապես օրվա աշխատանքային ժամի տևողությունը միջինը համարվում է 8-ը: Սակայն կան ուսանողներ, ովքեր սովորում են երկրորդ հերթով: Այստեղ էլ ժամային անհամապատասխանության խնդիրն է:
Եթե արտասահմանյան մի շարք համալսարաններում ուսումը անվճար է կամ ուսանողները հեշտությամբ են գործի տեղավորվում, ապա մեզ մոտ, ինչպես պնդում են շատ երիտասարդներ, որոշ գործատուներ ամենից առաջ հաշվի են առնում դիմողի սովորելու հանգամանքը: «Ամռանը փորձեցի աշխատանք գտնել, սակայն հենց իմանում էին, որ սովորում եմ՝ թեկուզև հեռակա համակարգում, հրաժարվում էին՝ պատճառաբանելով, թե էլ աշխատող չունեն, որ փոխարինի ինձ»,-ասում է 21-ամյա Դիանան:
Կան նաև անվճար սովորող ուսանողներ, որոնք նույնպես ձգտում են աշխատել և ինչ-որ չափ օգնել իրենց ծնողներին: Մի մասին հաջողվում է, մյուսներին `ոչ: Մեծամասամբ դա պայմանավորված է աշխատանքային պայմաններով: «Չեմ ուզում ծնողներիս փողով ապրեմ, ուզում եմ ինքնուրույն լինել, բացի այդ՝ իմ մասնագիտության պարագայում պիտի պրակտիկա ունենաս, իսկ ամենակարևորը՝ շատ եմ սիրում լրագրողի գործը»,-ասում է 19-ամյա Գայանեն:
Նազենի Բաղդասարյան


















































